Հասարակություն

«Հրապարակ». Այսքանից հետո ո՞վ է թողնելու՝ գնաք արձան քանդեք ու բերեք

«Հրապարակ». Այսքանից հետո ո՞վ է թողնելու՝ գնաք արձան քանդեք ու բերեք

Արցախի հայաթափումից հետո լուր տարածվեց, որ Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը, որն արցախցիները «Դեդո-բաբոյի» արձան են կոչում, ադրբեջանցիները որոշել են ոչնչացնել: Եվ հարցը ոչ այնքան այդ հուշարձանի մշակութային մեծ արժեքն է, որքան Արցախի սիմվոլ լինելը, մեզ` հայերիս համար թանկ կոթող, որի ոչնչացումը կարող է Արցախի իսպառ ոչնչացում նշանակել: Թեեւ ադրբեջանական կայքերից մեկը գրել էր, որ արձանի հետ կապված՝ իրենք եւս իրենց պատմությունն ունեն, եւ այն չպետք է ապամոնտաժել: 

Արձանը տեղադրվել է 1967 թվականին: Հուշարձանի քանդակագործը Սարգիս Բաղդասարյանն է, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը: Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակը պատրաստված է կարմիր տուֆից: Այն արցախյան հողում հայ ժողովրդի արմատների խորհրդանիշն է։ Հուշարձանն ավանդական հայկական տարազով՝ տարեց արցախցի ամուսիններին է ներկայացնում՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով, սեւեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի` կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, եւ նրանք այդ ճեղքից բարձրացել կանգնել են՝ ոտքերն ամուր դրած հայկական հողի մեջ: 

Արձանի հեղինակի` հայտնի քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի որդին` քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը, «Հրապարակի» հետ զրույցում ասում է` ինչքան էլ որ դժվար է այս բարդ իրողության հետ համակերպվելը, պետք է ընդունել, որ պարտվեցինք: Քանդակագործն անիրատեսական է համարում բոլոր այն պնդումները, թե հուշարձանը պետք է Հայաստան տեղափոխել: Նա կարծում է, որ եթե նման գումարներ պետք է ծախսվեն արձանը Հայաստան տեղափոխելու վրա, առավել նպատակահարմար կլինի հատկացնել բռնի տեղահանված արցախահայերին: Նա կարծում է, որ պետք է, անկախ ամեն ինչից, առաջ նայել, չկոտրվել, իսկ հուշարձանի մասին այսքան խոսակցությունները, նրա կարծիքով, ավելի են նպաստում թշնամու կողմից դրա ոչնչացմանը։ 
«Արձանն իրապես Արցախի կոլորիտն է, այն դեռեւս կա: Կարծում եմ, որ ինչքան այդ մասին խոսվում է, այնքան վտանգը, որ այն կարող են ոչնչացնել, մեծանում է: Իմ ցանկությունն այն է, որ այդ արձանը պահպանվի: Այն կարծիքները, որ պետք է արձանը հանեն Արցախից, Հայաստան բերեն, չեմ համարում իրատեսական ու տեղին: Այդ քարերն այնտեղից հանելն այնքան էլ հեշտ չէ, եւ, վերջապես՝ այսքանից հետո ո՞վ է թողնելու՝ գնաք, արձան քանդեք ու բերեք: Շուշիի պատկերասրահում կորցրել ենք մեր ողջ ժառանգությունը` նկարներ, քանդակներ, ընդ որում՝ շուրջ 16 քանդակ հորիցս: Հիմա որքան էլ այդ փաստը ցավալի է, մեզ ո՞վ թույլ կտա դրանք վերադարձնել: Դա մեր մշակութային ֆոնդն է, բայց միամտություն եմ համարում այն կարծիքները, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ին դիմելով՝ կարող է ինչ-որ բան փոխվել: Նրանք էլ մատը մատին չեն տալու, արդյունքում ավելորդ ժամանակ ենք ծախսելու: Սա է վիճակը: Ցավոք սրտի, ամեն ինչ այսպես դասավորվեց, եւ մենք պարտվեցինք…. Շատ խոսելուց չեմ կարծում, թե ինչ-որ բան փոխվի: Ադրբեջանցուն այլեւս ոչ մեկս չենք կարող խանգարել՝ եթե որոշեն ապամոնտաժել, ապամոնտաժելու են»,- նշում է ճարտարապետը: 
Հարցին, թե ինչու են ադրբեջանական աղբյուրները նշում, թե իբրեւ «Մենք ենք, մեր սարերը» արձանի հետ իրենք էլ իրենց պատմությունն ունեն, մեր զրուցակիցն ասում է. «Ադրբեջանը չի կարող որեւէ պատմություն ունենալ այդ հայկական արձանի հետ: Հեղինակը հայրս է, դա իր մտահղացումն է, ինչի՞ մասին է խոսքը: Ադրբեջանցիները ոչ մի պատմություն չունեն արձանի հետ»: 

Ճարտարապետն ասում է, որ, լինելով արմատներով արցախցի, մեծ ցավ է ապրում կատարվածի համար, նա կարծում է, որ մեր նախկին եւ ներկա ղեկավարների ոչ ճիշտ կառավարման արդյունքում կորցրինք մի ողջ հանրապետություն։ «Երբեք չէի մտածի, որ մի օր էլ Արցախ չի լինի, սակայն բոլորս էլ տեսնում էինք, որ 30 տարի շարունակ ամեն ինչ փոշիացվում է, զարգացնելու փոխարեն…. Եղավ այն, ինչ եղավ, այսօր մեղադրելն ամենահեշտ բանն է, որեւէ մեկին չեմ էլ ցանկանում մեղադրել այս ամենից հետո: Մենք ոչ մի կողմից ճիշտ քայլեր չարեցինք, դաշնակցի հարցում եւս սխալ դուրս եկանք: Ռուսին պետք չենք, ուղղակի պետք չենք, իսկ ադրբեջանցիները Թուրքիային պետք են: ՌԴ-ն շատ նորմալ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, այնպես որ՝ նա իր խնդիրներն ունի, եւ մենք այլեւս չպետք է նրա հետ հույսեր կապենք: Ինչ վերաբերում է գործող իշխանություններին, ապա այդ նույն իշխանությանը 2021 թվականին ընտրեց ժողովուրդը, դե հիմա թող իշխանությունները ժողովրդին պատասխան տան, թե ինչու այսպես եղավ: Ինձ շատ բան կարող է դուր չգալ, սակայն փաստ է, որ երկու տարի առաջ այս իշխանությանը եւս մեկ անգամ ընտրեց մեր ժողովուրդը: Ծանր ժամանակներ են, չպետք է հույսներս կորցնենք, պետք է հնարավորինս նոր սխալներից զերծ մնանք»,- եզրափակեց քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image