Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն իր կիրթ գործընկերների հետ համատեղ է այս դաժան օպերացիան իրականացնում։ Պատժվում է Արցախի ըմբոստ ժողովուրդը, որը պատերազմից հետո մերժեց Նիկոլին եւ ամեն առիթով արտահայտում էր իր վերաբերմունքը նրա նկատմամբ։ Եվ պատժվում են, ըստ էության, Նիկոլին դեմ հանդես եկող անձինք՝ Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան։ Իսկ նիկոլական իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած եւ իշխանական ԶԼՄ-ների հաճախակի հյուրը դարձած Սամվել Բաբայանը, ով ամենաշատն է ադրբեջանցի սպանել եւ Ադրբեջանի կողմից դեռ 90-ականներից հետախուզման մեջ է, անարգել գալիս հասնում է Հայաստան։
Ուրիշ էլ ո՞ւմ են տանելու Լաչինի անցակետից, ովքե՞ր են արյան հոտ առած հրոսակների թիրախում, մենք չգիտենք։ Բայց ակնհայտ է, որ այդ վտանգի տակ են նաեւ Արցախի նախկին նախագահները, զինվորականները, Վիտալի Բալասանյանը։ Այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր չեն անցել Փաշինյանի «թրի տակով»։
Եթե դուք հակառակ կարծիքի եք, ապա հարցրեք ՀՀ իշխանություններին՝ ի՞նչ են արել, որ ադրբեջանցիներին խանգարեն՝ հայազգի գործիչներին գերի տանել, ի՞նչ են անում Ռուբեն Վարդանյանին եւ Դավիթ Բաբայանին ստանալու համար։ Քանի՞ նոտա են հղել Ադրբեջանին, քանի՞ կառույցի են դիմել, միջազգային ի՞նչ խողովակներ են աշխատեցրել, դրսում գործող ՀՀ դիվանագիտական ծառայություններից ո՞ր մեկն ինչ է արել այս օրերին, եվրոպական պետություններին կամ ԱՄՆ-ին դիմե՞լ են այս հարցով, Հայաստանում գտնվող ամերիկուհի տիկնոջը հորդորե՞լ են բարձրացնել այս հարցերը։ Փորձե՞լ է ՀՀ վարչապետը խոսել Ալիեւի ու Էրդողանի հետ, այնպես, ինչպես Երեւանի ընտրությունների նախօրեին ողջ աշխարհը ոտքի հանեց, որ իր եւ Էրդողանի հեռախոսազրույցը կազմակերպեն, որի ժամանակ, ըստ որոշ տեղեկությունների, խնդրել էր 2 օր համբերել՝ չսկսել ռազմական գործողություններ։ Ինչո՞ւ հիմա նույն ջանասիրությամբ չի փորձում կապվել եւ պահանջել, որ հետ տան մերոնց եւ դադարեցնեն մարդագողությունն անցակետից՝ թողնեն, որ հայրենիք կորցրած ժողովրդի բոլոր զավակները գան մայր Հայաստան։ Չէ՞ որ երկիրը հանձնում ենք, ինչպե՞ս կարելի է մեր հայրենակիցներին էլ հանձնել մարդակերներին ու հանգիստ ապրել դրանից հետո։
Թե՞ ոչինչ չեն անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կգան Հայաստան եւ իր դեմ պայքար կսկսեն, ու կվտանգվի իր անիծված աթոռը։
Արեգ Մարգարյան