Քաղաքականություն

Ռազմական դիվանագետները շատ հարցերի նայում են այլ աչքով

Ռազմական դիվանագետները շատ հարցերի նայում են այլ աչքով

Հայաստան-Ադրբեջան պատերազմի հավանականությունը որքա՞ն է։ Հարցն ուղղում ենք ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինին։

«Մինչև նախորդ տարվա պատերազմը ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ պատերազմը միանգամայն անխուսափելի է, քանի որ ղարաբաղյան հարցը լուծված չէ։ Այն եղավ։ Եվ Ղարաբաղի հարցը նախկինի նման մինչև վերջ լուծված չէ։ Այնպես որ, ինչպես և նախորդ պատերազմից առաջ, ես համարում եմ, որ պատերազմին այլընտրանքը կարող է լինել միմիայն կողմերից մեկի բացարձակ կապիտուլյացիան։ Իհարկե, հիմա այլևս կա ռուսական գործոնն Արցախում։ Այն էլ 4 տարով, և որքանով ես եմ տեղյակ՝ կողմերից մեկի որոշումը հերիք է, որպեսզի այս որոշումը դադարի գործել»։

Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Մոսկվա՝ Կրեմլ, պաշտոնապես հաստատվեց։ ՌԴ նախագահի հետ հանդիպում։ Ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալ․ Խրամչիխինը վստահ է, որ հանդիպման օրակարգում ռազմական բաղադրիչ ունեցող հարցեր չեն կարող չլինել։ «Դժվար է պատկերացնել, որ նրանք չքննարկեն ռազմական բնույթի հարցեր։ Ամեն բնույթի` թե՛ տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը , թե՛ ռուսական զենքի մատակարարումները Հայաստան»։

Ռուսական ի՞նչ մատակարարումների մասին՝ ՌԴ-Հայաստան երկկողմ կամ ՀԱՊԿ-ի շրջանակներում կարող է խոսք լինել, և կա՞ն արդյոք սպառազինության մատակարարումների մասին այս պահին գործող պայմանագրեր։ Ռազմական փորձագետին հայտնի չէ։  

Հիշեցնենք, որ Մոսկվայում անցկացվող «Армия-2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց, որ Հայաստանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել ռուսաստանյան ընկերությունների հետ։ Ինչի մասին հայտնել էր Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը՝ առանց, սակայն, որևէ մանրամասների։

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, թե տեղյակ չէ նաև ադրբեջանական սպառազինություններից, թե ինչ զենքեր է պատրաստվում գնել Ադրբեջանը ՌԴ-ից։ Այն, ինչի մասին հայտարարել էր Ալիևն իր վերջին հարցազրույցներում։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան, քիչ, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր ռազմական բախումներին, ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանը հանդես կգա խաղաղ հանգուցալուծման կոչերով։ Ավելին՝ «գուցե փորձի պրակտիկ միջնորդական ջանքեր գործադրել»։

Ալիևի բարձրաձայնած Սյունիքով միջանցքի շուրջ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ հայտնի իրանագետ Գառնիկ Ասատրյանը վերջերս մեզ հետ զրույցում ասել էր, որ Մոսկվայում իրարամերժ կարծիքներ կան․ զինվորականները, Գլխավոր շտաբը դեմ են, իսկ, այ, օրինակ, ԱԳՆ-ն, տարբեր ուժային կառույցների ղեկավարներ՝ կողմ։ Ռազմական փորձագետը սա անուղղակի հաստատեց՝ ասելով, որ շատ բաների վրա ռազմական դիվանագետները նայում են այլ աչքով։ «Բայց քաղաքական որոշումներն ընդունվում են Կրեմլում»,-ավելացրեց նա։

Հիշեցնենք, որ իրանա-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում ԶՈՒ կուտակումներին ավելացել են իրանական ևս մի քանի բրիգադներ, որոնք մինչ այս սահմանին չկային։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image