Իշխանական Araratnews.am կայքում իրեն լրագրող հռչակած Նանե Իսրայելյանը, որը նախկինում մոլի քոչարյանական էր, այսօր մոլի նիկոլական դիրքերից է հանդես գալիս՝ պարբերաբար հայտնվելով սկանդալների մեջ, երեկ մի լուսանկար էր հրապարակել, որտեղ իբրև թե ինքը Գորիսում է, եկել էր «Սյունիք` ինչ-որ սարսափ մարտական իրականություն նկարելու, արդեն պատկերացնում էի՝ ինչ թեժ մարտեր են ընթանում», բայց պարզել է, որ որ մի մարտ էլ չկա՝ դրանք հեքիաթներ են, Սյունիքում ուղղակի լռություն է։
Բնականաբար, աղջնակի այս հրապարակումը հերթական հայհոյանքների ու քարկոծման առիթը տվեց, հատկապես, որ իշխանական քարոզչամեքենայի այս ներկայացուցչի հրապարակած նկարներից երևում է, որ ինքը ոչ թե Գորիսում է, այլ Տավուշի մարզում, մասնավորապես՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի, Գվարզին սարի ու Ջողազի ջրամբարի մոտ։
Այստեղ, սակայն, ողբեգրությունն այն չէ, որ իշխանական կայքի «լրագրողը» որոշել է հերքել ՊՆ-ին ու պաշտոնական տեղեկատվությանը, թե Սյունիքում մարտեր են ընթանում, այլ ողբերգությունը նրա հրապարակումը հավանողների քանակն ու տեսակն է, հատկապես, երբ տեսնում ես, թե ովքեր են հավանողները։
Նանեի գրառմանը տարբեր էմոջիներով արձագանքել է շուրջ հազար օգտատեր, որոնցից 250-ը զայրույթ արտահայտող էմոջիով, 600-ից ավելին «լայքել» է, այսինքն՝ հավանել, 104-ն էլ՝ «սրտիկել»։ Ստացվում է՝ այդքան մարդ հավատում ու հավանում է այս աղջնակի տարածած ակնհայտ կեղծ տեղեկատվությունը։ Ու դրանցից մեկը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդին է՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը։ Նա Նանեի գրառումը «լայքողների» թվում է։ Եթե Սևակը չլիներ ԵԿՄ նախագահ, պատերազմի բովով անցած ազատամարտիկի որդի՝ կմտածեինք, որ շարքային զոմբի է, որը չի հասկանում՝ ինչ է կատարվում մեր երկրում, չի տիրապետում ոչ ռազմական, ոչ քաղաքական իրավիճակին, այլ «տիրապետում է» միայն Նիկոլ Փաշինյանի հանդեպ անվերապահ սիրուն ու վստահությանը։ Բայց, ցավալիորեն, հավանողներից մեկը հենց Սասուն Միքայելյանի որդին է։
Մյուսը հավանողը, որը հասարակ «լայքով» չի բավարարվել և որոշել է «սրտիկել» իրենց ենթակա այս «խիզախ լրագրողի» տարածած ապատեղեկատվությունը, գորիսեցի պատգամավոր է՝ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը։ Այստեղ էլ ողբերգությունն այնքան ցցուն չէր լինի, եթե Խաչատրյան Արմենը չլիներ ծնունդով Գորիսից ու չլիներ նաև նախկինում ուժային կառույցում աշխատած սպա, այսինքն՝ «գործից» քիչ թե շատ հասկացող մեկը։ Եւ այս մարդիկ մի ամբողջ քաղաք են ղեկավարում կամ մեր փոխարեն օրենսդիր մարմնում որոշումներ են կայացնում։

