Հարցազրույց

Ընդդիմությունը Փաշինյանի ելույթը որակեց դավաճանություն, բայց 3-4 օր ոչ մի գործողություն չձեռնարկեց

Ընդդիմությունը Փաշինյանի ելույթը որակեց դավաճանություն, բայց 3-4 օր ոչ մի գործողություն չձեռնարկեց

Hraparak.am-ը զրուցել է «Անկախության սերունդ» հասարարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Արման Մարտիրոսյանի հետ։

- Արման, Դուք  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ էիք, ինչու 2020 թվականին դուրս եկաք միությունից։

- Այո, ես ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ էի։ Սակայն շուրջ 50-60 երիտասարդներով դուրս եկանք կամ, կարելի է ասել, հեռացվեցինք վերնախավի հետ անհամաձայնությունների պատճառով։ 2020 թվականին ստեղծեցին «Անկախության սերունդ» հասարակական - քաղաքական նախաձեռնությունը։ Ստեղծեցինք մի երիտասարդական հարթակ, որտեղ փորձում ենք տարբեր ծրագրերի միջոցով մեր նպաստը բերել պետության և պետականության կայացման գործում։ Այսօր երիտասարդությունը չի կարող հեռու մնալ քաղաքականությունից, քանի որ ժամանակակից հասարակության և պետության շահերը սպասարկող ուժեղ գործիք կարող է լինել։ Շատ կարևոր է, որ երիտասարդները պայքարեն իրենց իրավունքների, հասարակության մեջ տեղ գտած արատավոր և անարդար երևույթների դեմ, ինչի համար էլ կյանքի կոչվեց նման նախաձեռնությունը։ Այսինքն, մեր ուժերի չափով, փորձում ենք խթանել պետության գործունեության բոլոր ոլորտները, այդ թվում՝ քաղաքական։ Մենք մեր աշխատանքով փորձում ենք հանդիսանալ ոչ միայն հասարակական- քաղաքական գործընթացների օբյեկտ, այլև՝ անմիջական մասնակցություն ունենալ պետության քաղաքական փոփոխություններին և զարգացումներին։

- Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն երկու շաբաթ է բողոքի ակցիաներ է իրականացնում Հայաստանում։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա համոզել հասարակությանը, որ իրոք պայքարի է դուրս եկել եւ դա աթոռակռիվ չէ։

- Նախ պետք է անդրադառնալ ընդդիմության վերջին հանրահավաքին։ Վերոնշյալ հանրահավաքին ծախսել էին մեծ ռեսուրսներ, որի արդյունքում հավաքին մասնակցել էր 12.000 մարդ, որը վատ արդյունք չէր։ Այս ժամանակահատվածում հայաստանյան քաղաքական իրականության մեջ մի քանի ժամում այդքան մարդ հավաքելը, դրական արդյունք է։ Այսինքն, նրանց ծախսած մեծ ռեսուրսները սպառեցին իրենց կարողունակությունն անընդհատ նման մասշտաբով հանրահավաքներ կազմակերպելու համար։ Այսինքն՝ նախքան Փաշինյանի հայտնի ելույթը, ընդդիմությունն արդեն իսկ սկսել էր «Արցախի փրկության» գործընթացը։ Իսկ Փաշինյանի հայտնի ելույթից հետո, որը ընդդիմությունը որակեց՝ դավաճանություն, թվում էր թե պետք է անմիջապես իջնեին փողոց, բայց, մի շարք հանգամանքներով պայմանավորված, չէին կարող լայն զանգված հավաքել։ Եվ այդ պահին ընդդիմության կողմից ոչ մի գործողություն չտեսանք։ 3-4 օր հետո նոր Վանեցյանը հայտարարեց իր պայքարի մասին։ Հետո, Ազատության հրապարակում հացադուլ հայտարարեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» պահանջով։ Ես չեմ կասկածում՝ նրանց անկեղծությանը և հայրենասիրությանը, բայց նրանց անունը, որպես 44 -օրյա պատերազմի մասնակիցների օգտագործվեց։ Քաղաքական նկատառումներով բացատրեմ ինչպես՝ «44-օրյա պատերազմի մասնակից»  անունը հասարակության կողմից ընկալվում է որպես հերոս, հայրենասիրության վեհ օրինակ, այդ անունը արատավորված չէ, և այն հասարակության կողմից ընկալվում է՝ բացարձակ արժեք։ Այդ իսկ պատճառով փորձ արվեց այդ անվան տակ ներգրավել երիտասարդությանը, ինչը կարծում եմ, որ նրանց մոտ չհաջողվեց, որովհետև այն պահանջը, որը ձևակերպել էին տղաները բոլորը կողմ էին, բայց անորոշությունը՝ այդ հարցի լուծման, շատ ավելի խորն է։ Արդյունքում ընդդիմադիրները այդ ակցիաները օգտագործեցին ժամանակ շահելու համար, որ ընդդիմությունը կարողանա ռեսուրսները կենտրոնացնել։

Ամենահարմար առիթը, որ կարող էր օգտագործվել ընդդիմության կողմից՝ ջահերով երթն էր։ Ստացվում է այնպես, որ Վանեցյանը մի քանի օր ձեռքը պահում է «բողոքի զարկերակին», մինչև մյուսները պատրաստվում են ջահերով երթին։ Սպասվածի համաձայն՝ երթը քաղաքականացվեց, և ջահերով երթին մասնակցած հազարավոր մարդկանց ներկայացրին՝ որպես այն կրիտիկական զանգված, որի մասին խոսում էին։ Այսինքն, նրանց նպատակն էր՝ ջահերով երթի մասնակիցներին տեղավորել իշխանությունների դեմ պայքարի տրամաբանության մեջ, որը, ըստ իրենց, հասարակության նոր լայն շրջանակ կարող էր բերել փողոց, բայց չափազանց քաղաքականացված ջահերով երթը հանգեցրեց լայն զանգվածների դժգոհությանը։

- Վերջիվերջո, փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի ելույթով ակտիվացրեց ընդդիմությանն ու դժգոհություններ առաջացրեց հանրության շրջանում։ Ինչո՞ւ նա այդպես բաց տեքստով խոսեց։

- Ճի՛շտ է, հայտարարության մի դրվագ անփույթ էր ձևակերպված, և արժանացավ զոհված զինծառայողների ծնողների դժգոհությանը, որոնք ընդունելի են և օբյեկտիվ, բայց այնուամենայնիվ նա լուծեց հասարակական֊քաղաքական դաշտում մի խնդիր՝ այն է հանրության հետ բաց խոսելով (որը բացառիկ է վերջին 30 տարվա ընթացքում) և ինքնաքննադատությամբ երևան եկած նոր պարզաբանումներով՝ կարողացավ կասեցնել սպասվելիք դժգոհության մի մեծ ալիք։ Այսինքն՝ քաղաքական մի շարք հնարքներով և տեխնոլոգիաներով ապահովագրեց իրեն՝ բողոքի հնարավոր մեծ ալիքից խուսափելու համար։

Իսկ ընդդիմության քայլերը կարծես թե «թավշյա հեղափոխության» կրկնությունն է, մի քանի դետալային տարբերությամբ։ Ակնհայտ է, որ ընդդիմությունը դեռ իր ամբողջ ֆինանսական ռեսուրսը չի օգտագործել, ինչպես ասել եմ` ամբողջությամբ կիրագործի մայիսի 1-ից սկսած։ Բայց կարծում եմ, որ նրանք իշխանափոխության չեն հասնի, մի քանի հանգամանքներով պայմանավորված։ Դրանցից երկուսն են՝ նրանք անընդհատ հրապարակ են նետում արտահայտություններ, որ տեղավորվում են այս տրամաբանության մեջ` եթե մեր հետ չես՝ ուրեմն դավաճան ես։ Ընդդիմության որոշ անհատներ հասկացել են նման արտահայտությունների բացասական հետևանքները և սկսել են խուսափել, սակայն մեծամասնությունը դեռ շարունակում է նույն տեմպով, ինչը ակնհայտ նեգատիվով է լցնում նրանց շուրջ բոլորը և դրանով բաժանումներ ու շերտավորումներ են լինում։ Այն մարդիկ, ովքեր ո՛չ այն կողմն են, և ո՛չ էլ մյուս՝ նեգատիվը սկսում է անել իր գործը, մարդիկ սկսում են մտածել, որ ամեն դեպքում հաստատ ընդդիմության կողմը չեն լինի։ Նրանք գործող իշխանությանը համեմատում են հնի հետ, և փորձում են համոզիչ տպավորություն ստեղծել, որ սրանք շատ ավելի վատն են, քան նախկին իշխանությունները, այսինքն, ճի՛շտ է, մենք էլ էինք վատը, բայց ո՛չ այս կարգի, որը իմ կարծիքով՝ նվազ ազդեցություն ունի շարժման ընդլայնման համար քաղաքացիների սոցիալ֊հոգեբանական ընկալման, իրենց վատ կառավարման կոնտեքստում։ Այդ իսկ պատճառով նրանք այդպես էլ չեն կարողանա կրիտիկական զանգված հավաքել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image