Հասարակություն

«Հրապարակ». Մենք անվտանգ տեղ չունենք, ամբողջը վտանգավոր ա, բայց դե գյուղը պետք ա ապրի

«Հրապարակ». Մենք անվտանգ տեղ չունենք, ամբողջը վտանգավոր ա, բայց դե գյուղը պետք ա ապրի

Սեպտեմբերը սարերի հետեւում չէ ու հայտնի չէ՝ Կիրանցի դպրոցականներն ինչպես եւ որտեղ են դպրոց գնալու։ 41 աշակերտ ունի գյուղը։ Նրանց կրթության իրավունքը վտանգված է։ Ադրբեջանի հետ սահմանազատման անվան տակ երկու մասի կիսված գյուղի դպրոցը հայտնվեց սահմանի եզրին: Իսկ դպրոցը նորակառույց էր` անգամ դեռ չավարտված, այսինքն` ընդամենը ամիսներ առաջ իշխանությունը տեղյակ չէր, որ նման իրավիճակ է ծագելու Կիրանցում եւ պետական բյուջեից ծախսվող գումարները քամուն են տրվելու, որովհետեւ նոր կառուցվող դպրոցը հայտնվելու է հակառակորդի ուղիղ թիրախում։ Թշնամին դպրոցից ընդամենը 50 մետր հեռավորության վրա է։ Ինչպես Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն էր ասում՝ իշխանությունները խոստացել են դպրոցի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ սեպտեմբեր, աշխատանքները դեռ շարունակվում են։ 

«Տեսնենք՝ ո՞նց ա լինում, ի՞նչ ա լինում, դեռ ոչ մի բան պարզ չի։ Հլա ոչ մի բան չի խոսացվել, դպրոցը հլա կառուցում են, չգիտենք՝ կհասցնեն, չեն հասցնի․․․»,- անորոշ ասում է Կամո Շահինյանը՝ ի պատասխան «Հրապարակի»-ի հարցին, թե ուսումնական տարվան ընդառաջ ի՞նչ երաշխիք են տվել իշխանությունները Կիրանցի դպրոցականների կրթության իրավունքի պատշաճ ապահովման համար, ԿԳՄՍ-ից եկե՞լ են գյուղ, քննարկե՞լ են հարցը։

2021 թվականին կառավարությունը ԿԳՄՍՆ-ին 100 մլն դրամ էր հատկացրել Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքների մեկնարկն ապահովելու համար: Շինարարական աշխատանքները պատվիրակվել են Քաղաքաշինության կոմիտեին։ Գյուղի հին դպրոցը վթարային է, բայց Կամո Շահինյանը չի բացառում, որ երեխաները հենց այնտեղ գնան սովորելու։ «Էնպես չի, որ սա էլ հեռու ա, մենք անվտանգ տեղ չունենք, ամբողջը վտանգավոր տեղ ա, բայց դե, գյուղը պետք ա ապրի»,-ասում է Կամո Շահինյանը։ Գյուղում առաջին դասարանցի կա՞ այս տարի։ Վարչական ղեկավարը չգիտի։ Ասաց՝ դեռ չի հասցրել այդ հարցով զբաղվել։
Կիրանցում  միայն կրթության խնդիրը չի անորոշ։ Անորոշ է առհասարակ գյուղի ապագան։ Նոր կառուցվող ճանապարհն էլ է թշնամու թիրախում։ Ինչպես վարչական ղեկավարը փոխանցեց, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների համար այս պահին ադրբեջանական կողմը լուրջ խնդիրներ չի ստեղծել, միայն հավաքել տարել է իրեն հանձնված  8 հեկտար ցորենի դաշտերի բերքը, որ կիրանցիներն էին ցանել ու մշակել։

 «32 հեկտար հող ենք հնձել, էն տարածքը, որ ընկել ա Ադրբեջանին՝ 8 հեկտարը, բերքը իրենց ա մնացել, որոշակի այգիներ են մնացել։ Էս պահին արտառոց բան չկա, գնացինք, հնձեցինք, բերեցինք, բայց իհարկե, խաղաղ չի կարելի ասել։  Կիպ կպած է, բայց աշխատել ենք»,-պատմեց Կիրանցի վարչական ղեկավարը։ 

Կամո Շահինյանից հետաքրքրվեցինք՝ կառավարությունը խոստացված փոխհատուցումները տվե՞լ է գյուղացիներին՝ նրանց ում սեփականությունը Ադրբեջանին է հանձնել։ «Ում ուզում ես հարցրու՝ ոչ մեկը ոչ մի բան չի կարա իմանա։ Դա միայն կառավարությունը եւ մարզպետարանը գիտեն։ Ես որտեղի՞ց իմանամ։ Դրա մասին վաբշե միք հարցնի, ես ոչ մի բան չգիտեմ»,-այսպես արձագանքեց վարչական ղեկավարը։

Գույքը կորցրած քաղաքացիների փոխհատուցման հարցը կառաավարությունը, չգիտես ինչու, գաղտնի է պահում։ Մարդկանց, ըստ տեղեկությունների, ստիպում են ստորագրել, որ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում են Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից։ Պաշտոնապես չի հայտարարվել նաեւ փոխհատուցման չափի ու հաշվարկման մեխանիզմների մասին։ Տեղեկություններ կան, որ խոսքը մինչեւ 130 հազար դոլար փոխհատուցման մասին է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image