Հասարակություն

Գեւորգ Պապոյանը պետք է նվազագույնը հարցաքննվի

Գեւորգ Պապոյանը պետք է նվազագույնը հարցաքննվի

Ղազախստանից ներմուծված ցորենի վերաբերյալ մեր հրապարակած հոդվածաշարի հիման վրա՝ կերարտադրության ցորենը որպես պարենամթերք ներկայացնելու խաբեության հանգամանքները պարզելու եւ ապագայում ուղիղ Բաքվից ցորենի մատակարարումների հետ ասոցացվող վտանգները կանխելու համար այսօր հանրային քրեական վարույթ նախաձեռնելու խնդրանքով հաղորդում ենք ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։ 

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդման տեքստը։

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին

Հարգելի տիկ․ Վարդապետյան,

Ես լրագրող եմ, լուսաբանում եմ քաղաքականություն եւ միջազգային հարաբերություններ, տպագրվում եմ «Հրապարակ» օրաթերթում։ Ընթացիկ տարվա նոյեմբերին «Հրապարակ» օրաթերթում եւ hraparak.am կայքում իմ ստորագրությամբ լույս է տեսել հոդվածաշար (ընդհանուր թվով` յոթ հոդված) Հայաստան ներմուծված ղազախական ցորենի վերաբերյալ, որոնց հղումները ստորեւ մեջբերում եմ։

1. «ՀՐԱՊԱՐԱԿ». ԻՆՉ ԿԱՐԳԻ ԵՒ ԻՆՉՈՎ ՎԱՐԱԿՎԱԾ ՑՈՐԵՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ   

2.ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ 

3. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է III ԿԱՐԳԻ ԵՒ ՎԱՐԱԿՎԱԾ ՑՈՐԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻ՞Ց    

4. ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՑՈՐԵՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԱՆԱՍՆԱԿԵՐ Է, ԱՅԼԵՒ ԹՈՒՆԱՎՈՐ Է

5. ՂԱԶԱԽԱԿԱՆ ԾԼԱԾ ՑՈՐԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՉԷ       

6. «ՀՐԱՊԱՐԱԿ». ՂԱԶԱԽԱԿԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵ՞ՒԸ 
  
7. ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ПРОДКОРПОРАЦИЯ-Ն ԱՍՈՒՄ Է․ «ԳՆՈՐԴԸ ՆԱԽԸՆՏՐԵԼ Է 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՑՈՐԵՆ»    

Իմ վերոնշյալ հոդվածների եւ Ղազախստանի գյուղնախարարության Продкорпорация-ի հայտարարությունների արդյունքում բացահայտվեց, որ նոյեմբերին Հայաստան է ներմուծվել եւ հասարակությանը որպես պարենամթերք է ներկայացվել իրականում կերարտադրության համար նախատեոսված IV կարգի ցորեն (տեսնել կցված թուղթ 1)։ Ցորենը ներկրվել է իբրեւ թե Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում գտնվող «Բաղրամյան» ՍՊԸ-ի կողմից, սակայն ղազախական կողմի հետ բանակցողը համաձայն Продкорпорация-ի, եղել է Արտակ Շատվորյան անուն-ազգանվամբ անձնավորություն, որին «Բաղրամյան» ՍՊԸ-ում չեն ճանաչում, եւ որն էլ որոշել է առաջարկվող բարձրորակ, պարենային ցորենի փոխարեն ՀՀ ներկրել կերարտադրության ցորեն, այն էլ՝ Ղազախստանի երաշտ - հորդառատ անձրեւներ կլիմայական հերթագայության արդյունքում հասկի մեջ ծլարձակած, ինչը անթույլատերելի է սննդարդյունաբերության, անգամ կերարտադրության մեջ օգտագործելու համար (տեսնել 5. «ՂԱԶԱԽԱԿԱՆ ԾԼԱԾ ՑՈՐԵՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԱԼՅՈՒՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԿԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԻՏԱՆԻ ՉԷ» հոդվածի հղում-մեջբերումները եւ կից թղթեր 3, 4)։    

Տիկ․ Գլխավոր դատախազ, դիմելով Ձեզ խնդրում եմ, որպեսզի նախաձեռնվի հանրային քրեական վարույթ եւ պարզվի, ով է Ա․ Շատվորյանը, ինչ լիազորությամբ է նա բանակցել եւ ինչ պայմանագիր է կնքվել, որ հնարավոր է դարձել Ղազախստանից հասկի մեջ ծլարձակած, միկո, ալֆա, այլ տոքսիններով վարակի ենթակա, IV կարգի կերարտադրության ցորենի ներմուծումը Հայաստան, որը ՀՀ իշխանությունները տարփողել են որպես սննդամթերք՝ հասարակության առողջության համար ստեղծելով անթույլատրելի վտանգներ։ Ո՞րն է ՀՀ իշխանությունների ներգրավվածության եւ պատասխանատվության չափը Ղազախստանից կերարտադրության ցորեն ներկրելու եւ հասարակությանը որպես սննդամթերք մատուցելու կեղծարարությունում։ 

Խնդրում եմ հանրային քրեական վարույթի հարուցումով նաեւ պարզել, թե ինչ շահագրգռությամբ են առաջնորդվել Ղազախստանից ներմուծված IV կարգի, հասկի մեջ ծլարձակած եւ տոքսիններով վարակված կերարտադրության ցորենը որպես սննդամթերք ներկայացնելու քարոզչություն ծավալած Գ․ Պապոյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախարար ), Ա․ Ավանեսյանը (Առողջապահության նախարար), Տ․ Պետրոսյանը (ՀՀ ՍԱՏՄ ղեկավար): 

 Առանձնակի ուշադրությունն եմ հրավիրում հանգամանքին, որ դատելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ինձ ուղարկված պատասխանից որը հրապարակվել ենք 6. «ՀՐԱՊԱՐԱԿ». ՂԱԶԱԽԱԿԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՌԱՔՄԱՆ ԱԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ԻԼՀԱՄ ԱԼԻԵ՞ՒԸ» հոդվածին կից, գոյություն ունեն Ղազախստանից ներմուծված ցորենի խմբաքանակի լաբորատոր հետազոտության արդյունքներ՝ ղազախստանյան եւ հայաստանյան լաբորատորիաների, սակայն որեւէ օբյեկտիվ, թվային տվյալ այդ հետազոտություններից չի հրապարակվել։ Թվային տվյալներ հրապարակել է միայն Продкорпорация-ն (տեսնել 7. «ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ПРОДКОРПОРАЦИЯ-Ն ԱՍՈՒՄ Է․ «ԳՆՈՐԴԸ ՆԱԽ- ԸՆՏՐԵԼ Է 4-ՐԴ ԿԱՐԳԻ ՑՈՐԵՆ» հոդվածը եւ կից թուղթ 2)։ Դատելով  այդ տվյալներից նույնիսկ երբ IV կարգի, բացառապես կերարտադրության համար պիտանի ցորենը արհեստականորեն բարելավված ցուցանիշներով  առաքվել է Հայաստան (իսկ բարելավումը, գաղտնիք չէ, ժամանակավոր է եւ կատարվում է քիմիական հավելումներով) դարձյալ սնձանի` gluten-ի այնպիսի ցուցանիշ է արձանագրվել՝ 20%, որը թույլտրելի չէ սննդի արդյունաբերության մեջ։

Հետեւաբար, նոյեմբերին Հայաստան ներմուծված ցորենի խմբաքանակը ենթակա չէր սննդարդյունաբերության մեջ օգտագործման եւ եթե Գ․ Պապոյանը հրապարակավ պնդում է, որ օգտագործվել է, ապա պետք է նվազագույնը հարցաքննվի, քանի որ հանրային առողջության համար ստեղծված ուղիղ վտանգի մասին է խոսում։ («Բաղրամյան»

ՍՊԸ-ից մեր լրատվամիջոցին հայտնված տվյալներով ղազախական ցորենը ալյուր չի դարձել եւ սննդի մեջ չի օգտագործվել)։ 

Վերջին դրվագը, որ ապագային է վերաբերվում եւ ես չեմ հրապարակել, սակայն ամենից մտահոգիչն է․ երբ Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումներ իրականացնելու վերաբերյալ, նաեւ երկրորդ համաձայնության է ձեռք բերվել Բաքվի Գովսան նավահանգստում գտնվող ցորենի պահեստարանը ընդլայնելու եւ համատեղ ղազախա-ադրբեջանական վերահսկողությամբ տերմինալի վերածելու մասին՝ (տեսնել թուղթ 5)։ Դա նշանակում է, եւ բաց տեքստով էլ ասված է, որ ապագայում Ղազախստանից ներկրվող ցորենը ոչ թե տրանզիտ անցնելու է Ադրբեջանի տարածքով, այլ մատակարարվելու է բուն Բաքվից՝ դրանից արտածվող վտանգներով։ 

Ի տես բոլոր այս մտահոգիչ հանգամանքների, խնդրում եմ նախաձեռնել քրեական վարույթ եւ պարզել Ղազախստանից ցորենի ներմուծման պայմաններն ու հանգամանքները, որպեսզի կանխվեն Հայաստանի ժողովրդի առողջության համար ստեղծվող սպառնալիքները, որ բաց աղբյուրներից հասանելի տեղեկատվությամբ ակնհայտ են։

 Հարգանքով` Լուսինե Պետրոսյան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image