Հասարակություն

Եվրոպայի սփյուռքյան կառույցները դատապարտում են Փաշինյանի հայտարարությունը եւ դեմ են Արցախի ադրբեջանացմանը

Եվրոպայի սփյուռքյան կառույցները դատապարտում են Փաշինյանի հայտարարությունը եւ դեմ են Արցախի ադրբեջանացմանը

Փաշինյանի՝ մայիսի 22-ին արված հայտարարությունը, թե՝ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, բուռն քննադատությունների արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում: Դատապարտող հայտարարություններով հանդես եկան սփյուռքյան շատ կարեւոր կառույցներ: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

«Շվեդիայի Հայկական Կազմակերպությունների միությունը (UAAS) խստորեն դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։ Հայտարարությունը հակասում է նաև 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրապետական հանրաքվեի ժամանակ արտահայտած Արցախի պետական անկախության հռչակագրին։ Արցախի կարգավիճակն արդեն որոշվել է ժողովրդի արտահայտված կամքով, այնուհետև մի քանի անգամ վերահաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից։ Վերջին վերահաստատումը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո։ Ավելին, Արցախի ժողովրդի համար ցանկացած կայուն և տևական լուծում պետք է վայելի հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերի աջակցությունը։ Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլուզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան»։

«Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող մարմինը` CCAF-ը կտրականապես դեմ է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության սկզբունքին։ Մենք վճռականորեն սատարում ենք Արցախում հայ ժողովրդին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի դիրքորոշմանը, որը վերահաստատել է Արցախի ժողովրդի ինքնորոշման կամքը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 2-րդ հոդվածի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջ քաշված սկզբունքների։ Միջազգային օրինականության խնդիր հանդիսացող այս իրավունքն առավել եւս անհրաժեշտ է, քանի որ արցախահայությունը էթնիկական զտումների գործընթացի թիրախ է, որն ակնհայտորեն համահունչ է պանթուրքիզմին բնորոշ ցեղասպանական նախագծի շարունակականությանը, ինչպես վկայվում է մասնավորապես 2020 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ռազմական ագրեսիայի և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի շրջափակման միջոցով:

CCAF-ը, որը միավորում է Ֆրանսիայի տարածքում 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից ստեղծված ասոցիացիաները, բողոքում է պատմության կրկնության ռիսկերի դեմ եւ կոչ է անում միջազգային մարմիններին զերծ պահել այս սպառնալիքից և պաշտպանել հայ ժողովրդին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, իր պապենական տարածքներում խաղաղ և ազատ ապրելու անքակտելի իրավունքը։ CCAF-ը մասնավորապես կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին օգտագործել իրենց ողջ կշիռը միջազգային ասպարեզում՝ պաշտպանելու ազատ և ժողովրդավարական Արցախը, ինչպես նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ ընդդեմ Ալիևի ռեժիմի հանցավոր նպատակների։ Առանց արդարության և ազատության հնարավոր չէ խաղաղություն:

«Բելգիայի հայերի կոմիտեն մեծ մտահոգությամբ է հետևում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացմանը։ Այս շրջանի տեղաբնիկ հայ բնակչությունը, որը խիզախորեն պայքարել է խաղաղության, ազատության և ժողովրդավար ապրելու համար, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից հայտնվել է շրջափակման մեջ։ Այս խայտառակ իրավիճակը դատապարտվել է մասնավորապես Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի կողմից։ Այս պայմաններում միջազգային հանրության պարտականությունն է բոլոր անհրաժեշտ միջոցները գործադրել՝ վերացնելու շրջափակումը և ճանաչել Լեռնային Ղարաբաղի բնակիչների խաղաղ ու անվտանգ ապրելու իրավունքը։ Ցավով նշում ենք՝ ոչ միայն կոնկրետ ջանք չի գործադրվում այս ուղղությամբ, այլ՝ ընդհակառակը, այս քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողները, կարծես թե, բանակցում են տարածաշրջանի հազվագյուտ ժողովրդավարություններից մեկի կազմաքանդման պայմանների շուրջ՝ այն ամենավատ բռնապետություններից մեկի լծի տակ անցկացնելու համար։

Ի վերջո, կասկած չկա, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումը կհանգեցնի նրա բնակիչների էթնիկ զտումներին և հայկական քաղաքակրթության բնօրրան պատմական մշակութային ժառանգության անհետացմանը։ Հայ ժողովրդի պատմությունը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո, մեզ ցույց է տվել դրա բազմաթիվ օրինակներ։ Կեղծ կարճաժամկետ առևտրային շահերի քողի տակ նույնքան բացահայտ և անփութորեն խրախուսելով ամենաթողությունն ու բռնությունը՝ մենք հող ենք պատրաստում տարատեսակ սանձարձակությունների համար։ Ուստի կոչ ենք անում Բելգիային, նրա գործընկերներին և ընթացող քննարկումներում ներգրավված միջազգային խաղացողներին՝ չտրվել բռնապետությունների շանտաժին և սակարկությանը, այլ վերանայել իրենց ներկայիս դիրքորոշումը և լիովին ձեռնամուխ լինել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայության՝ իրենց հայրենիքում խաղաղ, անվտանգ և ազատ ապրելու իրավունքի գործին։ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հայտարարությունները, ամենայն հավանականությամբ, չեն ազատի բանակցությունների գործընթացում անմիջականորեն ներգրավված միջազգային հանրությանը և Եվրոպային այն մոտալուտ ողբերգությունից, որին բախվել են Լեռնային Ղարաբաղի հայերը»։

Միացեալ Թագավորության Հայ Համայնքային խորհուրդ եւ Իռլանդիայի թեմ.

«Հայաստանի Հանրապետութեան Վարչապետի վերջին շրջանին Հայաստան-Ատրպէյճան իրերայաջորդ քաղաքական հանդիպումներու լոյսին տակ կատարուող զարգացումները միայն զայրոյթ եւ կտրուկ մերժում կը յառաջացնեն իւրաքանչիւր հայ անհատի մօտ, որ խորապէս մտահոգուած է Արցախի Հանրապետութեան շուրջ քննարկումներով։

Երկուշաբթի՝ մայիս 22-ին, լրագրողներու հետ հանդիպման ժամանակ Ձեր արտայայտութիւնը, թէ՝ Հայաստան կը ճանչնայ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը 86.600 քառակուսի կիլոմեթրի սահմանումով, կը բացայայտէ Արցախի ժողովուրդի կամքի եւ իրաւունքի լրիւ անտեսումի Ձեր մտադրութիւնը։ Արցախի ժողովուրդը իր կամքը արտայայտած է 1991-ի դեկտեմբեր 10-ի հանրաքուէով, եւ համաժողովրդային կեցուածքով՝ համաձայն ՄԱԿ-ի որդէգրած ազգային ինքնորոշման սկզբունքներուն, եւ որեւէ իշխանութիւն իրաւասու չէ զայն վտանգի տակ առնելու կամ բեկանելու։ Որեւէ կոշտ ու անիրաւ ձեւակերպում, որ նկատի չ’առներ Արցախի հերոսական ժողովուրդի կամքն ու ինքնորոշման իրաւունքը, միաժամանակ կը խախտէ Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան Հռչակագրի եւ երկրի Սահմանադրութիւնը։ Այս նամակով կը փոխանցենք մեր համայնքի հաւաքական վրդովմունքը Արցախի հարցի շուրջ Ձեր վտանգաւոր կեցուածքի եւ դանդաղ ցեղասպանութեան դուռ բացող դիրքորոշման համար։ Ցեղասպանութենէն ետք Սփիւռքի մէջ ապրող սերունդներու հայկական ինքնութեան պահպանումն ու ապագան, ամբողջականօրէն կապուած են Հայ ժողովուրդի արդար պահանջատիրութեան հոլովոյթով, Հայաստանի եւ Արցախի մէջ ապրող մեր ժողովուրդի ազատութեան ու ապահովութեան իրաւունքներու պաշտպանութեամբ։ Այս պատճառներով է, որ Սփիւռքի հայութիւնը եւ այդ շարքին Միացեալ Թագաւորութեան մէջ ապրող հայութիւնը որեւէ պարագային երբէք չի կրնար հանդուրժել հայութեան իրաւունքներու ոտնահարումն ու շրջանցումը։ Արդեն բոլորիս պարզ է որ բռնապետ Ալիևը խաղաղութեան որեւէ մտայնութիւն չունի։ Ան սպառնացեր է ուժի միջոցով վերցնել տարածքներ վերջնագիր ներկայացնելով Արցախի իշխանություններուն, նշելով որ Արցախի խորհրդարանը պետք է լուծարուի, ինչպես նաեւ պետք է հրաժարական ներկայացնեն նախարարներն ու նախագահը, դիմում ներկայացնելով Ատրպէյճանի անցագրի ձեռքբերմանը: Միայն այս քայլերէն ետք Ալիևը պիտի դիտարկէ Արցախի իշխանություններու համար համաներման հարցը քննարկելու հնարավորութիւնը:

Որեւէ զիճում Հայաստանի կողմէ փաստօրէն հետեւանք կունենայ յաւելեալ պահանջներու եւ սպառնալիքներու։ Կը յորդորենք Ձեզ՝ հրաժարուիլ պարտուողական մտայնութիւնէն եւ անորմէ բխող կործանարար քայլերէն, համազգային մարտահրաւէրներու յաղթահարման համար գտնել խելամիտ ու արժանապատիւ լուծումներ։

Պարտք կզգանք նշելու, որպէս Միացեալ Թագաւորութեան հայ Համայնք հաստատակամ կը մնանք Արցախի հերոսական ժողովուրդի կողքին՝ իր հայրենիքին մէջ ապրելու ու խաղաղ արարելու իրաւունքն ու կամքը պաշտպանելով։ Այս իրաւունքները անտեսելու կամ մերժելու միտուած որեւէ նկրտում կտրուկ մերժելի է»:

«Գերմանահայոց Կեդրոնական խորհուրդը զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով, որ ԱՀ-ն չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որեւէ կառույցի կողմից, հատկապես՝ ՀՀ-ի իշխանության: Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ , որը բխել է ՄԱԿ «Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշմսն մասին» բանաձեւից եւ որեւէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել: 

Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իրա այդ հանձնառությամբ խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանդրության ամրագրումներն Արցախի մասին:….

Կոչ ենք անում համայն հայությանը՝ համախմբվել Արցախի Ինքնորոշման իրավունքի եւ ՀՀ ինքնիշխան տարածքների պաշտպանության շուրջ, եւ թույլ չտալ ՀՀ օրվա իշխանությունների կողմից Արցախի Հանրապետությունը եւ ՀՀ ինքնիշխան տարածքները Ադրբեջանին զիջելուն, համայն հայության համախմբման շնրհիվ է միայն հնարավոր հաղթական ելքը այս դժվարին իրավիճակից, այլապես աղետալի հետեւանքները հայկական պետականության համար անխուսափելի կլինեն»: 

Հ/Գ Հիշեցնենք, որ այս կառույցները ընդունվում եւ ճանաչվում են եվրոպական տվյալ երկրների իշխանությունների կողմից, որպես հայկական համայնքների օրինական ներկայացուցիչներ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image