Քաղաքականություն

Հայաստանում կատարվող այս արշավի մասին տեղեկություններն ինչ շոկ կարող են առաջացնել այս մարդկանց մոտ

Հայաստանում կատարվող այս արշավի մասին տեղեկություններն ինչ շոկ կարող են առաջացնել այս մարդկանց մոտ

Նույնիսկ ամանորյա ուղերձում Նիկոլ Փաշինյանը չէր թաքցրել իր հպարտությունը, թե ինչքան շատ երկիր է այցելել և ինչքան շատ հյուրեր է ընդունել 2025-ին: Պարզ է, որ նպատակը դրսից իրեն ուղղված աջակցությունը շեշտելն է: Բայց եկեք փորձենք պատկերացնել, թե եվրոպական, և ոչ միայն եվրոպական, երկրների լիդերներն ինչպես են վերաբերվում այն բարբարոսական արշավանքին, որ Հայաստանի թիվ 1 պաշտոնյան նախաձեռնել է իր երկրի եկեղեցու և նրա առաջնորդի նկատմամբ: Փորձենք որևէ պետության ղեկավարի աչքերով նայել Փաշինյանի քայլերին ու Հայ առաքելական եկեղեցուն հայտարարված պատերազմին:

Դրան նայենք, օրինակ, Վրաստանի վարչապետ Կոբախիձեի աչքերով, ով աշակերտի հեզությամբ կանգնում է Իլյա պատրիարքի սնարի մոտ, որի հետ շփումը դարձել է ֆիզիկապես անհնար` առաջացած տարիքի պատճառով:

Նայենք ՌԴ նախագահ Պուտինի աչքերով, ով չեմ կարծում, թե խիստ հավատավոր քրիստոնյա է, սակայն բաց չի թողնում որևէ կարևոր հոգևոր ծիսակատարություն և չի փորձում միջամտել ռուս ուղղափառ եկեղեցու արարողակարգային հարցերին:

Նայենք Մեծ Բրիտանիայի կառավարության ու վարչապետ Ստարմերի աչքերով: Երկիր, որտեղ կռապաշտության հասնող պաշտամունք ունեն իրենց ավանդույթների նկատմամբ, ուր մնաց Անգլիկան եկեղեցու կամ Քենթրբերիի արքեպիսկոպոսի նկատմամբ որևէ չնչին ոտնձգություն մտքներով անցնի:

Նայենք Իտալիայի վարչապետի, ԱՄՆ կամ Ֆրանսիայի նախագահների աչքերով: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Հռոմի պապը, նաև այդ երկրներում գործող բոլոր մակարդակների հոգևորականները սրբության սրբոց են` անձեռմխելի ու անբեկանելի հեղինակություններ:

Պատկերացրիք, չէ՞, Հայաստանում կատարվող այս բարբարոս արշավի մասին տեղեկություններն ինչ շոկ և արգահատանք կարող են առաջացնել այս մարդկանց մոտ: Ինչքա՜ն վայրի կերևա հայ հասրակությունը նրանց աչքերում, որ իր պետության գլխին հանդուրժում է եկեղեցին ասպատակող նման սրբապիղծ իշխանության...

Գիտեմ, թե ինչպես կառարկեն ինձ եկեղեցու դեմ արշավող հորդայի անդամները. իբր նրանց եկեղեցին ու հոգևորականները սրբեր են` պաշտամունքի արժանի, կամ` ենթարկվում են իրենց պետությունների ղեկավարներին: Չհավատաք` դա լկտի սուտ է: Աշխարհի բոլոր եկեղեցիներում էլ կան վատ ու լավ հոգևորականներ, ոմանք խախտում են կանոնագրքերը, երբեմն անգամ Քրեական օրենսգիրքը, բայց նրանց պետությունների ղեկավարները կիրթ ու դաստիարակված անձինք են և կարմիր գծեր ունեն... Եվ որոշ հոգևոր առաջնորդներ ավելի ազդեցիկ են, քան իրենց պետությունների առաջին դեմքերը: Այնպես որ քաղաքական ուժերին ու պրոցեսները հաճախ հենց նրանք են կառավարում, այլ ոչ թե հակառակը...

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image