Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չէր կարողանում նոր տնօրեն ունենալ: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում էին մրցույթից:
«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջին մրցույթը տեղ է ունեցել ամիսներ առաջ: Այդ ժամանակ Գեղարքունիքի մարզի որոշ համայնքի բնակիչներ բողոքի ակցիա կազմակերպեցին մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, անգամ չթողեցին համայնք մուտք գործել: Առաջին մրցույթի մասնակից՝ Վիգեն Խաչատրյանը հավաստիացնում էր, որ մրցույթը տեղի է ունեցել կոպիտ խախատումներով:
Մարզում կրքերը հանդարտեցնելու համար Մարտունու ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ մրցույթ է նշանակվում, այն տեղի է ունեցել հունվարի 31-ին: Մրցույթի մասնակիցները 5-են եղել, իսկ հաղթողը որոշվել է մարզպետի կողմից: Տնօրեն է նշանակվել դեղագործ Անդրանիկ Հարությունյանը, որն ունի մարզպետի հովանավորությունը:
Մրցույթի մասնակից Աշոտ Անտոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գեղարքունիքի մարզպետարանի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար՝ 2019 թվականի հունվարի 31-ին կայացված մրցույթն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ պահանջ` օրենսդրությամբ սահմանված ժամկետում «Մարտունու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բաց, թափանցիկ, հրապարակային ու արդար նոր մրցույթ անցկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Վարչական դատարանը Աշոտ Անտոնյանի հայցադիմումը վերահասցեագրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
«Այս պահի դրությամբ որեւէ ծանուցում չեմ ստացել, չգիտեմ՝ երբ կլինի դատավարությունը: Վարչական դատարանը գործն ուղարկել է մարտի 19-ին, իսկ առաջին ատյանի դատարանը այն պետք է 7-օրյա ժամկետում գործը վարույթ վերցներ»,- այս մասին մեզ ասաց Աշոտ Անտոնյանը, ապա հավելեց. «Նախ հանձնաժողովից ես շատ դժգոհ եմ, կոպիտ խախտումներով է անցել մրցույթը: Ինձ առողջապահության նախարարության կանոնադրության համաձայն թեստեր տվեցին մրցույթին մասնակցելու համար, հետո հարցազրույցի ժամանակ նոր կանոնադրության հարցեր էին տալիս: Բացի այս, մենք պահանջեցինք, հրապարակայություն ապահովելու համար տեսագրեն մրցույթի ընթացքը, չարեցին դա: Հանձնաժողովի կազմում աշխատանքներին պարտադիր պետք է դիտորդի կարգավիճակով ներկայացուցիչ լինել, դա էլ չկար: Մենք անգամ դա իրենց ասացինք, բայց ոչ մի արձագանք չտվեցին: Ամեն ինչ արեցին, որ թաքուն մրցույթ անցկացվի: Դրա համար էլ դիմել եմ դատարան եւ պահանջում եմ անվավեր ճանաչել մրցույթը եւ նոր, թափանցիկ մրցույթ հայտարարել»:
Փետրվարի 7-ին Մարտունու ԲԿ-ի տնօրեն է նշանակվում Անդրանիկ Հարությունյանը: Անցկացված մրցույթի հետ կապված Հարությունյանն ասաց, որ մրցույթը հաղթել են 2 հոգի, սակայն մարզպետը որոշել է իրեն տնօրեն նշանակել:
Մեզ հասած տեղեկություններով՝ նոր տնօրենին նշանակելուց մի քանի օր հետո այդ բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել: Անդրանիկ Հարությունյանին հարցրինք, թե ինչի՞ հետ է կապված եղել այս միջադեպը. «Նման բան չի եղել, աշխատանքային խոսակցություն եղել է, որը եւ հարթվել է՝ ի շահ հիվանդի: Զեղչային համակարգի հետ է կապված եղել: Վճարումների կարգ ունենք, եթե մարդ չունի համապատասխան փաստաթղթեր, սոցիալապես անապահով խմբի մեջ չի մտնում, պետք է վճարի, իսկ իրենք ասում էին, որ պետք ա զեղչ արվի»,- պատասխանեց տնօրենը: