Մշակույթ

«Լուսնաքարը»․ դետեկտիվ, որն արժե դիտել

«Լուսնաքարը»․ դետեկտիվ, որն արժե դիտել

«Լուսնաքարը» Վիլքի Քոլինզի հեղինակած վեպի էկրանավորումն է։ Վեպն իր հերթին, որ գրվել է 1868 թվականին, համարվում է առաջին լիարժեք դետեկտիվ ստեղծագործությունը, որտեղ սահմանվել են այն կանոնները, որոնք իրենց հերթին ձեւավորել են 20-21-րդ դարերի դետեկտիվ կինոյի ժանրը։ Գործողությունները կատարվում են մերձքաղաքային կալվածքում։ Գործող անձանց թիվը սահմանափակ է։ Այս սկզբունքի հիման վրա ձեւավորվել է դետեկտիվ ժանրի ենթաժանրերից մեկը՝ «հերմետիկ դետեկտիվը», որի կանոններով ստեղծագործություններ ունի նաեւ Ագաթա Քրիստին։ Փորձառու սերժանտ Քաֆը եւ երիտասարդ Ֆրանկլին Բլեյքը նույն գործն են «հետաքննում», եւ այդ համատեքստում դիմակայություն կա նրանց միջեւ։ Այսկերպ ստեղծվում է հետաքննողների դուետի սկզբունքը, ովքեր տարբեր մեթոդներով են հետաքննում գործը։ Այս սկզբունքի զարգացումն է համարվում Հոլմս-Վաթսոն կամ Պուարո-Հեսթինգս համագործակցությունը։ Քոլինզը վարպետորեն կարողանում է ստեղծել «կեղծ հետքեր», որոնք հանդիսատեսի կամ ընթերցողի ուշադրությունը շեղում են իրական հանցագործից, ինչը եւ կարեւոր տարր է համարվում կինոսցենարի համար։ Պատումն իրականացվում է մի շարք կերպարների անունից։ Դա կինոյում թույլ է տալիս նույն իրադարձությունը դիտարկել տարբեր կերպարների տեսանկյունից։ Թե՛ վեպում եւ թե՛ կինոյում հատկապես սյուժեն հետաքրքիր է դառնում գաղութային անցյալի եւ «անիծյալ» գանձի թեմաների արծարծումով։ 

Վեպը, ի դեպ, էկրանավորվել է BBC-ի կողմից, 1972, 1996 եւ 2016 թվականներին։ Էկրանավորումներից յուրաքանչյուրն իր յուրահատկությունն ունի։ Իսկ պատումի կենտրոնում սերժանտ Կաֆն է, որն առաջին պրոֆեսիոնալ խուզարկուի կերպարն է հանդիսանում` ըստ էության։ Նա ավանտյուրիստ հերոս չէ կամ ճշմարտություն որոնող ռոմանտիկ ասպետ, այլ անալիտիկ եւ խորազնին դիտորդ, մարդ, որն ուշադիր է դետալներին, վերլուծում է ու կատարում եզրահանգումներ՝ հանցագործությունը բացահայտելիս։ Նրա կերպարը նախատիպային է եղել թե՛ Շերլոք Հոլմսի, թե՛ Էրքյուլ Պուարոյի կերպարների համար։ Գողացված «Լուսնաքարը»՝ ադամանդը, նաեւ սիմվոլ է, որն իր մեջ պարունակում է մի քանի իմաստ՝ բրիտանական կայսրական անցյալից մինչեւ անիծվածության մոտիվ եւ բարոյական պատասխանատվություն։ Այս ամենի շնորհիվ, գումարած նաեւ ռեժիսորական վարպետությունը, «Լուսնաքարն» օրինակ է այն բանի, թե ինչպես դետեկտիվը կարող է լինել ոչ միայն տրամաբանական առեղծված, այլ նաեւ՝ վիզուալ առումով՝ հագեցած դրամա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image