Հայաստանի կոմունիստներն այսօր, Աշխատավորների միջազգային տոնի առթիվ Երեւանի Սարյանի արձանի մոտից դրոշներով երթ կատարեցին դեպի Շահումյանի արձանի հարակից տարածք։
Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ խորհրդային իշխանության 70 տարիներին Հայաստանն ուներ մեկ միլիոն վեց հարյուր քառասուն հազար աշխատող, որոնցից մեկ միլիոն հիսուն հազարն աշխատել է տնտեսության մեջ, չորս հարյուր իննսունհինգ հազարը՝ արդյունաբերության մեջ։
«Հայաստանը եղել է հզոր արդյունաբերական երկիր եւ իր արտահանման եւ ներմուծման ծավալներով ավելի շատ արտահանել է, քան ներմուծել, ի տարբերություն այսօրվա, երբ մենք երկու միլիարդ չորս հարյուր տասնմեկ միլիոն դոլարի ապրանք ենք արտահանում, բայց ներմուծում ենք չորս միլիարդ վեց հարյուր երեք միլիոն դոլարի ապրանք։ Իսկ ԽՍՀՄ-ում Հայաստանը այն չորս հանրապետություններից էր, որը հայտնի էր որպես ապրանք արտահանող, քան ներմուծող։ Դրանով էլ պայմանավորված է, որ մենք ունենք արտագաղթ, ունենք այսպիսի իրավիճակ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաֆարյանը։
Լրագրողների՝ տնտեսական հեղափոխությանը վերաբերող հարցին Վազգեն Սաֆարյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը եթե հայտարարել է, որ պետք է իրականացնի տնտեսական հեղափոխություն, առաջին հերթին դա պետք է լինի արդյունաբերության մեջ, պետություն-մասնավոր գործընկերության մեջ։ Պետությունն այսօր պետք է աջակցի, նպաստի, օգնի վարկերով, նպաստի տնտեսական զարգացմանը, որպեսզի կարողանա Հայաստանում հզոր արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնման գործում ցուցաբերի մասնակցություն։ Որոշ ձեռնարկություններում եղել են մարդիկ, որոնք գործել են ստվերային կարգավիճակում, նրանց դուրս են բերել ստվերից, եւ դա վերագրում են նոր աշխատատեղերին։ Մենք կուզենայինք, որ լինեին նոր աշխատատեղեր, «Նաիրիտ» գործարանը վերագործարկվեր, «Հայէլեկտրո»-ն, Վանաձորի «Քիմպրոմ» գործարանը»։ Վազգեն Սաֆարյանը հիշեցրեց, որ պատերազմական վիճակում գտնվող երկիրը պետք է ունենա հզոր մեքենաշինություն, ինչը մեր երկիրը չունի այսօր։
«Պետք է մեր արդյունաբերական քաղաքականությունը դառնա ավելի առարկայական, ԱԺ-ն պետք է օրենք ընդունի արդյունաբերության մասին։ Այդպիսի օրենք ընդունվել է ԱՄՆ-ում 1933թ․, որի արդյունքում ԱՄՆ-ն այսօր դարձել է հզոր արդյունաբերական երկիր։ Մենք պետք է դառնանք արդյունաբերական երկիր, վերականգնենք նախկին տնտեսական կապերը»,- ասաց Վազգեն Սաֆարյանը։