Երեկ տեսանյութեր տարածվեցին, որ բազմաթիվ հայհոյանքների ներքո Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վտարվեց Սյունիքի մարզից։ Այսօր Քննչական կոմիտեի հարցուցած քրեական գործի շրջանակներու բերման են ենթարկվել մեծ թվով սյունեցիներ։
Երեկ տեղի ունեցած հավաքից հետո ձերբակալվել են Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, մեծ թվով սյունեցիներ։ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դեռ մանրամասն չի ուսումնասիրել երեկվա դեպքերը՝ գնահատական տալու համար։
Այսօր Երևանի Քննչական կոմիտե էր բերման ենթարկվել Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետի ազատամարտիկ եղբայրը՝ Արարատ Աղաբեկյանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանական համազգեստով ինչ-որ անձինք նրան բռնի կերպով բերման ենթարկվում։ Վերջինս նաև լուրջ առողջական խնդիրներ ունի, և բերման ենթարկվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։ «Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում», - այսօր գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքերով՝ տեսանյութում երևում է, որ Աղաբեկյանը «անմարդկային վերաբերմունքի» և «խոշտանգման» է ենթարկվել։
«Այդ տեսանյութը դիտելիս կարող եմ հստակորեն ասել, որ այստեղ կան լրջագույն խնդիրներ կապված թե՛ «Ոստիկանության մասին» օրենքի շրջանակներում, թե՛ քաղաքացուն բերման ենթարկելու ընթացքում նրա առողջական վիճակը հաշվի չառնելու և համապատասխան օգնություն ցույց չտալու տեսանկյունից։ Իրականում դրանք բավականին լուրջ խախտումներ են, որոնք նույնիսկ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգման տարրեր են պարունակում իրենց մեջ։ Ես տեսնում եմ, որ իրավապահ մարմինները գործում են օրենքի խախտմամբ։ Կարևոր է, որպեսզի իրավապաշտպան հանրույթը հստակորեն արձանագրի և նմանատիպ դրսևորումների վերաբերյալ դիրքորոշում հայտնի», - նշեց իրավապաշտպանը։
Երեկ նաև Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ իմքայլական վարչապետն ԱԱԾ պետի, ոստիկանապետի, որևէ դատախազի ներկայությամբ ցուցումներ էր տալիս, որ «տեղի է ունեցել օրենքի խախտում, և ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ և կոշտ կերպով կարձագանքեն»։ Հայհոյանքների համար, ըստ Հովհաննիսյանի, չի կարելի քրեական հետապնդման ենթարկել։
«Ցանկացած հայհոյանք, սպառնալիք և այլն, չի կարող քրեական գործի համար որպես հիմք դիտարկվել, դա պետք է դիտարկվի միայն վարչական իրավախախտումների շրջանակում։ Ինչ վերաբերում է վարչապետի՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորելուն, որպեսզի օրենքի ողջ խստությամբ այդ դեպքերը դիտարկեն, ապա դա ավելի շատ համակարգը մոբիլիզացնելու և պաշտպանություն ստանալն է համակարգի միջոցով, քան իրական օրենսդրական շրջանակներում գործելու հնարավորությունը։ Որովհետև օրենսդրական շրջանակներում նման հնարավորություններ իրականում շատ սահմանափակ են։ Բացի դրանից, նմանատիպ մարմինների ներկայացուցիչներին հորդորել, որպեսզի իրենց աշխատանքով զբաղվեն, մի փոքր նաև զավեշտական է։ Որովհետև թվում է, թե այլ հարցերում վարչապետն ընդունում է, որ իրենք իրենց գործերով զբաղված չեն, և անմիջական իր հորդորն է պետք, որ կարողանան զբաղվել իրենց գործերով», - ընդգծեց Զարուհի Հովհաննիսյանը։
Իշխանությունները նաև առանց որևէ փաստի երեկ սկսեցին տեղեկություններ տարածել Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի դեմ՝ փորձելով նրան ներկայացնել իբրև իմքայլական վարչապետի դեմ բողոքի գործողությունների կազմակերպիչ։ Այսօր հայտնի դարձավ, որ Երևանի Քննչական կոմիտեում Զաքարյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) առաջին մասով, երրորդ մասով, 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) առաջին մասով։ Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է։
Անդրադառնալով Զաքարյանի մեղադրանքին՝ Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ նախ այդ ամեն ինչը պետք է ապացուցվի։ «Պետք է ապացուցվի, թե կազմակերպիչներն ինչպես են ձևակերպում։ Պետք է ցույց տան կոնկրետ փաստերով, փաստագրեն»։
Իսկ վերաբերում է, թե ինչ-որ մեկին ասում են՝ «Հեռացի՛ր», «Դավաճան» են անվանում, ապա, ըստ իրավապաշտպանի, դա կարծիքի արտահայտում է։ «Իրենց կարծիքն է։ Ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք կա։ Հայհոյանքները, սպառնալիքներն ուղղակի Վարչական իրավախախտումների շրջանակում կարող է դիտվել և վարչական տույժ, տուգանք նշանակվել», - հավելեց նա։
Իրավապաշտպանն այլ մանրամասների չկարողացավ անդրադառնալ՝ նշելով, որ մանրամասն չի ուսումնասիրել երեկվա դեպքերը։ «Մանրամասն չեմ ուսումնասիրել, կհետևեմ, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվում և որքանով են կարողանում ապացուցելի լինել այդ մեղադրանքները, որքանով մերկապարանոց չեն», - նշեց տիկին Հովհաննիսյանը։
Երեկ նաև Մեղրիի Ագարակ քաղաքում սյունեցիների Փաշինյանին անվանեցին «կապիտուլյանտ», ինչին ի պատասխան նա արձագանքեց․ «Կապիտուլյանտը դուք եք»։ Հարցին՝ եթե սյունեցիները վարչական տույժի ենթարկվեն, ուրեմն Փաշինյա՞նն էլ պետք է ենթարկվի վարչական տույժի, իրավապաշտպանը պատասխանեց․ «Այո՛, օրենքի առջև բոլորն էլ հավասար են։ Իհա՛րկե։ Եթե այդպես է, ապա իրավապահ համակարգը պետք է գործի համաչափ, օրենքի շրջանակներում»։