Հասարակություն

Լավատեսության հիմք փնտրելով

Լավատեսության հիմք փնտրելով

Լրագրողների ժամանակը չէ: Լրագրողները տեղեկություններ են կուտակում, բայց հայտնել չեն կարող: Մի օր բոլորիս դատելու են «իմանալ, չհայտնելու համար»: Բայց դատում են պարտվածներին, իսկ մեր մտքերը հիմա միայն հաղթանակի մասին են, ու ամբողջ օրը լավատեսության հիմք ենք փնտրում՝ Ֆեյսբուքում, լրահոսում, Նիկոլի, Արծրունի շուրթերում, ու մնում ենք փնտրող: 

Անստորագիր առաջարկ՝ հանրության տրամադրությունը շոշափելու համար

Կան տեքստեր, որոնք Նիկոլը չի ստորագրում: Օրինակ, իշխանական ընտանիքին պատկանող «ՀԺ»-ն նախորդ օրվա խմբագրականում հարց էր ձեւակերպել. «Ինչո՞ւ Հայաստանը պետք է պատերազմի Թուրքիայի դեմ, բայց բանակցությունների նստի Ադրբեջանի հետ»: Առաջարկը, որում Նիկոլի ձեռագիրն է, բայց չկա նրա ստորագրությունը, բանակցային ֆորմատի փոփոխություն է ենթադրում, որը պախարակման ալիք բարձրացրեց Ֆեյսբուքում: Այն հանրության տրամադրությունը շոշափելու համար է, ինչպես ժամանակին Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածը: Իհարկե, Լեւոնին չես համեմատի Նիկոլի հետ: Նրա ամեն բառն էր կշռադատված, իսկ մեր վարչապետն ասում է մտածելուց առաջ: Բանաստեղծություն է դնում-ջնջում, խոսում է ադրբեջանական 4 ԱԹՍ-ների մասին, որոնցից երեքը, ահա, խփված են, ու հանրությունը խուճապահար չորրորդն է փնտրում եւ հանգստանում է, երբ վարչապետը վերջապես հայտնում է, որ չորրորդն էլ է արդեն խփված: 

«Թուրքերի երազանքն է, դրա համար են այս պատերազմը սկսել»,- բանակցային ֆորմատը փոխելու մասին «ՀԺ» խմբագրականն է մեկնաբանում «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«STOP, ի՞նչ ես անում, տողատակդ կործանիչ ա: Մի արա, Նիկոլ, մի լսի կողքիններիդ, սթափվիր: Մենք կորցնելու կամ թուրքին տալու ՀԱՅՐԵՆԻՔ չունենք»,- գրել է գրող, «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանը՝ արտահայտելով շատերի տրամադրությունը: 
Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան «Հրապարակի» հետ զրույցում զգուշորեն ակնարկում է, որ ֆորմատի փոփոխության ժամանակը չէ: «Թուրքիայի հետ բանակցությունը նշանակում է Մինսկի ֆորմատի փոփոխություն, որին Հայաստանը դեմ է,- «Հրապարակի» համար մեկնաբանում է Էլիբեգովան։- Ես վստահաբար կարծում եմ, որ դա այս փուլում անհնար է: Կարեւորն այն է, որ Թուրքիան ֆիքսի, որ այս հակամարտության մեջ Թուրքիան արդեն դարձել է կողմ Ադրբեջանի հետ հավասար, եւ որ Թուրքան ու Ադրբեջանը սանձազերծել են պատերազմ Հայաստանի դեմ»: 
Մեր տղաներն այնտեղ զոհվում են, ես ստեղ խոսե՞մ

Ավելի կոպիտ էր գրել քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը. «Ըստ այդ նոր բանաձեւի՝ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, այլ նաեւ Թուրքիայի ժողովրդին։ Ճիշտ էր փիլիսոփա Ռասելը, երբ պնդում էր, որ բոլոր չարիքների հիմքում տգիտությունն է։ Ճիշտ էր նաեւ մեծն Օտյանը, երբ նկարագրում էր հեղափոխական Փանջունուն»։

Փորձեցի մի քանի հարց տալ նրան՝ արտաքին քաղաքական իրավիճակի, Իրանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու, Հայաստանը տարածաշրջանային պատերազմի կենտրոն դարձնելու հնարավորության վերաբերյալ: Մերժեց: «Չեմ ուզում խոսել, մեր տղաներն այնտեղ զոհվում են, ես ստեղ խոսեմ... Իմ Ֆեյսբուքի էջին գրել եմ»: 

Ֆեյսբուքից օգտվելու սովորություն չունեմ, բայց այսօր բացում եմ: Գրել է. «Մեզ պաթոսով ասվում է, որ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Մեզ հպարտորեն ասվում է, որ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ։ Մեզ ասվում է նաեւ, որ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության։ Չի ասվում, թե արդյոք մեր կյանքի նպատակը քաղաքակրթական առաջնագիծ դառնա՞լն էր։ Հատկապես որ առաջնագծում զոհվում են, իսկ քաղաքակիրթ կոչված աշխարհը դա դիտարկում է որպես մանրադրամ իր մեծ խաղերում։ Չի ասվում, թե արդյոք միջազգային ահաբեկչության դեմ կռիվ տալը մտնո՞ւմ էր մեր երկրի ծրագրերի մեջ։ Ոնց որ թե մեզ ուրի՛շ բան էր խոստացվել»: Ապա հարց, որն այսօր մասնավոր զրույցներում տալիս են բոլորը՝ հասարակ վաճառողից մինչեւ գեներալներ. «Ինչո՞ւ ազգը պառակտվեց պատերազմի նախաշեմին եւ ո՞ւմ ձեռքերով, ո՞վ է մեղավոր թշնամու լկտիության համար, ո՞վ փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները եւ շանս տվեց թուրքերին՝ ակտիվորեն մտնել խաղի մեջ»: «Ո՞վ է մեղավորից» առավել մարդկանց այսօր հետաքրքրում է, թե ունե՞նք արդյոք բավական զենք՝ թուրքական զինվորական հզորությանը դիմակայելու համար: Փողոցում, տաքսիներում, խանութներում բոլորը սա են քննարկում ու ռուսի դերը: 

Եթե «Լորա»-ով քաղաքացիական օբյեկտ ես խոցում, դա ցեղասպանություն է

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանն ասում է. «Հայաստանը վերջին տարիներին բավականին մեծ քանակության, իր քաշից ավելի սպառազինություն է ձեռք բերել: Շատ առումներով մեր ԶՈՒ-ն բավականին հագեցված է: Մեզ ստրատեգիական առավելություն է տալիս այն, որ պաշտպանվում ենք, մենք որակյալ սպառազինություն ունենք՝ օպերատիվ մարտավարության հրթիռային համալիրներ՝ 9K720 իսկանդեր, ՍՈւ–30 կործանիչներ, ՏՈՐ-Մ2ԿՄ, որոնք աշխարհում լավագույններից են: Եթե Հայաստանը սա ճիշտ օգտագործի, կարեւորագույն առավելություն է սա մեզ համար: Բացի դա, Տավուշի մարզով անցնում են կարեւորագույն արտերիաներ, գազատար, նավթատար, եւ հայկական կողմը սա օգտագործում է որպես հսկիչ մեխանիզմ: Սա Ադրբեջանի համար կարմիր գիծ է»: 

Փաշինյանին երկու օր առաջ ճեպազրույցի ժամանակ «Իսկանդեր»-ների մասին հարց տվեցին․ օգտագործվո՞ւմ են արդյոք, նա պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաեւ իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»:

Երեկ ՊՆ-ն հաղորդեց, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռեւս որեւէ հրթիռ չի արձակվել։ Ապա ադրբեջանական կողմին հորդորեց ձեռնպահ մնալ նման սադրանքներից եւ ՀՀ ԶՈՒ-ին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ բոլոր հետեւանքներով։
Իրավիճակը չբարդացնելու մասին, կարծես, միայն մենք ենք մտածում: Երեկ կեսօրից հետո հայտնի դարձավ, որ քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաեւ բալիստիկ հրթիռներով։ «Հավանաբար, նաեւ LORA հրթիռներով»,- գրել էր ՊՆ-ն ներկայացնող Արծրուն Հովհաննիսյանը: 
«Եթե հարցը «Լորա»-ին է անցել, ուրեմն, բանը բանից անցել է: Սա իսրայելական գերճշգրիտ զենք է, «ՋիՊիԷս»-ով կառավարվող, անկախ մետեոտվյալներից, գիշեր, թե ցերեկ: Եթե դրանով քաղաքացիական օբյեկտ ես խոցում, դա ցեղասպանություն է: Կարծում եմ, Ադրբեջանը սա հուսահատությունից է օգտագործում, կամ էլ այնքան են թեւեր ստացել, որ չեն վախենում դա կիրառելուց: 400 կգ մենակ մարտագլխիկի քաշն է: 300 մետր շառավղով այն խոցում է ամեն ինչ: Նաեւ գետնի տակ է խոցում թիրախը»: 

Արցախում մարդիկ վախը կորցրել են  

«Մեզ մոտ նորմալ է: Դիմանում ենք»,- 4 օր առաջ ասաց Շուշիի բնակիչներից ծանոթ մի կին՝ Մ․-ն: Նա այսօր արդեն փոքր երեխայի, տատիկի, պապիկի, մայրիկի ու դստեր հետ եկել է Հայաստան, հանգրվանել Աշտարակի գյուղերից մեկում, հեռավոր ազգականի տանը: «Մեծ տուն  է, հյուրընկալ: Մենք այստեղ մեր տան նման ենք: Մնալն արդեն սարսափելի էր: Երեխայի համար շատ էինք անհանգիստ, տուն-տեղ թողած, աշխատանք՝ եկանք: Մարդիկ ավտոբուսներում խցկված, կանգնած էին գալիս, երեխաները՝ ավտոների բագաժնիկների մեջ, մարդիկ կան, որոնք մնացին: Հիմա ճանապարհ էլ չկա, էլ չեն կարող գալ»,- ասում է Մ․-ն: Մարզպետարանից ընտանիքին այցելել են, բոլոր եկածներին ցուցակագրել: Հիմա գյուղով մեկ յուրաքանչյուր շնչից հազար դրամ են հավաքում, հագուստ, սնունդ են խոստացել: Ոչ ոք չգիտի՝ ինչքան է տեւելու այս վիճակը։

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image