Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրների շուրջ զրուցել ենք ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի հետ։
- ԱԽՔ Արմեն Գրիգորյանն օրերս հայտարարեց, որ ամերիկյան կողմի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առարկայական փուլում են։ Տեղյա՞կ եք` ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: Իրատեսակա՞ն է, որ ԱՄՆ-ն Հայաստանում ատոմակայան կկառուցի։
- Բանակցություններից տեղյակ չեմ, բայց այստեղ բացահայտ քաղաքական շտրիխ կա։ Եթե խոսքը մոդուլային ատոմակայանի մասին է, ապա դրա ռեակտորների շահագործման ամենամեծ փորձ ռուսներն ունեն։ Օ՛Բրայենը եկավ, ասաց՝ այստեղ պետք է կորիդոր լինի (կկտրվի կապն Իրանի հետ), ապա ասեցին` Ադրբեջանից գազ առեք (կկտրվի տնտեսական կապը Ռուսաստանի հետ)։ Հիմա էլ՝ միջուկային էներգետիկան։ Ամերիկան գիտի, որ հնարավոր չէ մոդուլային ատոմակայան բերել Հայաստան։ Եթե ընտրում ենք ամերիկյան տարբերակը, ապա սարքավորումները, միջուկային վառելիքը պետք է բերեն, տանեն, ո՞նց են անելու։ Ռուսաստանն այսօր վառելիքն ուղարկում է, որովհետեւ ՀՀ-ի հետ լոգիստիկա ունի։ ԱՄՆ-ն ՀՀ-ի հետ տրանսպորտային լոգիստիկա չունի։ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանն իրենց տարածքներով թույլ չեն տա նման սարքավորումների եւ միջուկային վառելիքի տարանցում։ Վրաստանը խորհրդային տարիներին էլ չէր թույլ տալիս։
- Մեծամորի ատոմակայանի տեխնիկական վերազինումն իրականացնում է «Ռոսատոմ»-ը, ինչպիսի՞ն կլինի ռուսական կողմի արձագանքն այս հայտարարությանը։ ԱԽՔ-ի հայտարարության գեոպոլիտիկ ենթատեքստը Մոսկվան էլ է, չէ՞, հասկանում։
- Բնականաբար։ Արդեն հայտարարություն են արել, նշել են, որ ՀՀ քաղաքական ղեկավարության կուրսը Հայաստանը կթողնի առանց էլեկտրաէներգիայի։ Ենթադրում եմ, որ գործող ատոմակայանի 10 տարին չլրացած՝ ռուսներն իրենք կարող են դադարեցնել միջուկային վառելիքի մատակարարումները, նրանց համար իմաստազուրկ է՝ շարունակել միջուկային համագործակցությունը ՀՀ-ի հետ։
- Իսկ, առհասարակ, ԱՄՆ-ն Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն ունի՞, դա քանի՞ տարի կարող է տեւել։ Խոսքը հենց մոդուլային կայանի կառուցման մասին է։ Արդյո՞ք դա Հայաստանի համար արդյունավետ կլինի։
- Ընդհանրապես, մոդուլային ատոմակայանների կառուցման տեխնոլոգիան՝ նոու-հաուն, ռուսական է՝ սովետական։ Ամեն ինչ սկսվեց դեռեւս ԽՍՀՄ օրոք սառցահատ նավերի վրա ատոմական փոքր ռեակտորներ տեղադրելուց, ապա դրանց հիման վրա ստեղծվեցին մոդուլային կայաններ։ Այսօր ՌԴ-ում եւ Չինաստանում արդեն մի քանի տարի է՝ 2020-ից սկսած, գործում են երկու կայաններ։ Առաջին ամերիկյան մոդուլային ռեակտորը սպասվում է, որ պետք է գործարկվի 2026-ին, չնայած ամերիկացիներն այդ տեխնոլոգիաները զարգացնում են։ Մոդուլային ատոմակայանը թույլ է տալիս առանց թանկ էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու, էներգետիկ համակարգ ստեղծել` ծայր հյուսիսում կամ անապատում, օրինակ՝ Չինաստանում՝ Գոբի եւ Տակլա Մական անապատում, Ավստրալիայում, որը ստացիոնար ատոմակայան չունի, բայց արդեն աշխատում է մոդուլային փոքր ատոմակայան ունենալու համար․ այդ երկրի տարածքի 80%-ն անապատ է։ Դրանց վրա աշխատում է նաեւ Արգենտինան, որը մեծ երկիր է։ Այնպես որ, դասական առումով Հայաստանը մոդուլային կայանների երկիր չէ, փոքր է, պատված է էլեկտրահաղորդման խիտ ցանցով։ ԱՄՆ-ն փոքրիկ մոդուլային ատոմակայան կառուցելու մասին է խոսել, նա այդ առաջարկն արել է նաեւ Ուկրաինային։ Նպատակն է՝ կտրել Հայաստանը ռուսական էներգետիկ համակարգից, մասնավորապես, ռուսական ատոմային էներգետիկայից։ Մոդուլային կայանները կառուցման մեծ ժամանակ չեն պահանջում, բայց, իմ գնահատմամբ, 1,5 անգամ ավելի թանկ են, քան ստացիոնար ատոմակայանները։ Այսօր լավագույն դեպքում մենք կարող ենք մոդուլային կայան ունենալ՝ 1 մեգավատը ոչ պակաս 8 մլն դոլարի արժեքով։ Դա շատ թանկ է։ Մոդուլային ատոմակայանների անվտանգությունը, առանձին վերցրած, ավելի ցածր է, քանի որ դրանք փոքր են, բայց, բոլոր դեպքերում, եթե դու ունես 6 հատ 100 մեգավատանոց բլոկ եւ մեկ հատ 600-անոց, ապա վտանգը գրեթե նույնն է։
- Ստացվում է, որ մեզ պետք է ստացիոնար ատոմակայան, ռուսական տարբերակն էժան է, այդ տարբերակի դեպքում կա լոգիստիկա։ Բա ի՞նչու են ընտրում ամերիկյան տարբերակը։
- ԱԽ քարտուղարը խոսել է, բայց խորամանկում է։ Հիմա էլ ասում են՝ ամերիկյան մոդուլային կայան, որի դեպքում Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի տարածաշրջանից։ Սա նաեւ թուրքական ծրագիր է։ Արմեն Գրիգորյանն այդ հայտարարությամբ, ըստ իս, ասում է, որ ռուսական ատոմակայան չի լինելու։ Իրականության մեջ նրա հայտարարությունն այն մասին է, որ Հայաստանը 10 տարուց ընդհանրապես միջուկային էներգետիկա չի ունենալու։ Ամերիկան այստեղ ատոմակայան չի կառուցելու։
- Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգվեց՝ մինչեւ 2036-ը։ Ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ է անհրաժեշտ այսօր մեր էներգետիկ անվտանգության ապահովման համար։
- Արդեն ասացի, որ մոդուլային ատոմակայանները չեն կարող արդյունավետ լինել Հայաստանի համար։ Բանն այն է, որ մենք ստացիոնար ատոմակայան ունենք, եւ հիմնական ծախսերն արված են։ Դա վերաբերում է հովացման ու անվտանգության համակարգերին, ենթակառուցվածքին, թափոնների գերեզմանին եւ այլն։ Ատոմակայանը գտնվում է մեր հայկական հարթակի վրա, եւ այնտեղ պետք է կառուցել ստացիոնար՝ մինչեւ 600 մեգավատ հզորությամբ մի էներգաբլոկ, որը բավականին էժան կնստի՝ մոտ 3 անգամ ամերիկյան տարբերակի համեմատ, քան եթե մենք նոր ատոմակայան կառուցենք։ Կրկնում եմ՝ բացի ռեակտորից, որը պետք է փոխարինել նորով, մյուս ենթակառուցվածքները մեզ մոտ կան։ Սա պետք է հաշվի առնել։ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար մեզ պետք է նախեւառաջ զարգացնել արեւային եւ քամու կայանները, հատկապես՝ արեւային, քանի որ քամու մեծ պոտենցիալ չկա, բայց մեզ կայունացնող հզորություն է պետք, եւ կայունացնող հզորությունը հենց պետք է լինի ատոմակայանը։ Մեզ պետք է 500-600 մեգավատ նոր հզորություն, որովհետեւ արեւային կամ քամու կայանները կարիք ունեն կայունացնող հզորության։ Մինչեւ 2036թ․ մեր ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել են: Իհարկե, եթե ռուսական կողմը ՀՀ ապերախտ դիրքորոշման պատճառով չդադարեցնի մեզ հետ համագործակցությունը, նրա տեղը պետք է կառուցել նոր էներգաբլոկ, բուն ենթակառուցվածքները մենք ունենք։ Բացի այդ, մենք ունենք նաեւ անձնակազմ, որի ուսուցումը շատ թանկ է, իսկ հայկական ատոմակայանի անձնակազմը համարվում է պրոֆեսիոնալ։ Մերոնք հաճախ են օգնության հասել ռուսական եւ այլ ատոմակայանների անձնակազմերի վերապատրաստմանը։
- Ի՞նչ կլինի, եթե մենք չկարողանանք մինչեւ 2036-ը համապատասխան քայլեր ձեռնարկել ու լուծել խնդիրը։
- Ստիպված կլինենք փակել գործող կայանը եւ անցնել հովհարային անջատումների։
- Ատոմակայանը վերագործարկվեց Ձեր վարչապետության օրոք, խոսենք դրա ռազմավարական նշանակության մասին։
- Անշուշտ, այն ռազմավարական նշանակություն ունի։ Օգտագործված վառելիքը հարյուր տոկոսով չի սպառում իր էներգատվությունը, եւ այն կարելի է օգտագործել նաեւ այլ նպատակներով։ Շատերը դա հարստացնում են եւ ստանում են նոր միջուկային վառելիք կամ օգտագործում են միջուկային զենքի արտադրության մեջ։ Ես ուշադրությամբ հետեւում եմ` այսօր Արարատ սարի վրա թուրքերը տեղադրել են հատուկ թնդանոթներ, նրանք տեղյակ են, որ մենք ատոմակայանի թափոնները տեղավորելու խնդիր ունենք։ Մեր ժամանակ, երբ վերագործարկվեց, կառուցվեց ատոմակայանի թափոնների գերեզմանոցը, որը հաջողությամբ գործեց շուրջ 20 տարի, բայց արդեն 6-7 տարի է՝ այդ գերեզմանոցում էլ տեղ չկա։ Այնպես որ, ծայրահեղ անհրաժեշտություն է միջուկային թափոնների նոր գերեզմանոց կառուցելը։