Քաղաքականություն

Հակա-ՀԷՑ-ական գործընթացի հերթական արարը

Հակա-ՀԷՑ-ական գործընթացի հերթական արարը

Նախորդ ողջ օրը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի եւ նրա կողմից ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Պետրոսյան Ռոմանոսի մասնակցությամբ պետական մակարդակով անցկացվել է իսկական շոու: Զույգը համարյա 1 ժամ ռմբահարում էր հանրությանը՝ ՀԷՑ ՓԲԸ-ի վերաբերյալ բացասական բնույթի փաստեր հրապարակելով: Նպատակը պարզ էր՝ ցույց տալ, թե ինչպիսի հանցագործ կազմակերպություն է այն: Կարծում եմ, որ ազգաբնակչությանը մանիպուլացնելուն միտված այդ հեղեղը որոշակիորեն կատարել է իր գործը, որովհետեւ շարքային քաղաքացու համար շատ դժվար է կասկածել թվային տվյալների ճշմարտացի լինելուն, եթե ինքն ընդդիմադիր չէ կամ էլ չունի ո՛չ հավես եւ ո՛չ էլ կարողություն՝ ստուգելու վարչապետ կոչեցյալի կամ նրա կամակատարի հրապարակած տվյալները: Բայց երբ խոսքը գնում է որեւէ հանգամանքի մասին, ապա այն բացահայտելը դժվարություն չի ներկայացնում, ինչը եւ տեղի ունեցավ հակա-ՀԷՑ-ական գործընթացի հերթական արարում: 

Այսպես, ՀԾԿՀ նախագահ Մ. Մեսրոպյանը հայտարարել էր ՀԷՑ-ի՝ 2018-2024 թթ. տվյալների կորստի մասին եւ դրա վրա մի ողջ մեղադրանք էր կառուցել, ինչը կրկնեց նաեւ նրան այդ պաշտոնին նշանակած վարչապետը: Պարզվեց, որ այս տարվա հունվարի 2-ին՝ ծրագրային ինչ-ինչ խնդիրներով պայմանավորված, իսկապես նման բան է տեղի ունեցել, ինչն արագ բացահայտվել է, եւ երկու օր անց հարցը կարգավորվել է: Բայց «ճշմարտախոս» Մեսրոպյանը, իհարկե, «մոռացել» էր վերականգնելու վերաբերյալ հիշատակել: Դա հաստատել է անգամ Փաստերի ստուգման հարթակը (FIP), որի լրագրողը դիմել էր ՀԷՑ-ին եւ ստացել էր 2018-2024 թթ.-ի իրեն հետաքրքրող ողջ տեղեկատվությունը: Այդ երեւույթի առումով մի թեւավոր խոսք կա՝ թերի խոսքը կեղծիքից ավելի վատ է (հեղինակ՝ ռուս արձակագիր Մ. Սալտիկով-Շչեդրին, 1826-1889): Ինչեւէ, կեղծիքի վրա իշխանության եկած ու դրանով անընդհատ շարժվող իշխանությունն ինչո՞ւ պիտի տվյալ դեպքում չդիմեր հերթական կեղծիքին:

Դրանից մեկ-երկու օր առաջ հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը ՀԷՑ-ի մասին մեկ այլ դրվագում էլ էր աչքի ընկել: «Մեր ձեւով» շարժման համակարգող Կարեն Կարապետյանն այս տարվա հունիսին, երբ ՓԲԸ-ն դեռեւս բռնազավթված չէր, հայտնել էր, որ ՀԾԿՀ-ում առաջարկել են 7%-ով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչը «պետական մտածողությամբ օժտված» հանձնաժողովականները մերժել են՝ բացի ընդդիմադիր անդամից: Իսկ հանձնաժողովի նախագահն էլ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման առաջարկը գնահատել է որպես թույլ եւ մանիպուլյատիվ: Որպես հիմնավորում՝ ներկայացրել է հաշվարկի արդյունք, ըստ որի՝ նվազեցումը կազմելու էր ընդամենը 0,02 դրամ: Որպես մաթեմատիկայի հետ դպրոցական տարիներից բարեկամական հարաբերությունների մեջ գտնվող անձ, չնայած բարձրագույնս հումանիտար էր, ես էլ հաշվարկեցի ու ստացա ավելի քան 3 դրամի նվազեցում:

Բայց քանի որ Մեսրոպյանի ներկայացրածի ու իմ հաշվարկի տարբերությունը ոչ թե, ասենք, 0,02 դրամ էր, այլ՝ 1500 անգամ ավելի, ստիպված նայեցի, թե ինչպես կարող էր ինքը ստանալ այդ թիվը: Պարզվեց, որ ընդդիմախոսներին մանիպուլյացիայի մեջ մեղադրող անձը կատարել է մանիպուլյատիվ երկու արարք: Նախ, 0,002 թիվը ստացել է ոչ թե բնակչության մեծամասնության համար սահմանված սակագնից՝ 44,98 (ցերեկային) եւ 34,98 (գիշերային), այլ ընդամենը շուրջ 11% կազմող չունեւորների համար հաշվարկվածից՝ համապատասխանաբար 29,99 եւ 19,99: Այսինքն՝ 29,99*7/100-ի (պատասխանը՝ 2,0993) եւ ոչ թե 44,98*7/100-ի (պատասխանը՝ 3,1486): Եվ երկրորդ․ սակագնի փոփոխությունը հաշվարկվել է ոչ թե 1 կվտ/ժամ-ի առումով, որովհետեւ թե՛ 29,99-ը եւ թե՛ 44,98-ը ներկայացված են հենց այդ տարբերակով: Այլ, չգիտես ինչու,  դրանից 1000 անգամ պակաս 1 կվտ/ժամ-ի առումով: Չնայած, ինչո՞ւ չգիտենք, լավ էլ գիտենք՝ աննորմալ փոքր թիվ ներկայացնելու նպատակով: 

Ինչպես երեւում է, մանիպուլյացիայով զբաղվել է ոչ թե ՀԷՑ ՓԲԸ-ի նախկին ղեկավարությունը, այլ՝ քառօրյա մարտերի հերոս Աբաջյանի կեղծ պապի կեղծիքով իշխանության եկած խմբակը եւ տվյալ դեպքում՝ դրա ներկայացուցիչը ՀԾԿՀ-ում: Այնպես որ, ինչպես իշխանություն են գրավել,  այդպես էլ շարունակում են այդ ոգով շարժվել, ինչը նորմալ երկրում անընդունելի կլիներ ու անմիջապես կընդհատվեր, բայց քանի որ սա Հայաստանն է, այն էլ՝ «ժողովրդավարական», ապա դա կշարունակվի այնքան ժամանակ, որքան պետության ղեկավարի պաշտոնում կմնա Նիկոլը, որովհետեւ, երբ որեւէ անձ դիմում է կեղծիքի, իսկ հետո էլ ստիպված է լինում այն հիմնավորել, ապա այլեւս չի կարողանում ազատվել ստերի կծիկից, եթե նույնիսկ շատ ցանկանա: Բայց ի դեմս Նիկոլի ձեւավորած իշխանության՝ մենք ունենք այնպիսի ղեկավարություն, որ բացարձակ չի ցանկանում ազատվել դրանից, որովհետեւ այդ դեպքում չեն կարողանալու մարդկանց համոզել, թե ինչ գործ ունեն իրենք կառավարության շենքերում:

ՀԳ. Նույն օրը Նարեկ Կարապետյանն ուղիղ եթերում պատասխանեց թվական տվյալների մանիպուլյացիաներին եւ կեղծիքներին, որոնք հնչել են ՀԷՑ-ի նկատմամբ, եւ հանգամանալից ներկայացրեց, թե ինչու են ավելի թանկ սարքեր գնել, ինչպես եւ ինչու է տեղի ունեցել տվյալների հետ կապված երկօրյա խափանումը, եւ ինչպես են դրանք վերականգնվել: Պետրոսյան Ռոմանոսը դեռ շատ պետք է ջանա, որ իրական տվյալներ հայտնաբերի եւ տիրապետի ՀԷՑ կառավարչի գործի նրբություններին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image