Հասարակություն

Ռուբեն Քոչարի նկարների անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ռուբեն Քոչարի նկարների անհետացման փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մոտ երկու շաբաթ առաջ մենք հարցազրույց էինք արել Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հետ, որը մեզ պատմել էր, որ Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի շուրջ 500 հազար դոլար արժողությամբ 7 կտավները, որոնք ինքը ժամանակին տրամադրել է թանգարանին` ցուցադրության համար, ապա երբ հետաքրքրվել է` պարզվել է, որ դրանք չկան։ Քոչարի որդին՝ կինոռեժիսոր, սցենարիստ Ռուբեն Քոչարը, այս մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։ 
«Երվանդ Քոչարի թանգարանում շատ մութ գործեր են կատարվում։ Ես պայմանագրով այդ գործերը հանձնել էի թանգարանին՝ ի պահ, ցուցադրության համար, որ երբ ուզեմ, հետ վերցնեմ։ Եկել է ուզելու պահը, ասում են՝ չկա, մոտ 7 գործ անհետացել է։ Ինձ պատկանող գործերից մեկը տեսել եմ Մոսկվայում, մի կոլեկցիոների մոտ։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։ Հեռուստացույցով տեսա, թե ինչպես է այդ կոլեկցիոներն իմ նկարը նվիրում մեր եկեղեցուն։ Ամբողջը սկսվեց այդտեղից։ Թանգարանին դիմեցի, հարցնում եմ՝ բա մյուս գործերն ո՞ւր են, ասում են՝ չկան, չգիտենք ուր են»,- ասել էր Քոչարի որդին։ 

Վերջինիս ներկայացրած հաղորդման առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով վստահված գույքը հափշտակելը ) հատկանիշներով։ «Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու մշակութային արժեքների հնարավոր կորստի, դրանց հնարավոր վաճառքի հանգամանքները։ Քրեաիրավական գնահատականներ կտրվեն՝ ելնելով քննությամբ ձեռք բերվելիք փաստական տվյալների համադրման արդյունքներից»,-ասաց Գոռ Աբրահամյանը։ 

Նշենք, որ մեր հրապարակումից երկու շաբաթ անց, այսօր, երբ պարզ դարձավ, որ վաղը Քոչարի որդին նաեւ ասուլիս է տալու, Քոչարի թանգարանից գրություն են ուղարկել բոլոր լրատվամիջոցներին` հերքման պահանջով։ Թանգարանի փաստաբանը գրել է. «Ձեր լրատվական կայքում տեղ է գտել «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ իրականությանը չհամապատախանող և գործարար համբավն արատավորող տեղեկատվություններ. Մասնավորապես. «ԵՐՎԱՆԴ ՔՈՉԱՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՊՈԱԿ-ից 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 7 գործերի անհետանալու վերաբերյալ» Սույնով հայտնում եմ, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և սուտ է, ուստի խնդրում եմ առաջնորդվելով «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումներով հերքել իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ տեղեկատվությունները»,-պահանջում են թանգարանից: Թանգարանի տնօրինությունը  հերքում է պահանջում լրատվամիջոցներից` մի տեղեկության համար, որը հայտնել է Քոչարի որդին` իր հարցազրույցում եւ հաստատել է Քննչական կոմիտեն` քրեական գործ հարուցելով կատարվածի մասին հաղորդման հիման վրա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image