Հասարակություն

Երբ անհանգստանալ երեխաների հաճախ հիվանդանալու առնչությամբ

Երբ անհանգստանալ երեխաների հաճախ հիվանդանալու առնչությամբ

«Հաճախ հիվանդացող երեխաներ» (ՀՀԵ) տերմինն ավելի շատ դիսպանսերային դիտարկման ենթակա երեխաների կլինիկական եւ վիճակագրական խումբ է եւ ներառված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջազգային դասակարգման մեջ։ Սա նշանակում է, որ այն մանկաբույժների կողմից չի դիտարկվում իբրեւ առանձին հիվանդություն, այլ ուղղված է սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) հաճախականության  եւ առաջնային իմունային անբավարարությունների միջեւ եղած հավանական կապի բացահայտմանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նման երեխաներին պահել մասնագիտական վերահսկողության եւ ծնողների ուշադրության կենտրոնում։ 

Հիմնական չափանիշներ
2026 թվականին առկա տվյալների համաձայն, ՍՇՀ-ով հիվանդացությունը տարբեր տարիքային խմբերում իրարից տարբերվում է եւ անհանգստանալու տեղիք է տալիս հետեւյալ դեպքերում։
• 1 տարեկանից փոքր երեխաների համար՝ տարեկան սուր շնչառական հիվանդության 4 կամ ավելի դեպք։
• 1-3 տարեկան երեխաների համար՝ տարեկան սուր շնչառական հիվանդության 6 կամ ավելի դեպք։
• 4-5 տարեկան երեխաների համար՝ տարեկան սուր շնչառական հիվանդության 5 կամ ավելի դեպք։
• 5 տարեկանից բարձր երեխաների համար՝ տարեկան սուր շնչառական վիրուսային վարակի 4 կամ ավելի դեպք։
Պետք է նշել, որ մանկապարտեզ հաճախող երեխաների պարագայում այս թիվը կարող է լինել տարեկան 8 անգամ, եւ եթե երեխայի մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդությունների, այն համարվում է նորմա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու Իմունային անբավարարության եվրոպական ընկերությունը (European Society for Immunodeficiencies) պարզապես ՍՇՀ-ների քանակը հաշվելու եւ ֆիքսելու փոխարեն խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել, այսպես կոչված, «կարմիր դրոշակներին», որոնք կարող են վկայել պաթոլոգիայի մասին։
1. Ծանրություն եւ բար­դություններ՝ տարեկան 2 կամ ավելի թոքաբորբի առկայություն, մաշկի կամ այլ օրգանների վրա կրկնվող աբսցեսներ (թարախակույտեր):
2. Բուժման արդյունավետություն՝ հակաբիոտիկների երկարատեւ (2 եւ ավելի ամիս), բայց ոչ արդյունավետ ազդեցություն։
3. Հիվանդության տեղայնացում՝ մեկ տարվա ընթացքում 8 կամ ավելի թարախային միջին ականջաբորբ կամ 2 անգամից ավելի ծանր սինուսիտ։
4. Պրոցեսի զարգացում՝  հաճախակի հիվանդանալու հետեւանքով երեխայի քաշի եւ հասակի ֆիզիոլոգիական ցուցանիշները սկսում են հետ մնալ տարիքային նորմերից։
Ներկայում բժիշկների մասնագիտական ուշադրությունը ՍՇՀ-ի քանակից տեղափոխվել է ապաքինման որակի վրա։ Եթե երեխան, հաճախակի հիվանդացության ֆոնին, ինքնուրույն եւ առանց բարդությունների ապաքինվում է 7-10 օրվա ընթացքում, ապա, ընդհանուր առմամբ, համարվում է առողջ։ 
Որոնք են երեխաների ՍՇՀ-ով հաճախակի հիվանդանալու պատճառները
1. Սոցիալական՝ մանկապարտեզ հաճախելու սկիզբ («հարմարվողականություն»), ընտանիքում պասիվ ծխելը, վատ էկոլոգիա։
2. Բժշկական՝ քրոնիկ վարակի չբուժված օջախներ (ադենոիդներ, տոնզիլիտ), վիտամին D-ի անբավարարություն, ալերգիկ ֆոն։
3. Իմունոլոգիական՝ իմունային համակարգի բնական անհասունություն, որը «մարզվում» է վիրուսների հետ շփման միջոցով։
Ի՞նչ պետք է անեն ծնողները
• Օդի հիգիենա՝ ննջասենյակում պահպանել 40-60% C խոնավություն եւ 18-22°C ջերմաստիճան։
• Պատվաստում՝ Ազգային օրացույցից բացի, խորհուրդ է տրվում պատվաստումներ կատարել պնեւմոկոկի, Haemophilus influenzae-ի եւ տարեկան գրիպի դեմ։
• Ռեժիմ՝ լավ քուն եւ ամենօրյա զբոսանքներ։
• Զննում՝ այցելություն քիթ-կոկորդ-ականջաբանին՝ ադենոիդների հիպերտրոֆիան բացառելու համար, եւ ալերգոլոգին՝ ալերգիկ ռինիտը բացառելու համար, որոնք հաճախ շփոթում են մրսածության հետ:

Ծովինար Պողոսյան
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image