Հարցազրույց

Քաղաքապետի թեկնածուն՝ իր ընտրվելու հնարավորությունների մասին

Քաղաքապետի թեկնածուն՝ իր ընտրվելու հնարավորությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած փրայմերիզը մեկնարկել է․ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի համար ինքնաառաջադրված 7 թեկնածուներին ընդամենը 3 օր է մնացել՝ քարոզարշավ իրականացնելու։ Դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին փրայմերիզի երկրորդ փուլն է՝ հարցումներ քաղաքացիների շրջանում, թե որ թեկնածուին են նախընտրում։ Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցում են քաղաքապետի պաշտոնակատարի 7 թեկնածու` Լևոն Անանյանը, որը  ներկա պահին աշխատում է կառավարությունում, Դավիթ Առուշանյանը՝ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, Էմմա Բարսեղյանը՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի աշխատակից, Շավարշ Արամյանը՝ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Վահագն Մկրտչյանը՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, Կարեն Սարուխանյանը՝ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, եւ Գյումրիի միասնական սոցիալական ծառայության պետ Սարիկ Մինասյանը, որը գյումրեցիներին հայտնի է նաև իր անցած քաղաքական ճանապարհով՝ 2018-ից հետո Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունով ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է եղել։ 

«Հրապարակ»-ի զրուցակիցը Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն է։

-Պարոն Մինասյան, Դուք՝ լինելով անկուսակցական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով որոշեցիք առաջադրվել եւ ՏԻՄ արտահերթ ընտրություններին չսպասեցիք, մինչդեռ Գյումրիում ունեք բավականաչափ ճանաչվածություն եւ միայնակ առաջադրվելու դեպքում էլ հաջողությունն սպասելի էր, ինչո՞ւ այդպես որոշեցիք՝ գնալ ընտրության ներկայիս իշխանության ցուցակով։

-Ասեմ։ Էս պահին քաղաքն անտերության է մատնված, ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելն ինձ հնարավորություն կտա որոշ խնդիրների լուծմանը, ես խորքային եմ վերլուծել, թե ինչ կարող եմ անել այս պահին իմ քաղաքի համար, էդ սրտացավությունը ստիպել է որոշում կայացնել։ Եթե հիմա Հանրապետականով կամ Դաշնակցությունով առաջադրվեի, էլի նույն հարցը տալու էիք, ճի՞շտ է․․․։ Բայց կարևորը, գիտեք, ո՞րն է․ գյումրեցին քաղաքի քաղաքապետ է ընտրում, ոչ թե կուսակցություն, հիմա ամեն օր մեկը մի կուսակցություն բացում է, ոչ մի կուսակցության գաղափարախոսություն էլ վատը չէ՝ հիմքում համախմբումն է, ազգի միասնությունը եւ այլն։ Այս պահին առաջարկ եղավ   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, ես էլ սիրով ընդունեցի ։

- Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվելու դեպքում ՏԻՄ ընտրություններին մեծ հավանականությամբ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն հենց Դուք կլինեք։ Լուրեր են պտտվում, որ գյումրեցիներին հայտնի գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Ձեր մտերիմ ընկեր Արման Սահակյանը ՏԻՄ ընտրություններին Ձեզ աջակցելու է, գիտենք, որ նա ունի բավականաչափ ռեսուրսներ։ Նույնը ասում են նաև Ձեր հորաքրոջ որդու՝ ԱԱԾ Շիրակի մարզի վարչության պետ Կամո Ներսիսյանի մասին՝ ասելով, որ նա նույնպես ընտրություններին օգտակար կլինի Ձեզ։

-Ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ԱԱԾ-ն ընտրություններին ինչով պիտի օգտակար լինի, բայց մի բան ասեմ՝ գյումրեցիներն ուժայիններին չեն սիրում, իհարկե  գյումրեցուն հատուկ հումոր էր։ Գյումրին ու գյումրեցիք զգայուն են, դա ես իմ աշխատանքի բերումով եմ  նաև ասում, որ առանց չափազանցության օրական 80-100 քաղաքացու  հետ եմ շփվում։ Ինչ վերաբերվում է ընկերոջս՝ Արման Սահակյանին, ես իմ ընկերներից ոչ մեկի քաղաքական հայացքներից կաշկանդված չեմ, իսկ ինձ օգնելու հարցում էլ՝ եթե որոշի օգնել, ուրեմն արժանի եմ, ուրեմն նա ինձ տեսնում է, հասկանում է, որ պիտի լինեմ այդտեղ։Եթե ես էլ իմ ընկերներից մեկին օգնում եմ, բնականաբար, հաշվի եմ առնում, նա արժե դրան, թե ոչ։

-Այնուամենայնիվ, եթե ընտրվեցիք ժամանակավոր պաշտոնակատար, ո՞րն է լինելու Ձեր առաջին քայլը։

-Նախ Գյումրու բոլոր խնդիրները պիտի գույքագրենք։ Պիտի ըստ առաջնահերթության հասնել դրանց լուծմանը։ Կարևոր է բանիմաց թիմը, պիտի հավաքենք բանիմաց մարդկանց, նաև ներկա աշխատողներին, որոնք ունեն աշխատանքային փորձ, դա ևս շատ կարևոր է։ Որովհետև գիտականորեն որքան էլ մարդը զարգացած, կարդացած է, միևնույնն է, եթե անմիջական գործողության մեջ չէ, չի կարող աշխատանքը հստակ պատկերացնել։ Զրոյից շատ անելիքներ կան․․․

-Հաշված օրեր են մնում փրայմերիզի ավարտին, բայց ակտիվ քարոզչություն թեկնածուների կողմից չի նկատվում, ինչո՞վ է պայմանավորված։

-Ֆիզիկապես հնարավոր չէ մի քանի օրում ամբողջական քարոզչություն իրականացնել։ Եթե ես այս երկու օրը հանդիպում կազմակերպեմ քաղաքի կենտրոնական բնակչության հետ, ապա ծայրամասերը կմնան, սա արդար չի։ Հիմա որոշակի քարոզչություն սոցիալական ցանցերով է իրականացվում եւ կարծում եմ, որ այս սեղմ, սահմանափակ ժամկետը հենց նրա համար է,  որ տալիս է հնարավորություն,  որ բացահայտեն, թե թեկնածուներից ով է  գյումրեցիների կողմից առավել ճանաչված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image