Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, ոստիկանությանը համարում է «Սերժի մուսռնոց»։ Նա այդպես անդրադարձել է «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամների գործողությունների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր նախապատրաստելու վերաբերյալ լուրին․
«Ոստիկանություն մի ասա Սեռժի մուսռնոց ասա...Ահա թե ինչ է նշանակում «համակարգը դիմադրում է», ոստիկանը մերը չէ, ժող ջան… »,- գրել է մարզպետի եղբայրը։
Հիշեցնենք, որ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր և նետել վարչապետի ուղղությամբ։ Դրանից հետո համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որում աղջիկը ոմն «գյուղապետի» հետ զրույցում պատմում էր դեպքի մանրամասները, գյուղապետն էլ ընթացքում հայհոյանքներ էր հնչեցնում վարչապետի հասցեին: Դրանից հետո «Հեղափոխության պահապաններ» խմբավորման անդամները, որոնց կազմում է նաև «Հայելի» մամուլի ակումբը պաշարած երիտասարդներից մեկը, հանդիպել են գյուղապետին և ստիպել, որ նա ներողություն խնդրի։ Միաժամանակ «գյուղապետը» նշել է, որ տեսանյութը սարքած է եւ տեսանյութում ինքն ամենեւին էլ չի զրուցել այդ աղջկա հետ:
Փաստորեն մարզպետի եղբայրը արդարացնում է այս խմբավորման գործունեությունը և ոստիկանությանը համարում «մուսռնոց» միայն այն բանի համար, որ նյութեր են նախապատրաստում։ Ի դեպ, Ռուբեն Պետրոսյանը մարզպետի այն եղբայրն է, որը մեկ տարի առաջ պահեստազորի սպայի նկատմամաբ բռնություն էր գործադրել։