Դեռ տարեսկզբին լուրեր տարածվեցին, որ «ՄՏՍ Հայաստան»-ը որոշել է վաճառքի հանել ընկերության բաժնետոմսերը, իսկ պոտենցիալ գնորդը ռուսական 1Xbet ընկերությունն է, բայց այն ժամանակ պրոցեսն ավարտին չհասավ։ Մասնավորապես, Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ապրիլի 12-ին կայացած նիստում մերժեց «ՄՏՍ Հայաստան» ընկերության բաժնետոմսերի փոխանցմանը համաձայնություն տալու դիմումը։
Ըստ ՀԾԿՀ որոշման՝ «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի փոխանցման գործարքին բացասական եզրակացություն էր տվել Ազգային անվտանգության ծառայությունը, ու գործարքին համաձայնությունը մերժվել էր, քանի որ, իրավասու մարմնի գնահատմամբ, այդ գործարքը վնասում էր կամ կարող էր վնասել ՀՀ պետական շահերն ու ազգային անվտանգությունը։ Այս տարվա օգոստոսի 29-ին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն կրկին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ «ընկերության նկատմամբ հսկողության փոխանցման» համաձայնություն ստանալու համար։ Հայտը քննարկման փուլում է։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման եւ տեխնոլոգիական զարգացման բաժնի պետ Արմեն Հունանյանը հաստատեց մեր այս տեղեկությունը՝ ընկերության ներսում փոփոխություն է տեղի ունենում։ ««ՄՏՍ-Հայաստանը» կորպորատիվ փոփոխություններ անելու հայտ է ներկայացրել ՀԾԿՀ։ Ռուսական ընկերությունը ցանկանում է ուղիղ դառնալ «ՄՏՍ-Հայաստանի» 100 տոկոսի բաժնետերը»,- ասաց Հունանյանը՝ նշելով, որ հայտը քննարկվում է իրավասու մարմնի՝ բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ։
Շուրջ 2 միլիոն հայ բաժանորդ ունեցող Հայաստանի ամենամեծ բջջային կապի բաժնետոմսերի վաճառքի գործարքի կայացման համար եզրակացություն պետք է տա նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ դիտարկելով գործարքը պետական շահի եւ ազգային անվտանգության տիրույթում։ Առաջին հայացքից թվում է, թե ընկերության ներսում տեխնիկական կորպորատիվ այս փոփոխությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը եւ պետական շահին չի կարող առնչվել, առավել եւս՝ վնասել, մինչդեռ պարզվում է՝ այս հայտի հաստատմանը կարող են հետեւել մութ եւ վտանգավոր գործընթացներ, որոնք էական են դարձնում այս գործարքի բնույթն ու շահառուներին։
Մեր տեղեկություններով՝ ռուսական 1Xbet ընկերությունը չի ցանկանում հեշտ հանձնվել եւ պայմանավորվելով որոշ շրջանակների հետ՝ նորից փորձում է գնել «ՄՏՍ Հայաստան»-ը: Ինչ է իրենից ներկայացնում 1Xbet-ը։ Այն բուքմեյքերական ընկերություն է, որի սեփականատերերն են Ռոման Սեմյոխինը, Սերգեյ Կարշկովը եւ Դմիտրի Կազորինը, ովքեր այս պահին գտնվում են միջազգային հետախուզման մեջ, ենթադրաբար՝ ինչ-որ անօրինական գործունեության համար մեղադրվելու հիմքով: Միջազգային հետախուզման մեջ գտնվող 1xbet-ի սեփականատերերը դեռեւս մոտ մեկ տարի առաջ են մտել հայաստանյան շուկա՝ այլ ոլորտում ներդրում անելու եղանակով։ Հիմա էլ փորձում են կապի համակարգ մտնել։
Ստացվում է, որ ռուսական այս ընկերությունը նորից հայտ է ներկայացնում՝ գնելու «ՄՏՍ Հայաստան»-ը, ինչը որոշակի ռիսկեր է ստեղծում Հայաստանի անվտանգության համար եւ կարող է վտանգել Հայաստանի շահերը: