ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ լրագրողների առջև, ապա պատասխանեց մեր մի քանի հարցերին։ Նախապես որոշված էր, որ հարց տալու հնարավորություն ունի ընդամենը չորս լրատվամիջոցի ներկայացուցիչ։ Այդ չորս հարցից մեկը հնչեցրեց Hraparak.am-ը։ Մենք տիկին Փելոսիին նախ հիշեցրինք, որ իր պատմական այցից ընդամենը մեկ-երկու օր առաջ Հայաստանի իշխանությունները դժգոհության նոտաներ էին հղում Ռուսաստանի Դաշնությանն ու ՀԱՊԿ-ին, քանի որ նրանք չեն արդարացրել Հայաստանի ակնկալիքները՝ կապված Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմում Հայաստանին աջակցելու հետ՝ չնայած որ, պատերազմը դադարել է հենց Ռուսաստանի Դաշնության ջանքերով։ Ուստի հարցրինք տիկին Փելոսիին, թե արդյոք ԱՄՆ-ն ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ՌԴ ազդեցության գոտուց, և ի՞նչ է դրա դիմաց առաջարկում Ամերիկայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը, արդյոք պատրա՞ստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, Հայաստանի սահմանների անվտանգությունը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգությունը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նախ շնորհակալություն հայտնեց մեզ համապարփակ հարցի համար, ապա խնդրեց, որ հարցին նախ պատասխանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն։ Նա նշեց, որ ԱՄՆ հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մեկ անվտանգայիւն կազմակերպության մաս է կազմում, ուստի իրենք դրա հետ կապված որևէ բան չեն ասում։ «Բայց այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված՝ մենք մտահոգված ենք և ցանկանում ենք հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում»,-ասաց Ֆրենկ Փալոնեն։ Ապա նրա խոսքը շարունակեց ինքը՝ Նենսի Փելոսին։ Նա ևս, ինչպես Ֆրենկ Փալոնեն, հստակ չասաց, թե ինչպե՞ս են պատրաստ աջակցել մեզ անվտանգության հարցում կամ ԱՄՆ-ն պատրա՞ստ է, արդյոք, ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը, և ո՞րն է լինելու դրա գինը։ Փոխարենը տիկին Փելոսին խոսեց ժողովրդավարությունից, ժողովրդավարական արժեքներից, թե որքան կարևոր են դրանք իրենց համար, և թե ինչպես են իրենք աջակցում հենց այդ արժեքների տարածմանն ու կայացմանը։ Իհարկե, շեշտեց նաև, տարածքային անվտանգությունն ու սուվերենության կարևորության համար։ «Հայաստանի տարածքային անվտանգությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը շատ կարևոր է մեզ՝ Ամերիկայի համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իրենց համար առաջնահերթ են այս խնդիրները, և Հայաստանի ժողովրդավարությունն ուրախությամբ են ընդունում ժողվորդավար աշխարհում։ Փելոսիի խոսքի ժամանակ խնդիր առաջացավ թարգմանության հետ, նախ՝ սինխրոն թարգմանության սարքերը սկսեցին չաշխատել, որից հետո թարգմանիչը ստիպված եղավ տեղում լսել ԱՄՆ-ից ժամանած պաշտոնյաների խոսքն ու թարգմանել այն մամուլի համար, սակայն մի պահ մոռացավ ՝ Նենսի Փելոսին ինչ էր ասել, քանի որ նա բավականին երկար խոսեց՝ այդ թվում հիշատակելով այն մասին, թե ինչպես է ԱՄՆ Կոնգրեսը ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությանը կամ այնտեղից դուրս գալուն, ապա Տիկին Փելոսին շարունակեց Ֆրենկ Փալոնեի միտքը, որ այստեղ որոշողը Հայաստանն է․ «Այստեղ մենք որևէ ասելիք չունենք, ինչպես պարոն Փալոնեն նշեց, որոշումը, անշուշտ, Հայատսանն է կայացնում, այստեղ մենք մեր պատրաստակամության մասին կարող ենք խոսել»։ Ըստ էության՝ ԱՄՆ կոնգրեսականները որևէ հստակ բան չասացին մեզ աջակցության մասով, փոխարենը բացահայտ հայտարարեցին, որ իրենք այստեղ են՝ լսելու, թե Հայաստանն ինչ է ԱՄՆ-ից ակնկալում, և եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ ՀԱՊԿ-ից, իրենք դեմ չեն, իսկ թե ինչ կտան նրանք դրա դիմաց մեզ՝ այդպես էլ չհստակեցրին։
Մանրամասն՝ տեսանյութում