Հասարակություն

Կարեն Գիլոյանն ասում է, որ Պեկին չի մեկնել խնայողության նկատառումներից ելնելով

Կարեն Գիլոյանն ասում է, որ Պեկին չի մեկնել խնայողության նկատառումներից ելնելով

2022 թվականի փետրվարի 6-ին Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը։ Օլիմպիադային Հայաստանը պետք է ներկայանար 6 մարզիկով, սակայն Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներից լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, ինչի պատճառով էլ նա թիմի հետ չէր մեկնել Պեկին։ Քովիդ թեստի դրական պատասխան էր գրանցվել նաեւ Դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանի  մոտ։

Այժմ Հայաստանի հավաքականը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում ներկայացնում են դահուկորդներ Կատյա Գալստյանը, Միքայել Միքայելյանը եւ Անգելինա Մուրադյանը, ինչպես նաեւ գեղասահորդներ Թինա Կարապետյանը եւ Սիմոն Սենեկալը։ Մարզչական կազմում են Արթուր Միքայելյանը եւ Ալլա Միքայելյանը, իսկ պատվիրակության ղեկավարն է ՀԱՕԿ-ից Արմեն Գրիգորյանը։

Փետրվարի 6-ին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի կազմից առաջինը ելույթ ունեցավ դահուկորդ Միքայել Միքայելյանը, որը հանդես եկավ սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել է 1:25:53.7 րոպեում եւ զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։

Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել, սակայն եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։ Օլիմպիական կոմիտեից Յուրա Ալեքսանյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց Միքայելյանի ելույթը․ «Մեր դահուկորդ Միքայել Միքայելյանը փայլուն ելույթ ունեցավ՝ իրենից հետ թողնելով մոտավորապես 34-35 հոգու, եւ գրավեց պատվավոր 47-րդ հորիզոնականը։ Դա մեծ, հրաշալի արդյունք է, որի համար մենք շատ ուրախ ենք, բայց մեր մարզասերը, իհարկե, ուրախ չի լինի, մարզասերին չեմպիոն է պետք։ Օլիմպիական խաղերում 1-ին համարից մինչեւ 60-րդ տեղ գրավողը, կարող է պատահել՝ հաջորդ օրը նույն մրցումը լինի, բայց անսպասելի արդյունքների փոփոխություն գրանցվի, Հայաստանի պայմանների համար 47-րդ տեղը գրավելը հրաշալի արդյունք է»,- ուրախությամբ նշում է Ալեքսանյանը։

Այս տարվա ձմեռային օլիմպիական խաղերը՝ դեռ չմեկնարկած, երկրպագուներին ու սիրահարներին գամել էին էկրանների ու համացանցի մոտ, քանի որ Ամերիկայի գլխավորությամբ մի շարք պետություններ հայտարարեցին օլիմպիական խաղերը բոյկոտելու մասին: Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել էին, որ իրենց պետական պաշտոնյաները ներկա չեն լինի խաղերին՝ «մարդու իրավունքների ոլորտում Չինաստանի վարկանիշի» պատճառով։ Ի հակադրություն այս երկրների, ինչպես հայտնի է, Ռուսաստանը ոչ միայն չբոյկոտեց, այլեւ երկրի ղեկավարի մակարդակով մասնակցեց ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը թեեւ չի հայտարարել բոյկոտին միանալու մասին, սակայն պաշտոնատար անձինք չեն մեկնել Պեկին, եւ, ըստ էության, մենք եւս միացել ենք այդ բոյկոտին, ինչը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, եւ որոշ փորձագետներ քննադատեցին այս պահվածքը, որով մենք մեր ռազմավարական դաշնակցի նկատմամբ դեմարշ իրականացրինք: Եվ դա կարող է լուրջ պատճառ դառնալ Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վատթարացման հարցում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մեր կողմից դիվանագիտական կազմի ներկայացուցչություն չունենալը չի կրում քաղաքական բնույթ։ «Իմ չգնալը եւս որեւէ քաղաքական երանգ չի պարունակում, ես պիտի գնայի, բայց տոմսերը 900 եվրոյից դարձան 3000 եվրո, եւ հետո՝ եթե ուզես հիմա գնալ Պեկին, չես կարող։ Միջազգային օլիմպիական կոմիտեն պիտի քվոտա տա, որ «Աէրոֆլոտը»  քո ազգանունն ունենա եւ քեզ տոմս վաճառի։ Վերջին ինքնաթիռը Պեկին, օլիմպիական խաղերի գնում էր հունվարի 31-ին, իսկ էնտեղից առաջինը հետ էր գալու փետրվարի 19-ին: Այսինքն, եթե ես գնայի, 20 օր պիտի մնայի, ու դրանից բխող բոլոր ֆինանսական հետեւանքներով, ես որոշեցի, որ չարժե պետական բյուջեի հետ էդպես վարվել, եւ խնայողության համար նպատակահարմար գտա չգնալ»,- ընդգծեց Գիլոյանը։ Բայց նույն խնայողության նկատառումները չեն աշխատում մյուս բոլոր դեպքերում: Օրինակ` ՔՊ-ական 3 կին պատգամավոր` 2 տղամարդու հետ, 5 օր մեկնել են Լյուքսեմբուրգի դքսություն` անհայտ պատճառներով եւ անհայտ արդյունավետությամբ:  

Նշենք, որ փետրվարի 10-ին Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին 10 կմ դասական ոճում հանդես են եկել դահուկորդներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանը։ Հիշեցնենք նաեւ, որ Կատյա Գալստյանը մեկ անգամ արդեն ելույթ է ունեցել՝ հանդես գալով արագավազքում (սպրինտ), եւ գրանցելով 4:00.48 արդյունքը՝ չի հաղթահարել որակավորման փուլը: Հայաստանի բազմակի չեմպիոնը ելույթն ավարտել էր 80-րդ տեղում, իսկ մրցմանը, ընդհանուր առմամբ, 90 դահուկորդ է մասնակցել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image