Այլ

«Մոլորյալ ոչխարին» Հիսուսը փնտրում  ու բերում էր․․․ 

«Մոլորյալ ոչխարին» Հիսուսը փնտրում  ու բերում էր․․․ 

Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Եկեղեցու դեմ արշավում ու միանշանակ կարող եմ ասել՝ իշխանությունն աշխատում է բարձր աղմուկով՝ մի քանի քահանաներով, արագ տեսանելի ազդակներով, լրագրողական հնչեղությամբ։ Աղմուկը հաճախ հաղթում է, երբ մյուս կողմը լուռ է։ Շատ պարզ բացատրեմ։ Այսօր ինչու՞ է ձեզ թվում, թե Փաշինյանի կողմնակիցները շատ են։ Զուտ ֆեյքային աղմուկի, շրջիկ կրկեսների, թատերական ներկայացումների  պատճառով։ Ինքներդ էլ հաճախ զարմանում եք՝ ում խոսցնում,  Նիկոլի անունը չի ուզում լսել, բայց տես ինչ «պաշտպաններ» ունի հանդիպումների ընթացքում։ Ի՞նչ է ստացվում։ Օրվա իշխանությունը պետական ռեսուրսներով ստեղծում է իր ընդունելի լինելու միֆը։ Աղմուկ է ստեղծում ու ձեզ ներքաշում մեջը։ Նույն քաղաքական- հոգեբանական հնարքը, որը թելադրվում է դրսից, Եկեղեցու դեմ է օգտագործում։ Եկեղեցին սովոր է գործել ավանդական, «սպասողական» մոդելով, բայց իշխանության  կողմից կիրառվող մեթոդները ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաներ են և անհրաժեշտ է նույնատիպ արձագանք։

Հակառակորդը աղմկում է։ Բայց աղմուկը չի հաղթում այնտեղ, որտեղ կա խորություն, խաղաղություն և հույսի առաջարկ։ Հենց այստեղ է, որ Հայ Առաքելական Եկեղեցու  ուժը կարող է բացվել։ Եկեղեցին պետք է դուրս գա արձագանքող և պաշտպանվող դիրքերից ու ձևավորի սեփական դաշտը՝ ոչ թե խոսելով իշխանության, այլ ժողովրդի հետ։ Ինչու՞։ Որովհետև իրական մրցակցությունը ոչ թե իշխանության ու եկեղեցու, այլ համայնքի մեջ է։ Եկեղեցու օրակարգը դա պիտի լինի՝ համայնքը պահել սիրով, հավատով, խաղաղությամբ։ Ոչ միայն քարոզով, այլ կենդանի օրինակներով։ Նա չպետք է ներքաշվի Փաշինյանի առաջադրած օրակարգի մեջ։ Միայն մի օրինակ բերեմ։ Քահանայի սխալը պետք չէ ներկայացնել որպես «դավաճանություն»։

Զգացմունքային պատերազմում այդ լեզուն միայն ուժեղացնում է հակառակորդի աղմուկը։ Ավելի արդյունավետ է այն մոտեցումը, երբ լսարանի մոտ ձևավորում է վստահություն. «Մենք չենք պատժում մարդուն, մենք պաշտպանում ենք հավատացյալի հոգին»։ Այս տոնը հաղթող է, որովհետև ծառայողը  կզգա, որ ինքը պաշտպանված է։ Եթե Եկեղեցին յուրաքանչյուր աղմկող կամ օգտագործվող քահանային պարզապես դուրս գցի, ինքը կընկնի նույն խաղի մեջ՝ կարձագանքի արտաքին սադրանքին, և կառույցի ներսում կձևավորվի մշտական «պատժիչ» մթնոլորտ։ Դա հոգեբանականորեն թուլացնող է՝ և՛ ներսում, և՛ դրսից։ Շատ դեպքերում քահանան օգտագործվում է ոչ թե ամուր համոզմամբ, այլ հոգեբանական ճնշման, վախի, վիրավորանքի կամ ինքնագնահատականի խնդիրների պատճառով։ Կարգալույծ անելը ոչ թե բուժում է, այլ ընդամենը կտրում կապը, ու մարդը դառնում է ավելի կառավարելի արտաքին ուժերի համար։ Իսկ եկեղեցին կորցնում է նրան ընդմիշտ։ Եթե իշխանությունը փորձում է ցուցադրել, թե «տեսեք՝ եկեղեցում դավաճաններ կան», լավագույն հակազդեցությունը ոչ թե  աղմուկն է, այլ ասելը, որ նրանք ոչ թե դավաճաններ են , այլ մոլորյալներ, որոնք մոլորվել են ու կգտնեն իրենց ճանապարհը։ Ու սիրով պետք է փորձել աշխատել նրանց հետ։ Միայն այն դեպքում, երբ քահանան գիտակցաբար, համակարգված և կրկնվող կերպով աշխատում է Եկեղեցու դեմ,  կարգալույծ պետք է անել որպես պաշտպանական, ոչ թե պատժիչ քայլ։ Եկեղեցին պետք է պաշտպանել։ «Մոլորյալ ոչխարին» Հիսուսը  փնտրում ու գտնում էր։ Հիշենք առակը։ Այդպես պետք է վարվի Եկեղեցին։ Նման պարագայում Եկեղեցին չի մտնի իշխանության առաջադրած օրակարգի մեջ և հոգեբանական պատերազմում կհաղթի,  որովհետև ժողովրդին կփոխանցի  հավատ․ Եկեղեցին ուժեղ է, խաղաղ է, հոգատար է և չի թողնում իր մարդկանց, եթե նրանք մոլորվել են։ Հենց այստեղ է Եկեղեցու հոգեբանական հաղթանակի բանալին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image