Մշակույթ

Ինչով է բացատրվում վարչապետի վարկանիշի 5 տոկոս դրական աճը

Ինչով է բացատրվում վարչապետի վարկանիշի 5 տոկոս դրական աճը

GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը նախօրեին ներկայացրեց ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Սահմանադրություն-Салфетка» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հուլիսի 3-6-ը՝ հեռախոսազանգերի միջոցով, հարցվածների քանակը՝ 1.100։   

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող ՀՀ սահմանագծման ու սահմանազատման գործընթացը, հարցվածների 16․7 տոկոսը նշել է` լիովին դրական, 21․2 տոկոսը` ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական՝ 17․5, ընդհանրապես բացասական՝ 39․4 տոկոսը, դժվարացել է պատասխանել 5․2 տոկոսը: Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքին, քաղաքացիները պատասխանել են հետեւյալ կերպ․ լիովին դրական՝ 13․4, ավելի շուտ դրական՝ 21․7, ավելի շուտ բացասական՝ 14․5, ընդհանրապես բացասական՝ 40․7 տոկոս։ 

Հետաքրքրական է, որ ամիսներ առաջ, նույն GALLUP-ի հարցումների համաձայն, եթե 2023 թվականի հունվարին՝ 13.8 տոկոսը, իսկ մարտին՝ 16.2 տոկոսը նշել էր, որ լիովին դրական են գնահատում Նիկոլ Փաշինյանի աշխատանքը, ապա 2024 թվականի մարտին միայն 8 տոկոսն է ասել, որ լիովին դրական է գնահատում վարչապետի գործունեությունը։ 17.1 տոկոսն էլ ասել է, որ ավելի շուտ դրական է գնահատում, 19.9-ը՝ ավելի շուտ բացասական, 47.1 տոկոսը՝ ընդհանրապես բացասական, իսկ 7.9 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Ըստ այդմ, այս տարվա մարտին առկա է եղել 70-78 տոկոսի չափով բացասական պատասխան՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխատանքի հետ։  

Թե ինչով է բացատրում մարտ եւ հուլիս ամիսների միջեւ առկա շուրջ 5 տոկոս դրական տատանումը՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի հետ կապված, ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի նախկին տնօրեն, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը դա մեծ տարբերություն չի համարում, հատկապես որ հենց կազմակերպությունն է նշում, որ կա + - 3 տոկոս որոշակի ճշգրտություն տվյալների հարցում, ինչը նորմալ է․ «Տոկոսների այդ աճն այնքան աննշան է, որ նույնիսկ հարցման ճշգրտության մեջ կլանվում են, այսինքն՝ եթե տարբերությունը լիներ 10-15 տոկոս, կարող էինք խոսել, որ ինչ-որ բան է փոխվել, եւ բնակչությունը սկսել է ավելի բացասական կամ դրական վերաբերվել, բայց 3-5 տոկոսի շրջանակները ցանկացած հարցման ճշգրտության տիրույթն են։ Այդ առումով չէի ասի, որ շատ լուրջ փոփոխություն է եղել, բայց, ըստ երեւույթին, որոշակի միտում կա դեպի դրականը, բայց սա այն միտումը չէ, որ կարող ենք ֆիքսել որպես իրողություն։ Կամ՝ մեկ ուրիշ կազմակերպություն էլ, որ նման հարցում աներ՝ ոչ հեռախոսային, այլ՝ դեմառդեմ, այդտեղ կարող էր մոտավորապես ոչ թե 9 տոկոս լինել, այլ` 7 տոկոս։ Այսինքն՝ մոտավորապես նույն պատկերը կստանային, արդյունքում կարող ենք արձանագրել, որ բացասական վերաբերմունքը ցանկացած դեպքում շատ ավելի բարձր է, քան դրականը։ Սա է խնդիրը»։

Գ․ Պողոսյանն իրականացված հարցման միջից առանձնացնում է ամենավերջին հարցադրման տվյալները, երբ խնդրել են մարդկանց գնահատել, թե որքանով են բավարարված կոմունալ ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազամատակարարում) անխափան աշխատանքով եւ որակով: Ներկայացվել է միջին գնահատականը (1-ը նշանակում է՝ ընդհանրապես բավարարված չեք, 5-ը՝ լիովին բավարարված եք)։ Ըստ այդմ, հարցվածների մեծ մասը դժգոհել է ջրից, ապա՝ էլեկտրաէներգիայից եւ քիչ թե շատ գոհունակություն հայտնել գազամատակարարումից։

«Այնպիսի տպավորություն է, որ սա այս հարցման հետ ոչ մի կապ չունի․ քաղաքական հարցման մեջ կոմունալ հարցադրումներ ենք դնում, բայց սոցիոլոգիայի տեսանկյունից շատ հետաքրքրական է, որովհետեւ նույն հարցվողներին դու ոչ թե քաղաքական հարց ես տալիս, որ նա վախենա իր դիրքորոշումը հայտնել կամ երկմտի, այլ երբ չեզոք հարց ես տալիս՝ ջուր, էլեկտրաէներգիա, գազամատակարարում, ստանում ես զարմանալի պատասխաններ։ Այսինքն՝ շատ ավելի պարզ, անկեղծ ու անբռնազբոս պատասխաններ են ստացվում, որովհետեւ քաղաքականություն մեջը չկա։ Սա խոսում է այն մասին, որ, բոլոր դեպքերում, մեր կողմից իրականացվող հարցումների պատասխանները քաղաքական երանգ ունեն, իսկ չկողմնորոշվածների մեծ տոկոսը ցույց է տալիս, որ մարդիկ, ունենալով դրական կամ բացասական կարծիք, այդուհանդերձ, խուսափում են պատասխանել, ինչի մասին են խոսում «Դժվարանում եմ պատասխանել»-ի բարձր տոկոսները։ Սա, կարծում եմ, գալիս է նրանից, որ վախի մթնոլորտը քանի գնում, խորանում է Հայաստանում, հատկապես՝ ազատ կարծիք արտահայտելու մասով։ Եվ հատկապես՝ հունիսի 12-ից հետո, երբ ոստիկանությունը նման դաժան ձեւով վարվեց իսկապես խաղաղ ցուցարարների հանդեպ, ինչը կրկին վկայում է այն մասին, որ վախի մթնոլորտը գնալով խորանում է։ Դրա համար այս տեսակ հարցումներն ինչ-որ պատկեր տալիս են, բայց ճշգրիտ ու վերջնական չեն կարող լինել, որովհետեւ շատ մարդիկ ուղղակի վախենում են կարծիք հայտնելուց»,- ընդգծում է սոցիոլոգը։

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախաձեռնած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, մայիսին հարցվածների 35.1 տոկոսն ասել էր՝ լիովին դրական, ընդհանրապես բացասական՝ 23.5 տոկոսը, իսկ արդեն հուլիսին լիովին դրական գնահատել էր 18.3 տոկոսը, իսկ ընդհանրապես բացասական՝  32,4 տոկոսը։ Այս փոփոխությունն ինչո՞վ է բացատրում, դարձյա՞լ վախի մթնոլորտով պայմանավորված, հատկապես հունիսի 12-ից դեպքերից հետո։ «Թե՛ վախի մթնոլորտով ու թե՛ նրանով, որ այն սպասելիքները, որոնք շարժման նկատմամբ կային, չիրականացան, քանի որ շարժումն ի սկզբանե հաշված օրեր էր տալիս՝ հաղթանակի հասնելու համար, բայց հետո շարժումը կարծես թայմաութ վերցրեց ու ակտիվ գործողություններից հետ է քաշվել։ Հենց սրանով էլ պայմանավորվում է որոշակի սառեցումը շարժման նկատմամբ։ Այսինքն՝ 2 լուրջ գործոն կա՝ վախի մթնոլորտ եւ հուսահատություն, քանի որ արդյունքի չհասան, համենայնդեպս, այն խնդիրը, որ դրված էր, շարժումը չլուծեց, գուցե հետո կլուծի եւ ինչ-որ նպատակի կհասնի, բայց պետք է հաշվի առնել, որ մարդիկ էլ են անհամբեր»։

Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարեւորագույն պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է: Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի, քաղաքացիները պատասխանել են հետեւյալ կերպ. պետք է մնա անփոփոխ՝ 80,3, պետք է որոշ դրույթներ փոխվեն` 11,7, իսկ «մեզ նոր սահմանադրություն է պետք»՝ պատասխանել է 3,3 տոկոսը: Այս մասով Գ․ Պողոսյանն ասում է, որ վիճակագրությունը շատ խոսուն է, քանի որ 80 տոկոսից ավելին համարում է, որ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ․ «Այսինքն՝ փոխելու կարիք չի տեսնում բնակչությունը։ Սա հասկանալի է, որովհետեւ եթե մի քիչ մասնագիտական վերլուծություն անենք, բոլոր դեպքերում, դա լուրջ մասնագետների, քաղաքական գործիչների խնդիր է, հասարակ ժողովրդին եթե հարցնեք՝ Սահմանադրությունն ընթերցել են, թե ոչ, մեծ մասը չի ընթերցել, մեծ մասն էլ չգիտի, թե այնտեղ ինչ դրույթներ կան, եւ որը պետք է փոխել։ Համենայնդեպս, ճնշող մեծամասնությունը դեմ է փոփոխությանը։ Սա խոսում է այն մասին, որ Սահմանադրությունն իրենց առօրյա կյանքի վրա ոչ մի ազդեցություն չունի, իրենք դա չեն զգում, դրա համար փոփոխելու կարիքն էլ չեն զգում, բայց քանի որ ընդդիմությունը պարզ ու հասանելի ձեւով բացատրեց, թե ինչ փոփոխության մասին է խոսքը գնում, այ, դա ավելի շատ ազդեց իրենց կարծիքի վրա, որովհետեւ մարդիկ դեմ են, որ մենք մեր ինքնության որեւիցե լուրջ տարրերից հրաժարվենք եւ այն էլ հրաժարվենք հանուն ինչի՞, միայն նրա համար, որ հարեւան երկրի նախագահը դա պահանջում է։ Դա շատ ծիծաղելի է, ու պատահական չէ, որ 80 տոկոսը դրան դեմ է, պատմության մեջ էլ նման դեպքեր երեւի թե չեն եղել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image