Հասարակություն

Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարանցում է առաջացրել

Գյումրու ավագանու նիստը չկայացավ․ նախկին քաղաքապետի որդու ձերբակալությունը իրարանցում է առաջացրել

Այսօր Գյումրու ավագանու հերթական նիստն էր, սակայն այն չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց։ Նիստին չներկայացան «Բալասանյան դաշինքի» և ՀՀԿ խմբակցության անդամները, ինչպես նաև քաղաքապետն ու փոխքաղաքապետերը։

Փոխարենը նիստին պարտաճանաչորեն ներկայացել էին ՔՊ խմբակցության ավագանու անդամները։ Տեղեկացանք, որ «Բալասանյան դաշինք»-ում խառն են, քանի որ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու ձերբակալությունը անակնկալի է բերել բոլորին, հատկապես փոխքաղաքապետերին, քանի որ նրանցից Լուսինե Սանոյանը Բալասանյանի քրոջ դուստրն է, իսկ Սուրեն Ջանոյանի անունը, ըստ շրջանառվող լուրերի, որոշակի առնչություն ունի Բալասանյանի որդու  ձերբակալության հետ։ Մտավախություն կա, որ հաջորդը փոխքաղաքապետն է լինելու։

Այն, որ Խաչատուր Բալասանյանի ձերբակալությունը մտածված էր եւ քաղաքական հողի վրա, կասկածի տեղիք է տալիս․ ՔՊ-ն ամեն գնով գնում է իշխանափոխության, Գյումրին զավթելու հերթական պլանն է իրագործում։

Որքան էլ ողջ օրը փորձեցինք կապվել «Բալասանյան դաշինքի» անդամների հետ՝ մեկնաբանություն ստանալու, թե ինչ է կատարվում իրականում, մեզ չհաջողվեց, կամ հեռախոսներն էին անջատված, կամ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։

ՔՊ-ական ավագանու անդամները միաբերան զերծ մնացին որևէ կերպ եղածը մեկնաբանելուց։ ՀՀԿ խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանը միայն Hraparak.am-ին փոխանցեց, որ այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ դեռևս անհասկանալի է, թե ինչ է իրականում կատարվում։«Որևէ հավաստի տեղեկատվություն չունենք, եւ միայն խոսակցությունների մակարդակով ճիշտ չի լինի մեկնաբանություն անել, քաղաքական մեկնաբանություն տալուց էլ զերծ կմնամ, քանի որ ինֆորմացիայի խիստ պակաս կա, հետագա ընթացքից կերևա՝ ինչ կարող ենք ասել, կամ ինչպես որակել կատարվածը»,-ասաց նա։

Շիրակի մարզից ընտրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանից Hraparak.am-ը նույնպես հետաքրքրվեց, թե ինչ է կարծում ,  ինչ է կատարվում Գյումրիում։ «Այս պահին շատ տեղեկություն չունեմ կատարվածի վերաբերյալ և զերծ կմնամ որևէ գնահատական տալուց»,-ասաց Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտ կանուխ իրավապահները օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին։

Նշենք, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել թե նրա, թե հոր` Սամվել Բալասանյանի հետ։ Ըստ մեր աղբյուրի` արգելված է նաև տեսակցությունը նրա հետ։Մերձավորների խոսքերով` իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչու են ձերբակալել նրան, իսկ ըստ պտտվող լուրերի` գործն առնչվում է կոռուպցիայի հետ։ 

Ամիսներ առաջ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության հիման վրա հասկանալի է դառնում, որ Խաչատուր Բալասանյանին ձերբակալել են «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենով անելու համար, մասնավորապես․

«Գյումրի համայնքի նախկին ղեկավար Սամվել Միսակի Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` «Գյումրի-գարեջուր» ընկերության հեռանկարային զարգացման ծրագրերի պատասխանատու Խաչատուր Սամվելի Բալասանյանի և Գյումրու ներկայիս փոխքաղաքապետ Սուրեն Սեպուհի Ջանոյանի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/8 հասցեում գտնվող 1հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2016թ. դեկտեմբերի 1-ին Ս. Ջանոյանի և Խ. Բալասանյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին` օտարման գին նշելով 4.900.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք: Բացի այդ, Ս.Բալասանյանը «Սև բերդ» ամրոցի շրջակայքն իրենը դարձնելու ձգտմամբ, իշխանական լիազորությունները չարաշահելու արդյունքում իր որդու` Խ. Բալասանյանի և Սիրական Մկոյանի նախնական համաձայնությամբ և համակատարմամբ Գյումրի համայնքի Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող 0,31049 հա հատուկ պահպանվող, պատմական և մշակութային արժեքների, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասը հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու, խեղաթյուրելու, օրինական շղարշի ներքո լեգիտիմացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 6-ին Խ. Բալասանյանի և Ս. Մկոյանի հետ ձևականորեն հողամասի առք ու վաճառքի պայմանագիր կնքելու միջոցով փոխանցել է Խ. Բալասանյանին՝ օտարման գին նշելով 16.000.000 դրամը, որի արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցվել է Խ. Բալասանյանի սեփականության իրավունքը, այդ կերպ հանցավոր ճանապարհով ստացված գույքը դնելով շրջանառության մեջ և հաղորդելով օրինական տեսք թաքցնելով գույքի իրական բնույթը»:  

Ի դեպ, Խաչատուր Բալասանյանը, որ հաճախ է բացակայում երկրից, այս անգամ մտադրվել էր մեկնել ԱՄՆ՝ հորը՝ Սամվել Բալասանյանին տեսակցելու, որը այնտեղ բուժվում է, ինչպես նաև առաջիկա օրը նրա ծննդյան տարեդարձն էր:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image