«Հայ ասպետ» հաղորդաշարն այս տարվա հունվարից եթերում չէ։ Այդ մասին նույնիսկ հաղորդաշարի հեղինակ Կարին Տոնոյանն էր գրառում արել Ֆեյսբուքի իր էջում։
«Մենք ավարտում ենք եթերաշրջանը դեկտեմբերի վերջին, հունվարի 28-ին միշտ մտնում էինք զինվորականի եզրափակիչը։
Տասը տարի այդպես է եղել։ Հաջորդ տարվա հայտերը բոլոր դպրոցներից հայտերը ընդունում ենք մինչեւ դեկտեմբեր, հունվար-փետրվարին նախապատրաստվում էինք, մարտից սկսում էինք նոր եթերաշրջանի նկարահանումները։ Այս տարի կրթության եւ գիտության փոխնախարարը հարցազրույց էր տվել եւ ասել, որ պետք է լինի մրցույթ։ Հունվարից սպասում ենք մրցույթի, սակայն մրցույթը չկա։ Անընդհատ հարցնում ենք նախարարությանը, ասում են՝ կլինի, տարբեր մակարդակներում այդ հարցն ուղղել ենք, բայց մրցույթը չի կայանում։ Անհայտ է խաղի ճակատագիրը։ Էականն այն չէ՝ խաղը կլինի՞, թե՞ ոչ։
Մենք շատ ուրախ ենք, որ նոր կարգ է լինելու, մրցույթով է լինելու։ Երեկ Աշոտ Բլեյանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը դրամաշնորհ է ստացել՝ որպես նորարական ծրագրեր իրականացնող, ինչո՞ւ այդ դրամաշնորհը չի տրամադրվել մրցույթով։ Մենակ մեր խաղի համա՞ր էր այդ մրցույթը։ Մենք մրցույթից բացարձակ չենք վախենում, նույնիսկ հետաքրքիր էր, ուրախ կլինեինք, որ մեզ հաղթող լիներ։ Մենք տասը տարի եթերում ենք եղել եւ չենք ուզում հարատեւել։ Խնդիրն այն է, թե ինչու չի կայանում մրցույթը։ Եթե մրցույթ լինի, ապա մենք նոր խաղով ենք մասնակցելու այդ մրցույթին։ Ես առաջարկել էի, որ դպրոցների ներկայացրած հայտերը սպառենք, մեկ տարի էլ դրանք սպառենք, հետո նոր մրցույթ հայտարարենք։ Մեզ ասացին, որ այդպես արդար չէ։ Մենք հեռուստաստուդիա ենք, որը մանկական հաղորդումներ է թողարկում։ Քանի որ խաղը հեղինակային էր, «Հայ ասպետը» կարող է եթեր տալ միայն «Հայ ասպետ» հիմնադրամը։ Ուրիշ խաղ կարող են ներկայացնել նաեւ մյուսները։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են տարբերակված մոտեցում ցուցաբերում դրամաշնորհներ տրամադրելիս»,- «Հայ ասպետ»-ի ճակատագրին վերաբերող մեր հարցին այսպես արձագանքեց Կարին Տոնոյանը։
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետի տեղակալ Արմինե Բարսեղյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2019 թվականից արտադպրոցական դաստիարակության ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումները բացառապես անցկացնում են մրցութային ընթացակարգով։
«Նախկինում «Հայ ասպետ» հեռուստախաղը ֆինանսավորվել է նախարարությունից, արտադպրոցական դաստիարակության ծրագրի շրջանակում։ 2019 թվականից հետո անցում է կատարվել մրցութային դաշտ, բոլոր ծրագրերը վերանայվել են, կատարվում է բովանդակային արդիականացում, ֆինանսական բաղադրիչն է վերանայվում։ Այսինքն՝ չկա ծրագիրը փակելու խնդիր, ուղղակի արտադպրոցական դաստիարակության ծրագրի շրջանակում իրականացվող բոլոր միջոցառումները պարտադիր կերպով անցում են կատարել դեպի մրցութային դաշտ»,- ասաց Արմինե Բարսեղյանը։
հավելեց, որ իրենք խնդիր են դրել արդիականացնել բոլոր ծրագրերը հայագիտական ու հայրենասիրական հենքի վրա հայտարարել նոր մրցույթ։ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց նաեւ, որ վերանայում են ծրագիրը, տասն օրվա ընթացքում կմշակեն այն եւ կհայտարարեն մրցույթ։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ դրամաշնորհային բոլոր մրցույթներն իրականացնում են կառավարութան որոշման հիման վրա։