ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հուլիս ամսվա նախագահող, ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Նիկոլա Դե Ռիվիերին և ներկայացրել Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգությունները Հայաստանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ - Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների։
Նամակում շեշտվում է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի հանդեպ զուգորդվում են ամենաբարձր մակարդակով հնչող տարածքային պահանջներով, ռազմական գործողությունների սպառնալիքով, ազգային պատկանելության հողի վրա ատելության խոսքով։ Հաղորդվում է նաև, որ նամակը շրջանառվել է ՄԱԿ-ի ԱԽ անդամների կողմից և առաջիկայում կհրապարակվի որպես ՄԱԿ ԱԽ պաշտոնական փաստաթուղթ:
Իրականում, ինչպես պարզեցինք ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ զրույցում, սա դեռ չի նշանակում անդամ պետության կողմից պաշտոնական դիմում։
«Նամակը մի բան է, պաշտոնական դիմումը՝ այլ։ Նամակի պարագայում մեր ներկայացուցիչը նամակ է գրել ՄԱԿ-ի ԱԽ՝ նրանց ուշադրությունը հրավիրելու իրոողության վրա, բայց պաշտոնական դիմումը պետք է լինի գործադիր մարմնի կողմից (այսինքն՝ ԱԳՆ-ի կողմից, վարչապետի պաշտոնական դիմումով)»,-ասում է Գարիկ Քեռյանը։
Հիշեցնենք, որ վերջին օրերին մի շարք ՀԿ-ներ Հայաստանի կառավարությանն ուղղված կոչեր են անում՝ դիմելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ ԵԱՀԿ՝ օգտվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռված հնարավորություններից։
Ի դեպ, այս ՀԿ-ները որպես դիմելու հիմք վկայակոչել էին ՄԱԿ-ի կանոնադրության 35-րդ հոդվածը՝ երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու հետեւանքով ստեղծված վտանգները, մինչդեռ մեր ներկայացուցիչը Միավորված ազգերի կազմակերպությունում դիմել է 51-րդ հոդվածի հիմքով։ Ամեն դեպքում, միջազգային իրավունքի փորձագետի խոսքով՝ նամակը ևս կարող է դիտվել որպես սկսված գործընթացում առաջին քայլ։ «Եվ հնարավոր է, որ նամակից հետո լինի պաշտոնական դիմում, բայց ես չեմ կարծում, թե գործը դրան կհասնի»,-ասաց Քեռյանը։
Իսկ գործը դրան կհասնի այն պարզ պատճառով, որ Քեռյանի կարծիքով՝ անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը այդ ագրեսիան իրականում չքննարկեց։ «Եվ մենք մինչև հիմա չգիտենք, թե ԱԽ 5 անդամներից որ մեկն էր վետո դրել։ Սկզբում ասացին՝ Մեծ Բրիտանիան, հետո՝ Չինաստանը, հետո՝ Ռուսաստանը, էդպես էլ մենք չիմացանք»։ Նաև պատերազմի ավարտից հետո ստորագրվել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և հիմա սա դիտարկվելու է որպես «սահմանային անհամաձայնություններ»։
Քեռյանն ասում է, որ աշխարհում կա 200-ից ավելի պետություն, որոնցից շատ քչերն են, որ սահմանային վեճեր չունեն հարևան պետությունների հետ և կամ որտեղ չկան սահմանային խնդիրներ։
«Եվ պատկերացրեք, թե ամեն մի նման անհամաձայնության դեպքում դիմեին ՄԱԿ»,-ասաց քաղաքագետը։ Նկատեցինք՝ այնտե՞ղ էլ են թշնամի երկրի Զինված ստորաբաժանումները մխրճվել այլ երկրի տարածք։ Քաղաքագետն ասում է՝ տարածքային վեճի դեպքում մի պետությունը համարում է, որ դա իր տարածքն է, վիճարկող կողմն՝ իրենը և ասում է՝ նա մտել է իմ տարածք։ Նման օրինակները բազում են՝ Թուրքիայի և Սիրիայի, Էստոնիայի և Ռ Դ-ի միջև։ Կամ Քաշմիրի նահանգի համար Հնդկաստանի ու Պակիստանի միջև հայտնի տարածքային վեճը։ Կամ Հիմալայներում՝ Տիբեթի համար վեճը Չինաստանի և Հնդկաստանի միջև։ Քաղաքագետը վստահ է, որ ՄԱԿ-ը հայ-ադրբեջանական սահմանային վեճն իր ԱԽ-ի քննարկման հարց չի դարձնի՝ որևէ մի պետություն անպայման վետո կդնի։
Քեռյանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ նրբության վրա․ հայ-ադրբեջանական սահմանը գծված չէ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ «Գեղարքունիքում և Սյունիքի հատվածում, դեպի արևելք Արցախի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող հատվածը եղել է մեր վերահսկողության տակ և, ՀՀ իշխանությունները երբևիցե այնտեղ չեն անցկացրել սահմանազատում, սահմանագծում, սպասելով, հավանաբար, Արցախի խնդրի լուծմանը։ Հայաստանը Ադրբեջանի հետ ֆիքսված սահման ունի միայն այն վայրերում, որտեղ առճակատում է եղել և այնտեղ են Տավուշը և Նախիջևանը»,-ամփոփեց Քեռյանը։