Հասարակություն

101 արցախցիների հուզիչ պատմությունները՝ մեկ նախագծում

101 արցախցիների հուզիչ պատմությունները՝ մեկ նախագծում

«Շուշիից մինչև հիմա մին պեն ում հիշում, վեր շատ ծիծաղ ա։ Մունք մամուն, պապուն անընդհատ ամուսնացնում ընք։ Մատանիներ ընք սարքում` սկոչի էն տակի պեներից։ Մեծ քուրիկս մատանիներն ա իլա’լ պերելիս, ես երգն ում տիրալ ամուսնության մասին, մեծ ապերս սինտեզատոր էր նվագում, կուճի ապերս էլ դաշնամուրն ա իլա’լ նվագելիս։ Ու’րանք պարում էին, մունք էլ ասում ինք՝ գորկա՜-գորկա՜։ Մին 10-ից ավել անգամ տի ամուսնացրալ ընք ու’րանց։ Պապուն ծնունդն ա իլա’լ։ Պապան դե տոն չի կրեցալ կյա, Երևանում ա իլա’լ։ Մունք գիշերավ քընըքոն յեր ընք կացալ մամուն նհետ երգ սվերալ։ Մաման նկարում ա, մունք քընքոն խոսում ընք, երգում ընք, հետո 12-ը խփալա, պապուն ընք ուղարկում։ Ամեն կիրակի քյինալիս ում իլա’լ Ղազանչեցոց եկեղեցին։ Կանաչ եկեղեցին քեցած չում, բայց Ղազաչեցոցում շատ լյավ ա իլա’լ։ Պապաս էլ ընդեղ 13 տարի դպիր ա աշխատալ։ Միշտ քյինալիս ընք իլա’լ, մոմ ընք վառելիս իլա’լ»։ Այս պատմությունը Շուշիից գաղթած 10- ամյա Նարե Հակոբյանի արցախյան անգին հիշողություններն են։ Փոքրիկ Նարեի եւ եւս 100 այլ երեխաների մանկության հիշողությունները արցախյան բարբառով տեղ են գտել «Արցախ. իմ մանկության փողոցը. 101 պատմություն» նախագծի էլեկտրոնային հարթակում։ Այն իրականացվել է ՀԲԸՄ-ի՝ Արցախի վերաբերյալ հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Նախագիծն իրականացվել է 2024 թ. ապրիլ-դեկտեմբեր ամիսներին: Նախագծի շրջանակներում հարցազրույց են վարել 5-15 տարեկան 101 արցախցի երեխայի հետ, որոնք 2023 թ. բռնի տեղահանությունից հետո ապրում են Հայաստանում: Երեխաները արցախյան բարբառով պատմել են Արցախում իրենց քաղաքի, գյուղի, բակի, խաղերի, ընկերների մասին հետաքրքիր և լուսավոր հուշեր: Հարցազրույցները ձայնագրվել, ձայնագրությունները վերածվել են տեքստային պատմությունների, որոնք բարբառով և անգլերեն թարգմանությամբ տեղադրվել են կայքէջում: Կայքէջում նախատեսվում են նաև այլ լեզուներով թարգմանություններ: Նախագիծն իրականացվում է դեմառդեմ սկզբունքով, որի ընթացքում երեխաները կիսվում են իրենց պատմություններով: Բարբառային տեքստերի համար հիմք է ընդունվել տառադարձման միջազգայնորեն ընդունված մեթոդոլոգիան: Արցախյան բարբառից անգլերեն թարգմանվելիս երեխաների բանավոր խոսքը չի ենթարկվել միջամտությունների՝ հաշվի առնելով նախագծի նպատակը և առանձնահատկությունը։

Երեխաների պատմությունները արցախյան բարբառով գրի է առել Նինա Հայրապետյանը։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ պատահական չէ 101 թիվը, սա նշանակում է, որ պատմությունները շարունակվելու են։ «Մեկ ամսվա ընթացքում այս նախագծի շուրջ մեծ թիմ հավաքվեց՝ տեղեկատվական ոլորտի մասնագետներ, լրագրողներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն Արցախի մանուկների հանդեպ։ Նախագծի նպատակներից մեկն էլ արցախյան բարբառի պահպանումն է։ Երեխաները բարբառով պատմել են իրենց մանկության մասին»,-ասաց նա։
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Սթեփանյանի խոսքով՝ շատ կարեւոր է այս պատմությունների վավերագրումը, արձանագրել այն ամենը ինչ կապված է Արցախի հետ։ «Ցավոք, մենք տեսնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, առհասարակ իշխանությունները այդ նպատակով բավարար ջանքեր չեն դնում։ Կարող են ասել՝ դուք ձեր մեջ պահեք բարբառը, պատմությունը, ինքնակազմակերպվեք։ Ցեղասպանության թանգարանում պահպանվում եւ հարստացվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը, փաստարկները, վավերագրումները, սակայն մինչեւ հիմա չկա Արցախի մասով այսպիսի նախաձեռնություն։ Ինչ որ արվում է՝ սփյուռքի միջոցով է արվում, կամ տարբեր անհատների նախաձեռնությամբ»,-ասաց նա։

Այսպիսի նախաձեռնություններով, ըստ Ստեփանյանի, աշխարհը կարող է տեսնել, թե ինչ կյանքով էին ապրում մարդիկ մինչեւ 2020թ․-ի պատերազմը։ «Երեխաների այն երջանիկ օրերի մասին, որ ժողովուրդն ապրում էր Արցախում։ Նաեւ կարեւոր է այնքանով, որ այսպիսի նախաձեռնություններով կարող ենք փաստել ադրբեջանական հանցագործություններն ինչպես են անդրադարձել անմեղ երեխաների կյանքի եւ ապագայի վրա։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը պետք է շարունակական բնույթ ունենա»,-հավելեց նա։

Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախի Հանրապետությունը լիակատար հայաթափվեց, իսկ Արցախի նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը հայտնվեց կորստի սպառնալիքի տակ: Այս դեպքում վտանգի տակ են ոչ միայն Արցախի բարբառը, այլ նաև այն հիշողությունները, որոնք կապված են Արցախի հետ: Երեխաներն այս առումով ամենախոցելի խումբն են: Նախագծի նպատակն է, որ արցախցի երեխաները` որպես ոչ նյութական ժառանգության՝ բարբառի կրող, նաև նման մեխանիզմներով այն կիրառեն և պահպանեն: Նախագծի հեղինակը Նելլի Բաղդասարյանն է, ով չցանկացավ խոսել։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image