Մշակույթ

«Հրապարակ». Ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու

«Հրապարակ». Ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու

Հարցազրույց արձակագիր, կրոնագետ Դավիթ Սամվելյանի հետ

- Խորհրդարանական ընտրություններից մարդիկ ակնկալում են որոշակի փոփոխություններ, ի՞նչ փոխվեց կամ ի՞նչ կարող է փոխվել մեր կյանքում՝ այս ընտրությունների արդյունքում:

- Ես, ցավոք սրտի, Հայաստանում քաղաքական գործընթացներին այդքան էլ շատ կարեւորություն չեմ տալիս, որովհետեւ, եթե հասարակության հիմքում արժեհամակարգային ինչ-որ բաներ չփոխվեն, ոչ մի ընտրություն չի կարողանա փոխել այս երկրում որեւէ բան: Ինքնին կյանքը փոփոխությունների վրա է հենված, բայց այդ փոփոխությունները պիտի մի քայլ առաջ լինեն, ոչ թե ետ գնանք: Թե՛ որպես պետություն, թե՛ որպես անհատ, քո յուրաքանչյուր ընտրություն կյանքում պետք է առաջ տանի քեզ, ոչ թե ետ գնաս: Երբ ինչ-որ կետի ես հասած լինում, դրանից ետ այլեւս չես կարող գնալ, բայց դրա համար պետք է ունենաս ամուր հիմք: Իսկ ամուր հիմք պետության համար կարող է լինել քո պատմությունը, քո մշակույթը: Բայց, ցավոք սրտի, այսօր հասարակական տրամադրությունների մեջ ե՛ւ մշակույթը, ե՛ւ մշակույթ ստեղծող մարդիկ արդեն վաղուց չեն դարձել առաջնայնություն: Փողոցում ամենասովորական մարդու արած արտահայտությանը, որ եթեր են արձակում, կարող են ավելի մեծ կշիռ տալ, քան մշակույթի մարդու խոսքին, որը կարող է տարբեր ձեւերով արտահայտվել: Որովհետեւ մշակույթի մարդն առաջին հերթին իր գործով է խոսում, այսինքն` մի նկարը, մի գրական ստեղծագործությունը, մի երաժշտությունը կարող է իր բողաքի ձայնը լինել, կոչը լինել, եւ այսպես` հազար ու մի բան:

- Ի վերջո, այս ընտրություններն ի՞նչ արտահայտեցին, ինչպիսի՞ հասարակական ու քաղաքակրթական տրամադրությունների ականատես եղանք։

- Ինձ համար ընտրություններն արտահայտեցին այն, ինչը տարիներով կուտակվել էր, այսինքն` ես տեսա մարդկանց մեջ ահավոր բեւեռացում: Իշխանությունները գալու եւ գնալու են, բայց մարդիկ շարունակելու են իրար երեսի նայել, իրար հետ շփվել: Այն թշնամանքը, որ, հուսամ, շատերի մոտ ավարտվում է սոցիալական ցանցերում, շատ երկար ժամանակ է պետք լինելու, որպեսզի հաղթահարվի: Ցավոք, այսօր դրանից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: Ընտրության արդյունքները բերեցին նրան, որ մարդիկ եւս մեկ անգամ ինչ ասես` իրար ասացին, նաեւ արեցին՝ սկսած բարեկամության, հարազատության քանդումից մինչեւ ընկերության խզում: Դա ինձ համար աբսուրդ է: Ոչ մի իշխանություն ինձ չի կարող արժեհամակարգ թելադրել` ամենաբիրտ իշխանությունից սկսած մինչեւ ամենալիբերալ իշխանությունը: Որովհետեւ բանական մարդն ինքն է իր կյանքի, տարիների փորձի վրա իր արժեհամակարգը ձեւավորում: Ընկնել ինչ-որ տրամադրությունների տակ եւ իրար հետ այդպես վարվե՞լ: Իմ ու քո քաղաքական հայացքներն էլ կարող են տարբեր լինել, ես ու դու կարող ենք տարբեր քաղաքական կուսակցություն ընտրած լինել, բայց դա չպետք է մեզ խանգարի մեր հարաբերություններում, որովհետեւ դու էլ ես լավն ուզում, ես էլ եմ լավն ուզում: Ամենավատ բանը, որում մեկ անգամ եւս համոզվեցի, այն է, որ Հայաստանը դեռեւս գտնվում է քաղաքական մտքի այն շրջանում, երբ ինչքան էլ խորհրդարանական ընտրություններ անենք, միեւնույն է, մենք անհատների շուրջ ենք մտածում, մենք անհատի ենք ընտրում: Չենք նայում, թե այս կուսակցությունը գաղափարախոսություն ունի, չունի: Չէ՛, Պողոսն է, Պետրոսն է, չգիտեմ էլ ով է, որ էս մեկը գա, լավ կլինի, էն մեկը գա, վատ կլինի մեզ համար, բայց չի ասում` էս մեկի թիմը գա` լավ կլինի: Առաջին հերթին դա պետք է մեր մեջ հաղթահարենք, այդ քաղաքական, հասարակական միտքը պետք է ձեւավորվի: Չի կարելի միայն անհատին տեսնել, անհատը միշտ սխալական է, իսկ երբ դու կուսակցություն ես ասում, արդեն գաղափարախոսություն է, առաջ շարժվելու տեսլական է: Այս անգամ դա նույնպես պարտվեց, որովհետեւ մենք մեր պատկերացումների, երազանքների «հովանավոր» դիտարկում ենք անհատներին: Իսկ անհատները միշտ սխալվում են:

- Ինչո՞ւ է մեր հասարակությունն այս ճգնաժամի մեջ, բարոյական, քաղաքակրթական պակա՞սն է, նման հասարակությունը կարո՞ղ է լուրջ արժեհամակարգ ունենալ:

- Մարդկային հարաբերություններում մենք մեզ արժեհամակարգ, ինքնության հիմք քրիստոնեությունն ենք համարում, իսկ քրիստոնեության հիմքը սերն է: Բայց մեր շփումներում, իրար հետ գործողություններում ամենապակասող բանը սերն է: Մենք բառերով ասում ենք, իսկ գործով շատ քիչ մարդիկ են ապացուցում այն, ինչ ասում են: Մենք ավելի շատ մշակույթով եւ պատմականորեն քրիստոնյա ենք: Չենք կարող մերժել, որ մեր մշակույթը քրիստոնեական արժեհամակարգի վրա ստեղծված մշակույթ է, եւ դա մեր հարստությունն է, որը մեզ կարող է առավելություն տալ աշխարհի տարբեր ազգերի նկատմամբ, բայց ոչ՝ հպարտություն։ Քանի որ մենք անգամ մեր երկրում, որ ոչ ոք չի խանգարում մեզ, երբ այսօր հնարավորություն ունենք ե՛ւ մեր քրիստոնեական արժեհամակարգն օգտագործելու իրար հետ հարաբերություններում ու հասարակական կյանքը կառուցելու մեջ, ե՛ւ ազատ մշակույթ ստեղծենք ու ընկալենք, բայց չենք անում եւ հետո ասում ենք` ինչու այսպես եղավ, ինչու այնպես եղավ: Այսինքն, մի քանի բան կա, որ կարող է նպաստել` սկսած հայրենիքը սիրելուց մինչեւ իրար սիրելը եւ հայրենաճանաչությունը, որ պետք է փոքր տարիքից մարդու սրտում դրվի, սրտում, ոչ թե մտքում: Իսկ մարդիկ քաղաքից դուրս են գնում կա՛մ քեֆ անելու, կա՛մ եկեղեցու մոտ սիրուն նկար ունենալու համար, ո՛չ շունչն են զգում կոթողի, ո՛չ պատմականությունը:

- Էլ ի՞նչ արժեք ու սրբություն մնաց, որ չպղծվեց եւ մոռացության չմատնվեց՝ այս վերջին տարիների ընթացքում, իսկ մենք կարծես հանդուրժում ենք ու պահպանում այս ընթացքը։

- Մոռացումը կամ ուրացումը չի փրկում եւ չի կարող ո՛չ մարդուն, ո՛չ հասարակություններին լավ տեղ հասցնել: Բաներ կան, որ ինչքան էլ փորձես խոսքով ջնջել, միեւնույն է, ազդեցություն չի ունենալու, չի մոռացվելու: Դու չես կարող ցեղասպանությունն ուրանալ, անհատից մինչեւ հասարակություն դժվար է լինելու, երբ դա այնքան եղած իրողություն է, որ անգամ ուրիշներն են ընդունել։ Բաներ կան, որոնց ընդհանրապես չպետք է կպչել: Կան գիտական եւ կան քաղաքական շրջանակների քննարկում եւ հասարակության համար ընդունված նորմեր, երբ դրանց տեղերը խառնվում են, անհամաչափություն է առաջանում: Ես իմ պատուհանից ամբողջ կյանքում Արարատ եմ տեսել եւ գիտեմ, որ Արարատը 1921 թվականից Հայաստանի տարածքում չէ, բայց ոչ ոք չի կարող ջնջել իմ միջից այդ խորհրդանիշը: Ցեղասպանությունը չես կարող բառերով ժխտել: Թուրքիան մի 100 տարի է՝ ասում է` չենք արել, բայց քաղաքակիրթ աշխարհը գիտի, որ արել է: Որոշ քաղաքական նպատակահարմարությունից կամ չգիտեմ ինչից ելնելով՝ ինչ-որ մեկն ինչ-որ մի բան ասել է, բայց դրանից իրականությունը չի փոխվում: Հազար քամիներ են եկել ու գնացել: Խնդիրն այն է, թե սովորական մարդն ինչքանով համաձայն է կամ ինչքանով համաձայն չէ ինչ-որ խոսույթի: Կա պատմական ընթացք, որին դու պետք է տեր կանգնես, ոչ թե յուրաքանչյուր հասարակարգի կամ պետական միավորի ժամանակ ասես` չէ, սա հին է, պետք է քանդենք եւ մերը ստեղծենք, մերն ավելի ճիշտ է: Այսօրվա հասարակության մեծ մասի հայացքը հենց այդպիսին է:

- Իշխանություններն Արցախյան շարժման էջը փակված են համարում, հնարավո՞ր է մի ամբողջ ժողովրդի շուրջ 40 տարվա պատմական ընթացքը սխալ համարել:

- Այսօր մենք, որպես պետություն, ունակ չենք Արցախի հարցով որեւէ բան առաջ տանել եւ դրսեւորել հայանպաստ դիրքորոշում` սկսած հայերի վերադարձից: Մենք ո՛չ կարող ենք ապահովել, որ այդ մարդիկ գնան իրենց հողում, պատմական բնօրրանում ապրեն, մենք անգամ չենք կարողանում ապահովել, որ մեր պատմական ժառանգությունն Արցախում չավերեն: Բայց լռելը ճիշտ չէ, մշակութային արժեքների պահպանման համար միշտ պետք է խոսել, որ դիմացինն իմանա` դու տեր ես: Եթե անգամ չխոսես, բայց գոնե ինչ-որ գործողություն անես, այսինքն` լծակ կիրառես այդ ուղղությամբ: Մենք այս պահին ե՛ւ որպես պետություն, ե՛ւ որպես հասարակություն, ունակ չենք որեւիցե հարց Արցախի շուրջ առաջ տանելու: Իսկ եթե ես պետք է խոսեմ՝ ինձ ցույց տալու համար սոցիալական ցանցերում, եւ դա խոսքի մակարդակում մնա, ավելի լավ է ուրիշ բան անեմ, որն օգուտ կտա:

- ՔՊ-ի նախընտրական ծրա­գրում նշված էր կաթողիկոսին հեռացնելու մասին: Կաթողիկոսը վարչապետին ենթակա նախարա՞ր է, որ հեռացնի։ Եկեղեցական օրենքներով ինչպե՞ս է նման խնդիրը կարգավորվում:

- Եկեղեցին մի ինստիտուտ է, որ ձեւավորվել է դարերի ընթացքում, որը ե՛ւ մշակութային, ե՛ւ հասարակական առումով, նաեւ շատ դեպքերում քաղաքականապես տիրություն է արել մեր ազգին: Փաստն այն է, որ մեզ՝ որպես ազգ, ներկայացրել է Եկեղեցին, կամ կաթողիկոսներն են ներկայացրել, եւ տարբեր իշխանություններ հաշվի են նստել մեր կաթողիկոսների հետ: Ամեն ինչից անկախ, Եկեղեցին ունի իր կանոնադրությունը․ ասում են` «Կանոնագիրք Հայոց», որն սկսվում է առաքյալներից եւ հասնում մինչեւ «Դատաստանագրքի» ժամանակները: Այդ կանոնների մի մասն այժմեական չէ, բայց կա մի բան, որն ինձնից ու քեզնից կամ Պողոսից կախված չէ. Եկեղեցու ներքին կյանքը ղեկավարվում է ներքին օրենքներով: Թե՛ մեկին կարգալույծ կանեն, թե՛ մյուսին կձեռնադրեն, թե՛ ժողով կգումարեն կամ չեն գումարի, այդ բոլորը հոգեւորականների մակարդակով է արվում: Կաթողիկոսին ժողովուրդը չի ընտրել, ինքը քաղաքացիական օրենքներին չի ենթարկվում: Կաթողիկոսը ձեռնադրվում է 12 եպիսկոպոսների կողմից, իսկ հոգեւորականի օծումը ոչ մի մարդ, դատաստան չի կարող զրկել օծումից: Կաթողիկոսը, օծումից բացի, Գերագույն ազգային եկեղեցական ժողովի կողմից է ընտրվում: Երկու դեպքում կարող է կաթողիկոսն իր «գահից» հրաժարվել. մեկը՝ եթե ինքը դավանաբանական խախտում է անում` Եկեղեցու դավանանքից է շեղվում, մյուսը՝ երբ մահացու կամ անբուժելի հիվանդ է լինում եւ ունակ չի լինում այլեւս կառավարելու, այդ դեպքում աթոռակալ են նշանակում, բայց էլի կաթողիկոսը մնում է կաթողիկոս, որովհետեւ, բացի ընտրությունը, ձեռնադրություն ունի: Այնպես որ, ասելով չէ, թե հեռացնելու եմ կաթողիկոսին, հո հակաթոռ կաթողիկոսություն չե՞ս ստեղծելու:

- Որպես գրող՝ ի՞նչ ցան­կու­թյամբ, ի՞նչ խոսքով կավարտեք մեր զրույցը։

- Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ փորձեր առաջին հերթին ինքն իր ներսը նայել, ցավոտ հարցն առաջինն ինքն իրեն տար եւ առերեսվեր իր հետ, նաեւ՝ սպառողական, առօրեական, պատեհապաշտ մոտեցումներից մի քիչ վեր լիներ։ Այդպես քո դիմադրողականությունն էլ է բարձրանում, կախվածություններ չես ունենում եւ ավելի պինդ ես լինում։ Նաեւ խելամիտ լինես, ոչ թե ցույց տաս կամ երեւաս, այլ՝ լինես։ Քո ազգի անցած ճանապարհը ոչ թե դրոշակ սարքես եւ հոխորտաս դրանով, այլ ապրես այն, ինչի մասին դու խոսում ես։ Իմ պատկերացրած լավագույնը կլինի, եթե ես այնպիսի պետությունում ապրեմ, որ սովորելու բան ունենամ, որ ես ամաչեմ։ Որովհետեւ, երբ հասարակության միջից ամոթը կորչում է, նշանակում է՝ այդտեղ արժեհամակարգ չկա։ Պետք է ընկածին փորձես հանել, այդ սերը պետք է ունենաս, եթե սեր չունեցար, կողքիդ ընկածին չես հանի երբեք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image