Քաղաքականություն

«Հրապարակ». Բազմաթիվ ձախողումներից հետո Փաշինյանը կրկին զրոյից ցորենի հարց է լուծում

«Հրապարակ». Բազմաթիվ ձախողումներից հետո Փաշինյանը կրկին զրոյից ցորենի հարց է լուծում

Հայաստանի Հանրապետությունն ունի ցորենի անհրաժեշտ պաշարներ, կստանա «կայուն ցորեն», քաղաքացին կարող է չմտահոգվել: Այսպես էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ պատասխանում լրագրողներին, որոնք Ռուսաստանից մատակարարումները դադարեցնելու սպառնալիքի մասին էին հարցնում եւ հատկապես՝ ցորենի ներկրման:

Այսօր, սակայն, պարզվում է՝ իրավիճակը ճգնաժամային է: Հուլիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ցորենի հարցով, որի ընթացքում նույն Գեւորգ Պապոյանը վարչապետին ներկայացրել է Հայաստանի պարենային անվտանգության իրական պատկերը: Ըստ այդմ՝ Հայաստանում ցորենի ինքնաբավության մակարդակը, այսինքն` սեփական կարիքների համար արտադրվող ցորենի քանակը գտնվում է վերջին տարիների ամենացածր կետում։ Երկրում առկա է լքված եւ չմշակվող գյուղատնտեսական հողատարածքների մեծ ծավալ։ Հնչել են կատաստրոֆիկ վատ թվեր, որոնք վկայում են ցորենի տարեցտարի աճող դեֆիցիտի մասին:

Հայաստանի՝ ցորենով ինքնաբավության ընթացիկ մակարդակը 22,8 տոկոս է: Սա ավելի քան 2 անգամ պակաս է 10 տարի առաջվա մակարդակից: Այն ժամանակ ինքնաբավության աստիճանը եղել է 53.2%: Սպառվող ցորենի մոտ 77 տոկոսը ներմուծվել է ՌԴ-ից: Խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձել է իր ենթականերից տեղեկանալ, թե որքան ցորեն կարելի է ցանել Հայաստանում, եւ կա՞ն արդյոք ցորենի մշակման համար պիտանի հողատարածքներ: Նա նաեւ հանձնարարել է հստակ քարտեզագրել ցորենի մշակման համար հարմար, սակայն այս պահին չօգտագործվող գյուղատնտեսական հողերը եւ ներդրումային ծրագիր մշակել, որը թույլ կտա հասկանալ ցորենի արտադրության ընդլայնման իրական ներուժը: Հետաքրքիր է․ արդյոք Փաշինյանը հիշո՞ւմ է, թե քանի անգամ է փորձել կարգավորել ցորենի հարցը, ու ոչինչ չի ստացվել, եւ ինչ հետեւություններ է արել, որ հիմա ստացվի:

Հիշեցնենք․ 2024 թվականին կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր էր իրականացնում՝ ցորենի արտադրությունը խթանելու համար: 1 հեկտարի հաշվով ֆերմերներին տրամադրում էր ուղղակի գումարային աջակցություն․ 120 հազար դրամ՝ հավաստագրված (էլիտա) սերմերի դեպքում, եւ 70 հազար դրամ՝ չհավաստագրված սերմերի դեպքում։ Բայց աշնանացանի շրջանում որոշեց, որ չարժե գյուղացիներին փող տալ, քանի որ ցորենի բերքատվության շեշտակի աճ չի եղել, եւ պրոցեսը ծախսատար է, ու դադարեցրեց ծրագիրը, ինչն այն ժամանակ ֆերմերների դժգոհությունն առաջացրեց, իսկ Փաշինյանի կառավարությունն անցավ մեկ այլ անպտուղ ծրագրի, որը կոչվում էր «ինտենսիվ ցորենի մշակում»: Այսինքն՝ ավանդական «ամբարի սերմացուի» փոխարեն օգտագործվում էին հավաստագրված, հիվանդությունների նկատմամբ դիմացկուն եւ բարձրբերքատու սորտեր, ներդրվում էր անձրեւացման կամ կաթիլային ոռոգումը: Ակնկալվում էր, որ արդյունքում 1 հեկտարից 5-7 տոննա բերք կստացվի՝ ներկայիս 1.6-2 տոննայի փոխարեն: Այս արդյունքը դեռ չենք տեսել, եւ այս ծրագիրը եւս կարելի է ձախողված համարել: Ինտենսիվ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է հսկայական ծախս, որը շարքային ֆերմերը չունի:

Մեկ այլ ձախողված նախաձեռնում՝ 2020-ին «Պետական նյութական ռեզերվի մասին» ՀՀ օրենքում մի քանի փոփոխություն արվեց: Թույլատրվեց, որ պետությունը պարենային անվտանգության պաշարները սեփական բազաներում պահելու փոխարեն կարողանա օգտագործել մասնավոր ընկերությունների պահեստները՝ պայմանագրային հիմունքներով: Մինչ այդ պետական ռեզերվներում էին պահվում այդ պաշարները:

Ասենք՝ Լֆիկը կամ մյուս գործարարներն իրենց ընկերություններում կարող են ռեզերվային քանակի հացահատիկ, շաքար, բրինձ պահել, իսկ պետությունը դրա համար նրանց գումար պետք է վճարեր: Սա պարտադիր չէր, բայցեւայնպես, դժգոհություններ հնչեցին, որ պետությունը վերահսկողություն է սահմանելու, ու բիզնեսի ազատությունը կաշկանդվելու է, որ մի քանի խոշորի փող տալով, պետությունը կստանա շուկայի մոնոպոլիզացիա, որ բյուջեից հսկայական միջոցներ են դուրս բերվելու եւ այլն: Արդյունքն ավելի բացասական էր, քան սպասումները: Համակարգը չաշխատեց, որովհետեւ խոշոր ներմուծողներից շատերը խուսափեցին պետության հետ պայմանագրեր կնքելուց, կառավարությունը փոքր վարձատրություն էր առաջարկում՝ պետական պաշարը պահելու ու պահեստները փաստացի «սառեցնելու» համար։ Բացի այդ, պարզվեց, որ մասնավորը չունի բավարար քանակի ցորենի պահեստարաններ, հատուկ սառնարաններ, որոնք համապատասխանում են պետական ռեզերվի խիստ չափանիշներին։ Եվ, ահա, այս բոլոր ձախողումներից հետո, որոնց արդյունքում երկրի պարենային անվտանգության ցուցանիշը 53%-ից գահավիժել է 22-ի, կառավարությունը փորձում է զրոյից ցորենի հարց լուծել՝ ֆերմերների, հանրության շրջանում վստահության դեֆիցիտի պայմաններում:

ՀԳ․ Նկատենք նաեւ, որ նման քննարկումն ինքնին խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը տագնապած է եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների էլ ավելի վատացում է կանխատեսում, ուստի փորձում է պատրաստվել ամենաբարդ իրավիճակին, երբ ցորենի ներկրումը դադարեցվի, եւ Հայաստանը կանգնի հացահատիկի դեֆիցիտի առաջ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image