Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից 2 շաբաթ անց զրուցել ենք ակտիվիստ Արթուր Չախոյանի հետ: Ի՞նչ ընթացքի մեջ է հարուցված վարույթը: Նա «Հրապարակի» հետ զրույցում ընդգծեց. «Տվյալ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ, սակայն չեմ կարող մանրամասների մասին պատմել, քանի որ կա նախաքննական գաղտնիք: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ազդեցություն է միջադեպն ինձ վրա թողել, ապա ասեմ, որ ոչ մի ազդեցություն էլ այն չի թողել ինձ վրա: Իմ դուխը տեղում է, չեմ հիասթափվել, չեմ պատրաստվում իմ հանրային գործունեությունը դադարեցնել, հակառակը` պատրաստվում եմ ավելի մեծ թափով ու ոգեւորությամբ շարունակել աշխատել ու նոր բացահայտումներ անել: Հենց այսօր հրապարակել եմ Շենգավիթում գտնվող թիվ 147 մանկապարտեզի տեսանյութը, որտեղ կրկին խայտառակ պատկեր է առկա: Երեւանի քաղաքապետարանը վճարել է հսկայական գումար, նախատեսվածի 90 տոկոսը, բայց մանկապարտեզը մինչ օրս շահագործման չի հանձնվել, այն դեպքում, երբ դեռ 2023-ին պետք է հանձնվեր: Այսինքն` 2 տարի շարունակ մանկապարտեզը չի գործում, իսկ գումարի 90 տոկոսը վճարված է: Նշեմ, որ տվյալ մանկապարտեզը վթարային է, ոչ թե այդքան գումարներ հատկացնելով պետք է այն նորոգեին, այլ պետք է շինությունն ամբողջապես քանդեին եւ նորը կառուցեին: Այստեղ խոսքը մեծ կոռուպցիայի մասին է: Ստացվում է, որ ո՛չ գումարը կա, ո՛չ էլ մանկապարտեզը: Քանդման ենթակա մանկապարտեզի համար գումարներ են հատկացրել, սակայն որոշել են այն միայն վիզուալ առումով նորոգել, փաստացի անգամ վիզուալ առումով այն չի նորոգվել` մինչ այս պահը»:
Հարցին, թե այս բացահայտումները որեւէ արձագանքի արժանանո՞ւմ են կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունների կողմից, մեր զրուցակիցը նկատեց. «Իմ 3 տարվա հանրային գործունեությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի փոխվում, իշխանությունը ոչ մի դաս չի քաղում, եւ, առհասարակ, Փաշինյանի իշխանությունը կոռուպցիան խրախուսում է, հակառակ դեպքում այսօր որոշ մարդիկ պատժված կլինեին եւ կենթարկվեին քրեական պատասխանատվության: Բայց, ինչպես տեսնում ենք, ոչ մեկը չի կրում պատասխանատվություն, եւ դեռ մի բան էլ բարձր պաշտոններ են այդ մարդիկ ստանում»: Շենգավիթի թաղապետը նույնքա՞ն ծանր է տանում Ձեր բացահայտումները, ինչպես Տեր-Մարգարյանը։ «Նրա նման ոչ կոռեկտ, վարչական շրջանի ղեկավարին ոչ վայել վարքագիծ ու պահվածք դեռ ոչ մեկն իրեն թույլ չի տվել, այս առումով նա դեռ միակն է: Երեւանի քաղաքապետարանում բոլորը խոսում են նրա անվայել պահվածքի մասին: Թեպետ նրան չազատեցին աշխատանքից, դեռ մի բան էլ իշխանությունը նրան խրախուսեց, դատապարտեց բացառապես դատարկ խոսքերով: Ես չեմ սիրում ամպագոռգոռ հայտարարություններ անել, բայց, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ անգամ ինձ վրա մահափորձ էին արել, իսկ ես դանակով քաղաքացուն վնասազերծել եւ հանձնել էի ոստիկանությանը, սակայն մինչ օրս նա չի կրել պատասխանատվություն, այդտեղից հետեւություն, որ եթե մահափորձ անող անձին, որը նախկինում դատապարտված է եղել, չեն ենթարկել պատասխանատվության, դժվար թե թաղապետը պատասխանատվություն կրի իր արարքի համար»: