ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև երեկ՝ փետրվարի 22-ին, ստորագրվեց Եռակողմ փոխըմբռնման հուշագիր՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այս պայմանագրով կողմերն իրենց նպտակադրումն են հայտնում ներգրավել 150 մլն ԱՄՆ դոլար, ևս 100 մլն դոլար էլ կներգրավվի այլ պայմանագրով, և այդ գումարը ծախսվելու է հանքավայրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու և անհրաժեշտ տեխնիկա ձեռք բերելու համար։
Կառավարությունն ստանալու է նոր ընկերության բաժնետոմսերի 12․5 տոկոսը, դրա դիմաց չի վճարելու որևէ բան, բայց փոխարենն ապահովելու է գործարքի որոշակի ռիսկերից ապահովագրումը։
Քիչ առաջ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին՝ որպես նախարար ինչպես է վերաբերվում վերոնշյալին։
«Ես վստահեցնում եմ, որ բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները իրականացվել են, իրականացվում են։ Մենք ՝ որպես առողջապահական գերատեսչություն, վստահեցնում եմ, որ մշտապես հետևում ենք ոչ միայն տվյալ, այլև այլ տարբեր հանքարդյունաբերական կազմակերպությունների կողմից շահագոծման արդյունքում առողջությանը հասցված հնարավոր ռիսկերին։ Վստահեցնում եմ, որ բոլոր նոր տեխնոլոգիական միջոցներն ու հնարավորությունները օգտագործվելու են, որպեսզի ապահովվի ստանդարտներին համապատասխան շահագործումը»,- ասաց նախարար Ավանեսյանը։