Հասարակություն

Խդոյի Գրիշը՝ Ժուռնալիստների միության տարածքի վարձակալ

Խդոյի Գրիշը՝ Ժուռնալիստների միության տարածքի վարձակալ

Ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում միության տարածքները վարձակալելու հետ կապված հայտնաբերել է այնպիսի ակնհայտ չարաշահումներ, որ բուն գործը թողած, ստիպված է զբաղվել դրանցով։ 

Այդ առթիվ նա Ժուռնալիստների միության փոխնախագահ Վարդան Ալոյանի եւ փաստաբան Աղավնի Մադոյանի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս։

Նա նշեց, որ այդ ամենի մասին իր համար բարձրաձայնելը դժվար էր, քանի որ առնչվում էր նախկին ղեկավարությանը։ 

«Կարելի է ասել, որ Ժուռնալիստների միության տարածքների մեծ մասն այլեւս չեն պատկանում միությանը, որովհետեւ ժամանակին կնքվել են ստրկական, նվաստացուցիչ պայմաններով պայմանագրեր, որոնց լուծումը շատ բարդ ճանապարհ է մեզ խոստանում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։ Թե ինչու՝ դա էլ ունի իր բացատրությունը․ ԺՄ-ն գտնվում է Երեւանի կենտրոնում, Պուշկինի փողոցում,  եւ այն  կոմերցիոն առումով գայթակղիչ է։ 

«Այդ շենքում կան մի քանի վարձակալներ՝ «Ֆոտոլուր» գործակալությունը, Հելսինկյան կոմիտեն, «Էլզա Գրիգ» անունով մի ընկերություն, «Ավանգարդ քլաբ» ընկերությունը, Լրատվամիջոցների աջակցության հիմնադրամը, «168 ժամ»-ը եւ «Արամայիս Հարությունյան» անհատ ձեռնարկատերը»,- թվարկեց ԺՄ նախագահը։ Նա հավելեց, որ բոլոր վարձակալների պայմանագրերը պետք է ենթարկվեն փոփոխության։ 

«Էլզա Գրիգ» ընկերությունը, ըստ Սաթիկ Սեյրանյանի, վարձակալել է 798,6 քառ․ մետր տարածք մինչեւ 2080թ․, մեկ քառ․ մետրը՝ 500 դրամով, որի մեջ ներառված են հարկերը, իսկ դրանք եւ համատիրության վճարները պետք է կատարի միությունը։ Իսկ միայն գույքահարկը մեկ տարվա համար կազմում է 566 հազար 670 դրամ։ 

Սաթիկ Սեյրանյանն ասաց, որ «Էլզա Գրիգ»-ը տարածքները տվել է ենթավարձակալության։ Իսկ տարածքները, որոնք ԺՄ-ն փորձել է վերանորոգել, գտնվում են խայտառակ պայմաններում։ Ասուլիսի ընթացքում, ի դեպ, էկրանին ցուցադրվում էին տարածքը պատկերող կադրեր։ Իսկ «Էլզա Գրիգ»-ի մի հատվածը ենթավարձակալության է տրվել երեք միլիոն 800 հազար դրամով։ 
Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ, չնայած տարիներ շարունակ համատիրության վարձ չի վճարվել, սակայն աշխատակիցները աշխատանք են կատարել, որի համար ինքը շնորհակալ է։ Նա փորձել է խոսել «Էլզա Գրիգ»-ի սեփականատիրոջ հետ եւ պարզել, որ նա ճանաչված հեղինակություն է՝ Խդոյի Գրիշ անունով։ Իսկ այդ անձը հայտնի է նրանով, որ քաղաքում տարածքներ է վերցնում, հետո խոշոր գումարներով ենթավարձակալության տալիս։ Երբ Սաթիկ Սեյրանյանը փորձել է Խդոյի Գրիշին բացատրել, որ մինչեւ 2080թ․ չի կարող լինել վարձակալության պայմանագիր, նա հակադարձել է՝ դու ինձ ուզում ես գցել։ 

«Ավանգարդ քլաբ» ընկերությունն էլ, ըստ ԺՄ նախագահի, տարածքը վարձակալել է մինչեւ 2112թ․՝ 480 հազար դրամով։ Գույքահարկը, համատիրության վճարը, հարկերը մնացել են ԺՄ-ի վրա։ Իսկ տարածքն էլ, ըստ նրա, առնետանոցի է վերածվել, ավերակի, ջրեր են հոսում։ 

ԺՄ նախագահը հիշեցրեց, որ այդ տարածքները ձեռք են բերվել ավագ սերնդի լրագրողների ջանքերի շնորհիվ։ Ինչ վերաբերում է միությանը, ապա, նրա կարծիքով, այն կարող է ունենալ լուրջ եկամուտներ, աջակցել ԶԼՄ-ներին, ցուցաբերել աջակցություն։ Մինչդեռ Սաթիկ Սեյրանյանը ԺՄ նախագահ ընտրվելուց հետո հայտնաբերել է, որ այն ունի ընդամենը մեկ պայթած համակարգիչ, որով հնարավոր չէ  որեւէ բան անել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image