Նիկոլ Փաշինյանի հրահանգով ՔՊ խմբակցության պատգամավորները հարձակվեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի վրա, որին արդեն կալանավորելու սանկցիա էին տվել։ Հարձակումը հրահանգավորված էր, յուրաքանչյուրը նախապես գիտեր իր դերակատարումը՝ ով է առաջինը հարձակվելու, հետո ովքեր են միանալու, դահլիճից դուրս գտնվող ուժերը երբ են միանալու գործողությանը եւ այլն։ Սա Փաշինյանի գծած սցենարն է, նա կցանկանար, որ այդպիսի մենամարտեր լինեին ոչ միայն ԱԺ դահլիճում, այլեւ յուրաքանչյուր շենքի բակում, թաղում, գյուղում, քաղաքում, ամբողջ երկրում՝ ՔՊ-ական հրոսակները հարձակվեին ոչ ՔՊ-ականների վրա, ծեծ ու ջարդ կազմակերպեին, ոստիկանության եւ անվտանգության ուժերի ջոկատներն էլ գային ու պաշտպանեին ՔՊ-ականներին, ինքն էլ նստեր էկրանի առաջ եւ հիանար այդ տեսարաններով։ Միակ խնդիրն այն է, որ ամբողջ երկրի մասշտաբով նման վայրագություններ հրահրելու, երկիրը քաղաքացիական դիմակայության մեջ ներքաշելու համար ինքն այդքան ՔՊ-ական չունի, իր ունեցած ռեսուրսը բավարարում է միայն խորհրդարանի շենքում ընդդիմախոսների վրա հարձակումներ կազմակերպելու համար։
Բացարձակ բռնապետություն հաստատելու համար բանտարկությունները բավարար չեն, բռնապետության հիմնական հատկանիշը վախն է բռնապետից, վախը նրա ռեժիմի հնարավոր գործողություններից, ֆիզիկական գոյության վախը։ Մարդուն, քաղաքական ընդդիմախոսին բանտարկելով հնարավոր չէ ամբողջ հասարակությանը վախ ներշնչել, պահել վախի մթնոլորտում։ Մարդկանց մի մեծ զանգված բանտարկությունը չի համարում այնպիսի մի սարսափելի բան, հանուն որի կարելի է հրաժարվել սեփական հայացքներից կամ արժեքներից, մանավանդ որ տասնյակ մարդիկ արդեն գտնվում են կալանավայրերում։ Մարդկանց վախ ներշնչելու համար պետք է նրանց վրա հարձակումներ գործել, ծեծել, խոշտանգել, անարգել։ Դա պետք է անել հրապարակայնորեն, էկրանների առաջ, որքան հնարավոր է՝ ցինիկաբար, անպատիժ, որ շարքային մարդը տեսնի եւ մտածի, որ եթե ԱԺ պատգամավորն է ենթարկվում նման հարձակման, եթե ԱԺ պատգամավորին կարող են հրապարակայնորեն անպատիժ հարվածել, ապա ինչե՜ր կարող են անել իր հետ։
Փաշինյանին այլեւս չի հետաքրքրում հասարակական կարծիքը, ընդհանրապես՝ ցանկացած բռնապետ թքած ունի հասարակական կարծիքի վրա։ Բռնապետը ոչ թե մտածում է դրական հասարակական կարծիք ձեւավորելու մասին, ինչը, ըստ էության, անհնար է, ժամանակի եւ միջոցների անտեղի վատնում է, այլ աշխատում է լռեցնել հասարակական կարծիքը։ Հաջորդ քայլով նա արգելելու է ազատ մամուլը, արգելելու է հանրային դժգոհության ցանկացած դրսեւորում՝ հանրահավաք, երթ, ցույց։
Դրա համար կարող են օրինական հիմնավորում հռչակել այն, որ բոլոր այդ ցույցերը կամ հանրային միջոցառումները կազմակերպվում են ահաբեկչությանը եւ ահաբեկիչներին աջակցելու համար, որ մամուլի այդ միջոցները կամ սոցիալական ցանցերն օգտագործվում են ահաբեկչությունն արդարացնելու, իսկ որոշ դեպքերում՝ քարոզելու համար։ Ինչպե՞ս կարող է իշխանությունը նման բան թույլ տալ, պետք է ահաբեկչության ցանկացած դրսեւորում խեղդել հենց բնում։
Բայց նույնիսկ ծեծն ու խոշտանգումները, հանրային բողոքի միջոցառումների, ազատ խոսքի կամ կարծիքի արգելքը չեն կարող երաշխավորել լիակատար բռնապետության հաստատում։ Լիակատար բռնապետության հաստատման համար անհրաժեշտ է քաղաքական հակառակորդների սպանության կազմակերպում։ Հա, մարդը կարող է համակերպվել այն մտքի հետ, որ իր քաղաքական հայացքների համար իրեն կարող են հետապնդել, զրկել աշխատանքից, ազատությունից, նույնիսկ կարող են ծեծել ու խոշտանգել, բայց շատ քչերն են պատրաստ վտանգել իրենց կյանքը, զրկվել կյանքի իրավունքից։ Երկրում կատարյալ բռնապետություն հաստատելու համար պետք է մի քանի կամ մի քանի տասնյակ, գուցե՝ հարյուր մարդ սպանվի։
Յուրաքանչյուր բռնապետություն անցել է այս ճանապարհով, եւ Փաշինյանը եւս, բռնելով երկրում բռնապետության հաստատման ուղին, պետք է անցնի այդ ճանապարհով, գնա մինչեւ վերջ, այլապես բռնապետությունը կատարյալ չի լինի։ Հնարավոր է՝ ինձ հակադարձեն, թե ես չափազանցնում եմ, խտացնում եմ գույները՝ ամենեւին։ Քաղաքական սպանությունների կազմակերպումն արդարացնելու են նրանով, որ եթե իրենք չսպանեին, իրենց էին սպանելու, տեսեք` ահաբեկիչները ծրագրում էին մեզ ոչնչացնել, մի՞թե ավելի անվտանգ չէ, եթե մենք իրենց ոչնչացնենք։ Կարդացեք ենթադրյալ ահաբեկիչների ձեռքը կոտրելու կամ լեզուն չորացնելու մասին ՔՊ-ական սպառնալիքները եւ կհամոզվեք, որ ձեռքը ջարդելուց մինչը վիզը պոկելը մի քայլ է, լեզուն չորացնել հնարավոր է միայն ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով։
Օրինակ, Կամբոջայի ղեկավար Պոլ Պոտը, որը եւս իրեն հեղափոխական էր հորջորջում, գլխավորելով կարմիր կխմերների շարժումը, սպանեց իր ղեկավարած երկրի բնակչության առնվազն կեսին եւ գուցե մյուս կեսին էլ սպաներ, եթե նրա ձեռքը չբռներ ողորմածիկ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւը, որը դիմեց Կամբոջայի հարեւան Վիետնամի ղեկավարությանը` խնդրելով չեզոքացնել այդ երկրին պատուհասած աղետը, ինչը եւ տեղի ունեցավ։
Քանի դեռ Փաշինյանը չի անցել հաջորդ կարմիր գիծը, նրան պետք է կանգնեցնել, քանի դեռ նա չի չորացրել մարդկանց լեզուները եւ կոտրել ձեռքերը, պետք է բռնել նրա ձեռքը՝ նման բան թույլ չտալու համար։ Առայժմ նման հնարավորություն կա, դեռ կա։