Քաղաքականություն

Որդին, օգնականն ու ՀՀԿ ավագանու ղեկավարը՝ Մարտուն Գրիգորյանի ցուցակում

Որդին, օգնականն ու ՀՀԿ ավագանու ղեկավարը՝ Մարտուն Գրիգորյանի ցուցակում

2025թ․ մարտի 30-ին Գյումրիում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ թվով 373 ավագանու թեկնածուներով։ Քաղաքական ուժերի համար ավագանիների թեկնածուների փնտրտուքը դժվար է եղել։ Այս պահին հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող յուրաքանչյուր երկրորդ գյումրեցին ներգրավված է ընտրությանը։ 

Hraparak.am-ը ներկայացնում է քաղաքական ուժերի շարքերում ընդգրկված ավագանիների թեկնածուներին։ Մարտի 30-ի ընտրություններին մասնակցելու են նաև դաշինքներ` այդ թվում՝ «Մեր քաղաքը» դաշինքը` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ՝ 34 ավագանու անդամի թեկնածությամբ : Նրա ցուցակի երկրորդ համարում է «Զարթոնք» խմբակցության Գյումրու ավագանու անդամ Սվետլանա Ադամյանը, որը, սակայն, այս ընտրությանն արդեն «Հայրենիք» կուսակցության անդամ է գրանցված։  3-րդ համարում  գյումրեցի արվեստագետ, հասարակական գործիչ Հովհաննես Գևորգյանն է:4-րդ համարում Լիզա Գասպարյանն է՝ Մարտուն Գրիգորյանի երկարամյա աշխատակիցը, նրա օգնականը , «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի խոսնակը, որը նաև տուրիզմի ոլորտի մասնագետ է։  5-րդ համարում ընդգրկվել է Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, որը այս պահին Գրիգորյանների հիմնադրած «Տրանս ակնթարթ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ուշագրավ է, թե ով է  ցուցակի 8-րդ անդամը ։ Նա ՀՀԿ ավագանու խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն է։ Hraparak.am-ը Միրզոյանից հետաքրքրվեց՝ արդյոք 8-րդ համարով  շանսեր ունի կրկին հայտնվելու համայնքապետարանում, եւ իր ՝ Գրիգորյանի թիմում ներկայությունն արդյոք վառ ապացույց չէ, որ ՀՀ երրորդ նախագահը սատարում է նրան։ 

«Ընդհանրապես նեղվելու խնդիր չկա, պարոն Գրիգորյանը՝ որպես կայացած մարդ,  հաղթելու մեծ շանսեր ունի։ Ես՝ որպես գործող ավագանու անդամ, երեք տարի շարունակ մեր պարտականություններն իրականացրել ենք եւ պատրաստվում ենք մեր կիսատ թողածը շարունակելու, եւ հենց դա է մեր   առաջադրման հիմնական անկյունաքարը, եւ որևէ խնդիր չկա, Գրիգորյանը հաղթող թեկնածու է ։ Պարոն Գրիգորյանի հետ մենք պայմանավորվածություն ունենք, որ մեր կիսատ թողած գործերը կարողանանք ավարտին հասցնել, թե որերորդ համարում եմ ցուցակում՝ դրա հետ կապված խնդիր չեմ տեսնում։Ունենք որոշակի հստակ ծրագրեր, որոնք պարոն Գրիգորյանի հետ համաձայնեցվել են, նորից եմ ասում՝ մեր գլխավոր խնդիրը մեր կիսատ թողած գործերն ավարտելն է, իսկ դրա լավագույն նախընտրական ծրագիրը Գրիգորյանինն է »,- Hraparak.am-ին ասաց ՀՀԿ ավագանու անդամը ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image