Այլ

Դատարանները փակեք, թող Նիկոլը դատի

Դատարանները փակեք, թող Նիկոլը դատի

ՔՊ-ն տարբեր դեմքերով հայտարարություններ է անում, բայց բովանդակությունը նույնն է՝ արատավորել թիրախավորված զոհին։

Կարևոր չէ, թե թիրախը պաշտոնյա՞ է, բարերա՞ր, քաղաքացի՞, թե՞ հոգևոր հայր։

Մեխանիզմը նույնն է՝ հրապարակային վարկաբեկում, որից հետո իրավական համակարգը կատարում է ՔՊ կուսակցության կամքը։

Ամոթալի և, անկեղծ ասած, խղճալի է, երբ իրավական բարձր ատյանները՝ հակակոռուպցիոն կոմիտե, դատախազություն, դատարաններ, ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարություններից հետո կորցնում են իրենց հեղինակությունը։

Այս կառույցներն այսօր ընկալվում են ոչ թե որպես արդարադատության մարմիններ, այլ որպես իշխանության խոսափողներ։

Ավելի ցավալի է, որ հենց այդ ատյանների փոխարեն՝ իշխանության ցուցումով գործող դատավորներն են դառնում կաշառակերության, սրիկայության «հոդված» դնող գործիքներ։ Գոնե արտաքինից թող պահպանեն պարկեշտության պատրանքը՝ որ մարդիկ դեռ հավատան դատական համակարգին։

Վտանգավոր ծայրակետում ենք․ մարդիկ դատարաններին հավատում են այնքան, որքան Նիկոլ Փաշինյանին, Վահագն Ալեքսանյանին, Արսեն Թորոսյանին, Ռուբեն Ռուբինյանին ու մյուսներին։

Այսինքն՝ գրեթե չեն հավատում։

Այսօր պետական պաշտոնյան հայտարարություն է անում, կատարում  դատավորի, դատախազի, քննիչի գործառույթները, իսկ դատարանը երկրորդական դերով  հաստատում է։ Իրավական պետության իմիտացիա ունենք, որտեղ նախ՝ դատում է իշխանությունը, հետո՝ դատարանը ձևականորեն հաստատում է դատավճիռը։

Դա չափազանց վտանգավոր է։

Դատարանը կարող է լավ բան լինել միայն այն դեպքում, երբ նրան հավատում են։
Բայց եթե դատական գործընթացից առաջ իշխանության ներկայացուցիչներն են մեղադրում, որակում, կաշառակեր են անվանում մարդկանց (և դա ամենամեղմ որակումն է), ապա ինչի՞ համար է դատարանը։ Թող իրենք դատեն, իրենք էլ հոդվածը դնեն։

Ի դեպ, այս զգուշացումները, եթե հաշվի առնվեն, ավելի շատ իշխանության օգտին կլինեն։
Որովհետև այսօր հայ քաղաքացին դատարանին չի հավատում։
Ձայնագրություն ասե՞ս՝  «կեղծ է»։
Գործ ասե՞ս՝  «կարած է»։

Այս սխեմայով իշխանությունը գուցե կարողանա կարճաժամկետ գոյատևել, բայց առաջ գնալու ոչ մի շանս չունի։ Եվ մարդիկ արդեն հեգնանքով ասում են․

«Դատարանները փակեք, թող ՔՊ-ն դատի։ Մեկ է՝ ինքն է դատում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image