Մշակույթ

Ո՞վ է այս օրենքի պատվիրատուն եւ շահառուն

Ո՞վ է այս օրենքի պատվիրատուն եւ շահառուն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի կողմից։
Համաձայն ներկայացված նախագծի հիմնավորման, ոլորտները կարգավորող՝ ներկայում գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին, ինչպես նաեւ՝ «չեն նպաստում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների եւ սկզբունքների կիրառումը»։

Նախագիծը մշակվել է բացարձակ գաղտնիության պայմաններում եւ արդեն իսկ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, բայց հետաքրքրական է, որ, այդքանով հանդերձ, Ի-դրաֆտում հանրային քննարկման դրված նախագծին, այս պահի դրությամբ, 80 տոկոսից ավելին կողմ է քվեարկել, ինչը նշանակում է, որ Ի-դրաֆտում «լցոնումներ անելով»՝ իշխանությունն ուզում է տպավորություն ստեղծել, որ բուհական եւ ակադեմիական համակարգը ոգեւորված է օրենսդրական նոր փոփոխություններով, ինչը, սակայն, այդպես չէ, քանի որ նախագծում սահմանվել են բուհերի լիցենզավորման եւ հավատարմագրման նոր հիմունքներ, որոնք մի շարք բուհերի փակման եզրին են կանգնեցնելու։ Նշվում է՝ լիցենզիա կարող է ստանալ այն բուհը, որն առնվազն 4 հազար ուսանող ունի, ինչն այսօր գրեթե անհնարին բան է Հայաստանում։ Այլ կերպ ասած՝ այս օրենքով բուհերի կտրուկ խոշորացման քաղաքականություն է տարվում եւ հիմք է նախապատրաստվում բուհերի միավորման եւ դրանք ակադեմիական քաղաք տեղափոխելու համար։ Համաձայն այս կարգավորման՝ փակման եզրին են հայտնվելու ագրարային, մանկավարժական, Բրյուսովի անվան համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի եւ կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի եւ պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաեւ՝ մարզային բուհերը:

Մտահոգություններից մեկը պայմանավորված է գիտական ինստիտուտները բուհեր տանելու հանգամանքով։ Թեպետ դա ներկայացվում է որպես բուհերի ինքնավարությանը, անկախությանը միտված քայլ, բայց ակադեմիական շրջանակներում վստահ են, որ դա ոլորտը վերահսկելու եւ այն քաղաքականացնելու ուղիղ ճանապարհն է։ Հատկանշական է, որ Ի-դրաֆտում նախագծի հետ կապված իրենց դիտարկումներում մասնագիտական համայնքի մտահոգությունները նույնն են։ Այսպես, օրինակ, Ստեփան Պետրոսյանի կարծիքով՝ «իրական նպատակը ԳԱԱ եւ գիտական համակարգի քանդելն է՝ «բարեփոխումների» եւ «ակադեմիական քաղաք» անլուրջ գաղափարի շղարշի ներքո: Համակարգից հասկացող մարդկանց համար ամեն ինչ պարզ է, սակայն կարեւոր են հասարակության անգրագետ եւ ագրեսիվ ընտրողները: Ո՞վ է այս օրենքի պատվիրատուն եւ շահառուն։ Ավելի լավ է սկզբից զբաղվեք դպրոցներում եւ բուհերում կրթության խայտառակ մակարդակով: Հաստատ, ներկա օրենսդրությունը դրան չի խանգարում»: Մեկ այլ օգտատիրոջ՝ Ինեսա Սահակյանի գնահատմամբ էլ․ «Մեծ անորոշություն կա գիտական ինստիտուտների ապագայի վերաբերյալ։ Յուրաքանչյուր օրենքի մեջ կա ենթատեքստային միտում՝ գիտական ինստիտուտները բուհերին միավորելը։ Վտանգված են գիտական ինստիտուտների ինքնուրույնությունը, գիտական ուղղվածությունն ու առհասարակ լինելիությունը։ Այս օրենքը գիտական հիմնարկություններին դնում է փաստի առաջ` ինտեգրվել որեւէ կառույցի կազմում, եւ պարզ չեն այդ գործընթացի ընթացակարգն ու իրականացման ձեւը»։
Ինչպես տեղեկացանք, օրենքի նախագծի հետ կապված՝ ԳԱԱ-ում եղել են արդեն բաժանմունքների ժողովներ, ինչպես նաեւ՝ քննարկում նախագահությունում եւ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում, որի հետ կապված մանրամասները կներկայացնենք առաջիկայում։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image