Հարցազրույց

«Հրապարակ»․ Եթե Արցախի կառույցները Հայաստանի համար խոչընդոտ են, թող այլ երկրում գործեն

«Հրապարակ»․ Եթե Արցախի կառույցները Հայաստանի համար խոչընդոտ են, թող այլ երկրում գործեն

«Հրապարակի» զրուցակիցը Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանն է:

- Որտե՞ղ եք ապրում Դուք այժմ, ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում:

- Ապրում եմ Աբովյան քաղաքում: Ինչպես բոլորը` մենք էլ ստիպված դուրս եկանք մեր հողից:

- Առաջնահերթ ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այժմ:

- Նրանք, ովքեր սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո Արցախից դուրս են եկել, գումարները ստանում են` մի քիչ ուշ, մի քիչ շուտ, բայց ստանում են: Փաստաթղթային խնդիրներ են լինում, բայց լուծելի խնդիրներ են: Իսկ 2020 թ. պատերազմից հետո Արցախից դուրս եկածները, որոնք եւս կորցրել էին տունուտեղ` Հադրութից, Քելբաջարից, Քաշաթաղից եւ այլն, մինչ օրս ստանում էին մեկ շնչի համար 40 հազար դրամ, բայց հիմա դա էլ չկա: Այդ գումարները հատկացնում էր Արցախը: Այդ մարդիկ փաստացի ոչ մի նոր ծրագրում չկան՝ այս պահի դրությամբ: 2020 թ. պատերազմից հետո, երբ մեր հողերին Ադրբեջանը տիրացավ, արցախցիների մի մասը մնաց Հայաստանում, մյուս մասը վերադարձավ Արցախ, այլ բնակավայրեր, ու, գիտեք, խնդիրը ոչ թե այն էր, որ մարդիկ չէին ուզում վերադառնալ Արցախ, այլ պարզապես բնակֆոնդ չկար, բնակարանաշինությունը չէր ավարտվել…. կոնկրետ Հադրութի համար Ստեփանակերտում բնակավայր էին սարքում, բայց մնաց կիսատ: Հիմա այդ մարդիկ փաստացի կանգնած են այս խնդիրների առաջ: Ես կոնկրետ Արցախից դուրս եմ եկել այս տարվա սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո:

- Արցախը հանձնելու հետ կապված՝ մեղավորների փնտրտուքը շարունակվում է, շատ-շատերը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, ոմանք` Արցախի իշխանություններին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ բանը նրան հասավ, որ Արցախն ամբողջությամբ հայաթափվեց:

- Ընդհանուր առմամբ, խնդիրները շատ են, բայց ես կոնկրետ Արցախի իշխանություններին եմ առաջին հերթին մեղադրում, որովհետեւ տեղում իրենք էին: Իրենք ճշգրիտ քաղաքականություն չվարեցին:

- 10 օրվա իշխանությունների՞ մասին է խոսքը:

- Ե՛վ նրանց, ե՛ւ Արայիկ Հարությունյանի իշխանության: Նրանք վարեցին ոչ ճշգրիտ քաղաքականություն, ժամանակին հումանիտար միջանցք չպահանջեցին, երբ արդեն իրավիճակը սրված էր: Այնպես չէր, որ լավատես էինք, ամեն ինչ տանում էր հենց սրան` դեռ այն ժամանակ: Ոչինչ չարվեց, վերջն էլ հասանք սրան:

- Բայց Հայաստանի իշխանությունները Բրյուսելում Արցախը ճանաչել էին Ադրբեջանի կազմում, ի՞նչ կարող էր անել Արցախի իշխանությունը:

- Այնպես չէ, որ Հայաստանի իշխանություններն անմեղ են, բայց խնդիրները հենց Արցախում էին, Արցախն ուներ իշխանություն: Խաղաղապահ զորախումբը պետք է անվտանգություն ապահովեր, դա չէր անում, ապրանք էին բերում` մի «կամազը» 4-7 միլիոն դրամով: Այդ ամենից պարզ էր դառնում, որ նման վիճակով երկար չենք ձգելու: Շատ դժգոհ ենք ռուս խաղաղապահներից: Անձամբ ես ունեմ ռուսական կրթություն, Ռուսաստանում էլ ապրել եմ, կոնկրետ ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեմ, բայց Ռուսաստանի վարած քաղաքականությունն ահավոր է: Մինիմալը գոնե չարեցին:

- Խոսվում է Արցախի պետական կառույցների պահպանման մասին, ՀՀ իշխանությունները դեմ են: Ի՞նչ կասեք Դուք:

- Արցախի պետական կառույցները, միանշանակ, պետք է պահպանվեն: Եթե դա Հայաստանի անվտանգության համար խնդիր է, եւ եթե բանը հասնի նրան, որ էլի հայտարարեն, որ չեն պահելու մեր ինստիտուտները, այդ դեպքում թող մեր կառավարությունը դառնա վտարանդի` այլ պետության ներսում, որը կընդունի նրանց: Դա ավելի լավ տարբերակ է: Հաստատ կլինեն երկրներ, որոնք կհամաձայնեն: Եթե մեր պետական կառույցները Հայաստանի համար խոչընդոտ են, ես կողմ եմ, որ Արցախի իշխանություններն աշխատեն այլ երկրում, չեմ ասում, թե այդ դեպքում մի մեծ հաջողություն կլինի, բայց գոնե Արցախի վերջին էջը չի փակվի, գոնե բանակցությունները կվարեն բուն Արցախի իշխանությունները, այլ ոչ թե փախստականների ինչ-որ ՀԿ-ներ: Եթե Հայաստանում մնալով Արցախի փոքրիկ մասն էլ չի պահպանվելու, ուրեմն ճիշտը դա է:

- Ո՞ր պետությունն եք պատկերացնում:

- Օրինակ` Ֆրանսիան: Գուցե` այլ պետություն, ես վստահ եմ, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունն այնքան թշնամական է որոշ պետությունների համար, որ կգտնվեն մեզ ընդունող պետություններ:

- Եթե հնարավոր լինի վերադառնալ Արցախ` տեղակայվեն միջազգային խաղաղապահներ, կվերադառնա՞ք:

- Որոշակի պայմաններով` եթե չլինի ադրբեջանական զորք Արցախում, եթե իշխանությունները լինեն հայկական, դպրոցներում էլ ադրբեջաներենի ու ռուսերենի փոխարեն հայերեն սովորեն, դեմ չեմ լինի: Բայց միջազգային խաղաղապահները չպետք է Ռուսաստանի նման լինեն…. վստահ եմ` այդ դեպքում շատերը կվերադառնան:

Լրահոս

Ամենաընթերցված

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հեռացող Նիկոլը մեզ ապագա չէ

Հուշեք ինձ, խնդրեմ, թե որն է օրվա ամենակարեւոր թեման՝ գյուղմթերքի արտահանո՞ւմը, խայտառակ ընտրություն...

×
Gallery Image