Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները երեկ դարձյալ բողոքի ցույցի էին ելել՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության որոշման, որով նախատեսվում է իրենց բուհը միավորել ֆիզկուլտինստիտուտի եւ Մանկավարժական համալսարանի հետ։ Բայց կրթության, գիտության ու էլի մի քանի հարցերի նախարարությունը ոչ մի կերպ չի ուզում հետքայլ կատարել իր որոշումից՝ ընդառաջ գնալով բրյուսովցիների պահանջին եւ այդ նախագիծն ուսանողների եւ դասախոսների հետ գոնե քննության առարկա դարձնել։
«Ուրեմն կառավարությունը հետ կանգնելու խնդիր չունի, նախագիծ է, որը քննարկվում է։ Էս ավելորդ աղմուկը, անկեղծ եմ ասում, իրոք չեմ հասկանում»,- երեկ կառավարության նիստից հետո մեզ հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Նրան բացատրեցինք աղմուկի իմաստը, այն է, որ Բրյուսովի դասախոսներն ու ուսանողները չեն ցանկանում ձուլվել այլ բուհերի հետ։
«Ձուլման մասին խոսք չկա, որեւիցե մեկը չի ձուլվում, որեւիցե մեկը չի փակվում, ամեն ինչ արվում է կրթության որակի բարձրացման համար»,- ասաց Դումանյանը։ Իսկ խորհրդակցե՞լ են համալսարանի ուսանողների, ղեկավար կազմի հետ, եթե նրանք դեմ են, ինչո՞ւ են ցանկանում միավորել։ «Այդ հարցի վերաբերյալ ես շատ եմ արտահայտվել, սահմանված կարգով ամեն ինչ արել ենք, մենք որեւիցե գաղտնիք որեւիցե մեկից չենք ունեցել, չունենք եւ չենք ունենալու»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Հարցրինք՝ գուցե միայն Մանկավարժական համալսարանն ու ֆիզկուլտինստիտո՞ւտը փորձեն միավորել։ «Երբ որ Դուք կլինեք նախարար, Դուք կքննարկեք այդ տարբերակը։ Երբ որ Դուք կընդունեք նոր քաղաքականություն․․․ բարձրագույն կրթության ոլորտի հնարավորություններն անթիվ-անսահման են։ Հիմա քննարկվում է այդ տարբերակը։ Իսկ եթե լիներ այնպես, ապա կլիներ այսպես»,- ասաց նախարարը։
Դումանյանին հիշեցրինք, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտխորհրդի նիստում համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը հայտարարել է, թե ԿԳՄՍ նախարարն իրեն առաջարկել է նոր կազմավորվող բուհում ունենալ որեւէ բարձր պաշտոն։ Մեր հարցին՝ ճի՞շտ է դա, եւ ի՞նչ են առաջարկել ռեկտորին, Դումանյանը կարճ արձագանքեց․ «Էդ իրեն ասեք, թող մինչեւ վերջ ազնիվ խոսի»։
Այս թեմայով խոսեցինք նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք ինքը հետեւո՞ւմ է ուսանողների բողոքի ակցիաներին եւ այստեղ մարդու իրավունքների, կրթություն ստանալու իրավունքի ոտնահարման խնդիր չի՞ տեսնում։
«Տեսեք, ընդհանրապես, ցանկացած կրթության քաղաքականության կազմակերպման նախընտրությունները կամ արդյունավետությունը քաղաքականություն մշակող մարմնի, էս դեպքում՝ ԿԳՄՍ նախարարության իրավասության տիրույթում է։ Այլ հարց է, որ կարող է խոսք գնալ, թե էդ գործառույթը կամ էդ արդյունավետ որոշումը կայացնելն ինչպես է հասունացվում, ինչպես է քննարկվում, բուհերի հետ քննարկվե՞լ է, թե՞ չի քննարկվել։ Անկեղծ ասեմ՝ ուսումնասիրությունը դեռ չունեմ ավարտած պատասխաններով, այսինքն՝ քննարկվե՞լ է, երբվանի՞ց է ծանուցվել, ի՞նչ քննարկումներ են եղել, ի՞նչ մտահոգություններ են եղել, եւ ի՞նչ կոնկրետ ծրագիր է դրված հիմքում, որը պիտի ապահովի բարձրագույն կրթության արդյունավետությունը»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը։ Հարցրինք՝ ցույց անող ուսանողները ՄԻՊ-ին դիմե՞լ են այս հարցով, Գրիգորյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, մենք որեւէ դիմում չունենք էս մասով, մենք ուղղակի մեդիամոնիտորինգի արդյունքում գիտենք, որ խնդիր կա, եւ ինքներս փորձում ենք ուսումնասիրել, հասկանալ»։
Նկատեցինք, որ Բրյուսովի անվան համալսարանի ուսանողներն ասում են, որ իրենք կայացած, բարձր վարկանիշ ունեցող բուհի ուսանողներ են եւ չեն ցանկանում ձուլվել այլ բուհերի հետ, ինչո՞ւ են իրենց փորձում ամեն գնով միավորել։ ՄԻՊ-ն ասաց, որ հասկանում է խնդիրը, սակայն կրկնեց նույնը, որ բուհերի քաղաքականությունը մշտադիտարկում է համապատասխան գերատեսչությունը։
«Էստեղ ոչ թե ինչ-որ բուհի կայացած-չկայացած լինելու հարցն է, այլ խոսքը կրթության բովանդակության մասին է, թե ինչ ծրագիր ունենք։ Ես, օրինակ, մինչեւ հիմա չեմ տեսել, օբյեկտիվորեն ձեռքիս տակ չունեմ էդ ծրագիրը, որը ենթադրում է, որ էս բուհերի պոտենցիալը միավորվելով՝ շատ ավելի մրցունակ կրթություն կունենանք»,- ասաց ՄԻՊ-ը։