Քաղաքականություն

«Հրապարակ»․ Այն ժամանակ էլ պանելային քննարկումներ էին անում Արցախի մասին

«Հրապարակ»․ Այն ժամանակ էլ պանելային քննարկումներ էին անում Արցախի մասին

Եվրոպամետ, սորոսական կոչվող եւ այլ գրանտակեր կազմակերպություններ ու անձինք չափազանց ակտիվացել են վերջին շրջանում։ Նրանք առաջ էլ լրատվական մի տաղավարից մյուսն էին վազում՝ շարունակ հարցազրույց տալիս, պաշտպանում գործող իշխանություններին։ Հիմա վազքը կրկնապատկվել է, դրան գումարվել են տարբեր համաժողովներն ու քննարկումները, էլեկտրոնային հասցեներով ուղարկվող մեկնաբանություններն ու պարզաբանումները։ Օրինակ, Մեդիակենտրոնն ամեն օր մի բանախոսի մեկնաբանություն է ուղարկում՝ Գայանե Աբրահամյանի մեկնաբանությունը՝ հիբրիդային սպառնալիքների մասին, Դանիել Իոաննիսյանի մեկնաբանությունը՝ ընտրակաշառքի թեմայով, Թաթուլ Հակոբյանի մեկնաբանությունը՝ ռուս դիտորդների ժամանելու եւ հայոց եկեղեցու հետ առճակատման մասին, մոլդովացի փորձագետի մեկնաբանությունը՝ Օրբանի չընտրվելու հետ կապված, Աղասի Թադեւոսյանի մեկնաբանությունը՝ Պուտինի հռետորաբանության հետ կապված, Սերգեյ Մինասյանի մեկնաբանությունը՝ Փաշինյանի հայտարարության մասին, Աննա Դավթյան-Գեւորգյանի մեկնաբանությունը՝ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական լծակների մասին։ Մի խոսքով, ուղեղների լվացման ինտենսիվ գործընթաց՝ Եվրոպայի աչալուրջ հայացքի ներքո։

Կիրակի օրն էլ այս քարոզիչների խումբը քննարկումներ է անցկացնելու՝ Առաջին երեւանյան համաժողով անվան տակ: Մասնակիցները նույն դեմքերն են` Գայանե Աբրահամյան, Էդգար Վարդանյան, Ստյոպա Սաֆարյան, Ստեփան Գրիգորյան, Հովսեփ Խուրշուդյան, Դանիել Իոաննիսյան, Արեգ Քոչինյան, արձակագիր Հայկ Հովյան: Քննարկումների հիմնական թեման «հիբրիդային պատերազմն» է։ Թեեւ հասկանալի չէ, թե գրող Հայկ Հովյանն ինչ կապ ունի այդ թեմայի հետ: Փաստորեն, գրողներն արդեն քաղաքական քարոզչությամբ են սկսել զբաղվել:

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Նախ ուզում եմ պատմել, թե ինչ տեղի ունեցավ երեկ, հենց նույն այս քննարկման բանախոսներից մեկի` Գայանե Աբրահամյանի եւ իմ միջեւ: Գ․ Աբրահամյանը եւ Հասմիկ Համբարձումյանը Մեդիա կենտրոնում ասուլիս էին տալիս եւ, տեսնելով ինձ, ուղղակի փախան, չէ` թռան, որպեսզի իմ հարցերից խուսափեն: 50 րոպե սպասեցի, որ ասուլիսից հետո նրանց հարցեր տամ, սակայն նրանք ուղղակի թռան, որպեսզի ես իրենց հարցեր չտամ: Ես նրանց ժողովրդավարական անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր ունեի, մասնավորապես, թե ինչ են իրենք պատրաստվում անել, որպեսզի ՔՊ կուսակցությանն արգելեն մասնակցել, քանի որ ՔՊ-ն խոստացել է ընտրվելուն պես խախտել Սահմանադրության 17-րդ հոդվածը, Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների 9-րդ հոդվածը, ինչպես նաեւ՝ խղճի ազատության 17-րդ հոդվածը: Այժմ թռածներով որոշել են նոր պանելային քննարկում կազմակերպել: Երբ սրանք իշխանության եկան, մի պահ արգելում էին մարդկանց ասուլիսներով հանդես գալ, օրինակ` Ռոբերտ Քոչարյանին արգելեցին, այժմ հասել են այն կետին, որ իրենք են թռնում ասուլիսներից: Գայանե Աբրահամյանը ողջ ասուլիսի ընթացքում ստեր էր տարածում, որ Ադրբեջանից որեւէ վտանգ չկա, որ ամեն բան դավադրությունների տեսության շարքից է եւ այլն: Սուրբ Հակոբ եկեղեցին քիչ առաջ են ավերել, ահագին հայկական եկեղեցիներ են ավերում, քանդակները ոչնչացնում են: Այս մարդիկ ոնց Արցախն են հանձնել, նույն մեթոդաբանությամբ հանձնում են Հայաստանը: Այն ժամանակ ասում էինք` Արցախը հանձնելու են, մեզ ասում էին` դավադրությունների տեսություն եք տարածում, ընդ որում` 2018-ից սկսած, ասել ենք, որ այս մարդը եկել է իշխանության, որ Արցախը վերջնականապես հանձնի, բայց մեզ անդադար այս նույն շրջանակները պնդում էին, որ դավադրության տեսությունների շարքից են մեր հայտարարությունները: Այժմ էլ հանձնում են Հայաստանը: Սրանք լրիվ Ադրբեջանի անվտանգությունն ապահովողներն են․․․ դրանք՝ բոլորը…. գործ ունենք ժամանակակից հակահայ ռեինկարնացիաների հետ: Այս պանելային քննարկումը եւս այդ շարքին է դասվում, նպատակը շատ պարզ է` Հայաստանն ուզում են հանձնել Ադրբեջանին: Այն ժամանակ էլ պանելային քննարկումներ էին անում Արցախի մասին, հիմա՝ Հայաստանի մասին, սակայն այս անգամ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու: Մենք անպայման մեր անվտանգությունն այս անգամ կարողանալու ենք ապահովել, որպեսզի սրանք գնալով մեր տարածքները չփոքրացնեն: Այս անգամ դա նրանց թույլ չենք տալու»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image