Քաղաքականություն

Մարզում որոշողը մարզպետն Է

Մարզում որոշողը մարզպետն Է

Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չէր  կարողանում նոր տնօրեն ունենալ: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել էր, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում էին մրցույթից:  

«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  առաջին մրցույթը տեղ է ունեցել ամիսներ առաջ: Այդ ժամանակ  Գեղարքունիքի մարզի որոշ համայնքի բնակիչներ բողոքի ակցիա կազմակերպեցին մարզպետ Գնել Սանոսյանի դեմ, անգամ չթողեցին համայնք մուտք գործել: Առաջին մրցույթի  մասնակից՝ Վիգեն Խաչատրյանը հավաստիացնում էր, որ մրցույթը տեղի է ունեցել կոպիտ խախատումներով: 

Մարզում կրքերը հանդարտեցնելու համար  Մարտունու ԲԿ-ի  տնօրենի թափուր պաշտոնի համար երկրորդ մրցույթ է  նշանակվում,  այն տեղի է ունեցել  հունվարի 31-ին: Մրցույթի մասնակիցները 5-են եղել, իսկ հաղթողը որոշվել է մարզպետի կողմից: Տնօրեն է նշանակվել դեղագործ Անդրանիկ Հարությունյանը, որն ունի մարզպետի հովանավորությունը:   

Մրցույթի մասնակից Աշոտ Անտոնյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ  վարչական դատարան ընդդեմ Գեղարքունիքի մարզպետարանի «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի  թափուր  պաշտոնը  զբաղեցնելու  համար՝ 2019 թվականի հունվարի 31-ին կայացված մրցույթն անվավեր ճանաչելու և որպես ածանցյալ  պահանջ`  օրենսդրությամբ սահմանված ժամկետում     «Մարտունու բժշկական կենտրոն»  փակ բաժնետիրական ընկերության տնօրենի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար բաց, թափանցիկ, հրապարակային ու արդար նոր մրցույթ անցկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին: Վարչական դատարանը  Աշոտ  Անտոնյանի  հայցադիմումը վերահասցեագրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: 

«Այս պահի դրությամբ  որեւէ ծանուցում չեմ ստացել, չգիտեմ՝ երբ կլինի դատավարությունը:  Վարչական դատարանը գործն ուղարկել է մարտի 19-ին, իսկ առաջին ատյանի դատարանը այն պետք է 7-օրյա ժամկետում գործը վարույթ  վերցներ»,- այս մասին մեզ ասաց Աշոտ Անտոնյանը, ապա հավելեց. «Նախ հանձնաժողովից ես շատ դժգոհ եմ, կոպիտ խախտումներով է անցել մրցույթը: Ինձ  առողջապահության նախարարության կանոնադրության  համաձայն թեստեր տվեցին  մրցույթին  մասնակցելու համար,  հետո հարցազրույցի ժամանակ  նոր կանոնադրության հարցեր էին տալիս:  Բացի այս, մենք պահանջեցինք, հրապարակայություն ապահովելու համար տեսագրեն մրցույթի ընթացքը, չարեցին դա: Հանձնաժողովի կազմում աշխատանքներին պարտադիր պետք է դիտորդի կարգավիճակով  ներկայացուցիչ լինել, դա էլ  չկար: Մենք անգամ  դա իրենց ասացինք,  բայց ոչ մի արձագանք չտվեցին: Ամեն ինչ արեցին, որ թաքուն մրցույթ  անցկացվի: Դրա համար էլ դիմել եմ դատարան եւ պահանջում եմ անվավեր ճանաչել մրցույթը եւ նոր, թափանցիկ մրցույթ հայտարարել»: 

Փետրվարի 7-ին Մարտունու ԲԿ-ի  տնօրեն է նշանակվում Անդրանիկ Հարությունյանը:  Անցկացված մրցույթի հետ կապված Հարությունյանն ասաց, որ մրցույթը հաղթել են 2 հոգի, սակայն մարզպետը  որոշել է իրեն տնօրեն նշանակել:   

Մեզ հասած տեղեկություններով՝ նոր տնօրենին նշանակելուց  մի քանի  օր հետո  այդ բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել: Անդրանիկ Հարությունյանին հարցրինք, թե ինչի՞ հետ է կապված եղել այս միջադեպը. «Նման բան չի եղել, աշխատանքային խոսակցություն եղել է, որը եւ  հարթվել է՝ ի շահ հիվանդի: Զեղչային համակարգի հետ է կապված եղել: Վճարումների կարգ ունենք, եթե մարդ չունի համապատասխան փաստաթղթեր, սոցիալապես  անապահով խմբի մեջ չի մտնում, պետք է վճարի, իսկ իրենք ասում էին, որ պետք ա զեղչ արվի»,- պատասխանեց տնօրենը:  

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image