Հարցազրույց

«Հրապարակ»․ Իրանը զգուշացնում է հայկական վայ իշխանություններին՝ չտրվել գայթակղիչ խոստումներին եվ արկածախնդրության չգնալ

«Հրապարակ»․ Իրանը զգուշացնում է հայկական վայ իշխանություններին՝ չտրվել գայթակղիչ խոստումներին եվ արկածախնդրության չգնալ

Սյունիքը շարունակում է կռվախնձոր մնալ տարածաշրջանով հետաքրքրված խաղացողների համար։ Մինչ Փաշինյանի իշխանությունը ձգձգում է Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսարանի բացումը, իսկ Ֆրանսիան պատրաստվում է իր՝ օգոստոսի 2-ին կայանալիք հյուպատոսարանի բացման արարողությանը, նախապատրաստվում է 2022-ից Կապանում գլխավոր հյուպատոսարան ունեցող Իրանի նախագահի այցը Հայաստան։ Այցի ժամկետների մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնի է միայն, որ այն նախապատրաստվում է։ Օրերս Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն էր այդ մասին հայտնել ու կրկնել իր երկրի կարմիր գծերի մասին հայտնի հայտարարությունը՝ տարածաշրջանում սահմանների անփոփոխելիության վերաբերյալ: 

Սյունիքի շուրջ զարգացումների, Իրանի` այդ մասով իր դիրքորոշման վերահաստատման ու նախագահի սպասվող այցի համատեքստում մի քանի հարց ենք ուղղել արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին։

- Իրանի նախագահի սպասվող այցն ի՞նչ համատեքստում է պետք դիտարկել։ Թեհրանի կողմից տարբեր մակարդակներով պարբերաբար կոշտ դիրքորոշում ենք լսում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասով: Արդյո՞ք Իրանն ինչ-որ վտանգ է տեսնում, որը ստիպել է նրան նոր թափով ազդակներ ուղարկել Հայաստանի հետ հարաբերությունների` իր համար կենսական այս հարցով։

- Իրանը տարածաշրջանում միշտ վարել է խիստ հավասարակշռված քաղաքականություն, իսկ վերջին տարիների զարգացումներից, հատկապես՝ Արցախի կորստից հետո էլ ավելի զգուշավոր է դարձել: Խնդիրն այն է, որ կտրուկ կերպով աճել են Իրանի հանդեպ անվտանգային սպառնալիքները, եւ ակնհայտ են դարձել պանթուրքական ծրագրերի իրականացմանն ուղղված աշխարհաքաղաքական ծրագրերը, որոնց կյանքի կոչմանը, ի դժբախտություն մեզ, իր մասն ունի նաեւ Հայաստանի ներկայիս իշխանախումբը: Իսկ այդ ծրագրերն իրենց խորքում ենթադրում են նաեւ Իրանի կազմաքանդումը՝ օգտագործելով Ատրպատականի ազերի բնակչությանն ու Ադրբեջան արհեստածին պետության հավակնությունները, որոնք սնուցվել են Թուրքիայի կողմից եւ մեծացվել արեւմտյան կենտրոնների հետ սերտորեն աշխատող իսրայելյան իշխանությունների միջոցով: Դրանց անխափան իրականացման համար կրիտիկական է ցամաքային կապը Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, որին փորձում են հասնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի միջոցով: Այն, որ դա դեռեւս իրականություն չի դարձել, մեծապես պարտական ենք հենց Իրանի հաստատակամ դիրքորոշմանը եւ ձեռնարկած քայլերին, որոնք, առաջին հերթին, բխում են հենց Իրանի անվտանգային խնդիրներից: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հստակ ու խիստ սկզբունքային դիրքորոշման արտահայտումն այս խնդրի կապակցությամբ, այսօր այն կանխարգելիչ կեցվածքն է, որը թույլ չի տալիս Հայաստանի բզկտումը եւ այդ նպատակով ռազմական գործողությունների ծավալումը, որը կործանարար կլինի թե՛ Հայաստանի, թե՛ տարածաշրջանի, թե՛ Իրանի եւ թե՛ Ռուսաստանի համար, որոնց դեմ երկրորդ ճակատի բացումը մշտապես եղել է արեւմտյան կենտրոնների նպատակներից մեկը՝ նրանց ռազմաքաղաքական պարտության մատնելու ճանապարհին: Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը եւ նրանց սկզբունքային դիրքորոշման վերահաստատումը նպատակ ունեն զգուշացնելու հայկական վայ իշխանություններին՝ չտրվել արեւմտյան գայթակղիչ խոստումներին եւ արկածախնդրության չգնալ: Բնական է, նաեւ ծավալելու ու խորացնելու երկկողմ հարաբերությունները, որը եւս կարող է հետ պահել կարծանարար քայլերից: 

- Նիկոլ Փաշինյանը հասկանո՞ւմ է, որ առանց Իրանի հետ աշխատելու չի կարող: Սրան գումարվում են նաեւ 2026 թվականը, ընտրությունները: Արդյո՞ք Երեւանից էլ ինչ-որ շեշտադրումների կամ վարքագծի փոփոխություն կա, եւ Փաշինյանը կփորձի՞ իրանական գործոնը ծառայեցնել իր օգտին՝ ժողովրդին ցույց տալու, որ, տեսեք` Իրանի նախագահը եկավ, ինձ հետ հաշվի են նստում, ներքին լսարանի համար ինչպե՞ս կեփվի այս ամենը։ 

- Հայաստանյան ներկայիս իշխանությունները ո՛չ կարող են դուրս պրծնել արեւմտյան կենտրոնների առջեւ իրենց հանձնառություններից, ո՛չ էլ հրաժարվել այդ նպատակին ուղղված թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու իրենց քաղաքականությունից: Դա թակարդ է, որի օղակն ավելի ու ավելի է սեղմվում: Այլ խնդիր, որ մանեւրելու նպատակով կարող են ձեւականորեն Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների զարգացման օրակարգ ցույց տալ, որից վայրկենական կհրաժարվեն՝ պատեհ պահին հստակ հրահանգ ստանալուն պես: Դա եւս օգնում է որոշակիորեն բթացնել հայաստանյան հանրության զգոնությունը, բայց, կարծում եմ, իրավիճակը հանրային ընկալումներում էապես փոխվել է: Իհարկե, գործող իշխանախումբն ընտրություններում կօգտագործի բոլոր հնարավոր այցերը՝ իրենց անգո հաջողություններն ու ձեռքբերումները հիմնավորելու համար: Չեմ բացառում, որ մենք այդպիսի շքերթ կտեսնենք հենց ընտրությունների նախաշեմին՝ արեւմտյան երկրներից, ի աջակցություն այս ազգադավ իշխանությունների: Սակայն, կարծում եմ, ժողովրդի գերագույն մասի համար այլեւս նման քայլերն ազդեցություն չունեն: 

- Թուրքիայի առաջարկն Իրանին` «Զանգեզուրի միջանցքի» մասով համագործակցել․ ի՞նչ ազդակ է սա, հնարավո՞ր է, որ Իրանն ու Թուրքիան համաձայնության գան, որի մաս չկազմի Հայաստանը: Ի վերջո, Փաշինյանը մեզ դրել է այն վիճակում, որ մեր հարցերը խոշորներն են լուծում, որոշումներ կայացնում: Եվ այդ` հնարավոր որոշումներում դերակատարում ունի՞ 3+3-ի հիշատակումը Ռուսաստանի կողմից: 

- Ինչպես արդեն նշեցի, Իրանի համար Հայաստանի հետ սահմանի անխափանությունը կենսական անվտանգային խնդիր է, հետեւաբար, որեւէ «շահավետ» առաջարկ Թուրքիայից, որը հայտնի է նենգադավ էությամբ ու կեցվածքով, չի կարող անգամ որպես քննարկման առարկա դիտարկվել: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանի հետ նման որեւէ համաձայնության կայացմանը: Այլ խնդիր, որ Թուրքիան փորձում է, մի կերպ Հարավային Կովկաս սողոսկած լինելով, էլ ավելի ծավալվել ու տարածվել՝ հենց այդ արեւմտյան ծրագրերի իրականացման հեռանկարի ներքո, սակայն թե՛ ռուսական կողմի, թե՛ իրանականի համար դա անընդունելի եւ խիստ վտանգավոր է: Թուրքիան փորձում է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում այսօրվա իր ժամանակավոր ու խիստ կասկածելի ձեռքբերումներն աշխարհաքաղաքական կշռի վերածել: Բայց նման հանցագործ պետության էությունը պարզ է բոլորին թե՛ տարածաշրջանում, թե՛ իսլամական աշխարհում: Դա խիստ ժամանակավոր հաջողություն է, որը գլխապտույտ է առաջացրել ներկայիս թուրքական իշխանությունների մոտ, բայց այն կարող է հետագայում բումերանգով շատ ծանր հարված հասցնել, որից դուրս գալը հեշտ չի լինելու ներքին ու տնտեսական ճգնաճամ ապրող այս պետության համար:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image