«Երեւանում խնդիրները շատ են եւ գնալով շատանալու են, որովհետեւ քաղաքի բնակչությունն աճում է։ Արդեն 1 մլն 200 հազար մարդ կա»,- դեռ մեկ ամիս առաջ Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ քաղաքի բնակչության աճի հետ կապված՝ կան բազմաթիվ պրոցեսներ:
Բնակչության թիվը բնակավայրերի կենսագործունեության եւ զարգացման պլանավորման առանցքային ցուցանիշներից է, եւ հայտարարված ցուցանիշն արդեն այսօր որոշակի մտահոգության տեղիք է տալիս, հատկապես եթե հաշվի առնենք մայրաքաղաքում առկա բազմաթիվ հիմնախնդիրները՝ արդեն առկա եւ ելումուտ անող ավտոմեքենաների հսկայական քանակն ու հոսքերը, տրանսպորտային խցանումները, ավտոկայանատեղերի պակասը, գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի ոչ բավարար քանակը, կենցաղային եւ հեղեղատար կոյուղու անբավարար թողունակությունը, բնակելի շինարարության հսկայական ծավալը, կանաչ զանգվածների պակասը, եւ այդպես շարունակ:
Այժմ անդրադառնանք պաշտոնական որոշ փաստերի եւ տվյալների, որոնցից անմիջական կախվածություն ունի մայրաքաղաքի բնակչության ցուցանիշների փոփոխությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեի վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ Երեւանի բնակչության թիվը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 1 մլն 134 հազար մարդ:
Երեւանի 2006-2020թթ․ գլխավոր հատակագծով նախանշված բնակչության հաշվարկային թիվը 2020 թվականի համար ամրագրվել էր 1 մլն 200 հազար մարդ՝ հաշվի առնելով ենթակառուցվածքների եւ ռեսուրսների հնարավորությունները:
Երեւանի ավագանու 2024թ․ սեպտեմբերի 10-ի N204-Ն որոշմամբ հաստատված Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագծով ամրագրված չէ Երեւանի բնակչության աճի սահմանափակում, աղյուսակ 8․3-ում ընդամենը նշված է քաղաքի բնակչության թվի կանխանկարը 2030թ․ հունվարի դրությամբ, որպես իրատեսական տարբերակ նշվել է 1 մլն 112 հազար 113 մարդ, որպես լավատեսական տարբերակ՝ 1 մլն 141 հազար 474 մարդ:
Երեւան քաղաքի նոր գլխավոր հատակագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների համաձայն՝ Երեւանի մշտական բնակչության թիվը (ընդամենը) փաստացի (01.01.2024-ի դրությամբ) կազմում է 1 մլն 106 հազար 302 մարդ, իսկ հեռանկարային ցուցանիշը (2030թ․)՝ 1 մլն 112 հազար 113 մարդ:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023-ի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցում ասված է, որ 2024-ի տարեսկզբի դրությամբ Հայաստանում կառուցման տարբեր փուլերում է գտնվում առնվազն 87 հազար բնակելի միավոր (բնակարան եւ բնակելի տուն), որից շուրջ 42 հազարը՝ նոր մեկնարկած:
Շինարարության ծավալների մասին վիճակագրական տվյալների համաձայն՝ դրանց մոտ 60%-ը նախատեսված է Երեւանում, այսինքն՝ մոտ 52 հազար բնակարան, որտեղ նախատեսվում է բնակեցնել 182 հազար բնակիչ՝ 3․5 բնակիչ մեկ ընտանիքի հաշվարկով, ելնելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված «Հայաստանի բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրությունից»:
Այսինքն, ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականի հուլիսի դրությամբ ենթադրվում է, որ Երեւանի բնակչության թիվը մինչեւ 2030 թվականը կհասնի 1 մլն 134 հազար+182 հազար = 1 մլն 316 հազար մարդու: Բնականաբար, սա դեռ վերջը չէ, եթե հաշվի առնենք Երեւանի քաղաքապետարանի կողմից բազմաբնակարան եւ բազմահարկ բնակելի շենքերի շինարարության համար տրամադրվող թույլտվությունների շարունակվող քանակը:
Իսկ ովքե՞ր են ձեռք բերելու նորակառույց բնակարանները: Ըստ անշարժ գույքի գործակալությունների ուսումնասիրության՝ դրանց որոշ մասն ուղղված կլինի երեւանյան որոշ ընտանիքների բնակպայմանների բարելավմանը, որոշ մասը՝ որպես կապիտալ հետագայում վաճառքի նպատակով։ Ի դեպ, վերջին տարիներին սփյուռքահայերի կողմից բնակարանների գնումը խիստ նվազել է: Եթե նկատի ունենանք, որ նորակառույց բնակարանների զգալի մասը ձեռք կբերվեն Հայաստանի քաղաքացիների կողմից, ապա պետք է ենթադրել, որ այն իրականացվելու է հանրապետության մարզերում բնակվող համեմատաբար ապահովված խավի՝ Երեւան տեղափոխվելու հեռանկարով:
Հայաստանի կառավարության հիացմունքն առաջացնող բնակելի շինարարության ծավալները մայրաքաղաք Երեւանի համար ապահովում են քաղաքային տնտեսության կենսագործունեության եւ զարգացման պլանավորման գոյություն ունեցող կոլապսի արագընթաց զարգացումը:
Բնակարանաշինության ծավալների եւ բնակչության նման աճի տեմպերը ենթադրում են Երեւան քաղաքում արդեն ակնհայտ գոյություն ունեցող խնդիրների խորացում, ինչպես, օրինակ, տրանսպորտային ենթակառուցվածքների (հիմնականում՝ ճանապարհա-փողոցային ցանցի, ավտոկայանատեղերի) թողունակություն, հատկապես՝ քաղաքի կենտրոնում։ Ինժեներական ենթակառուցվածքների (գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, կոյուղաջրերի հեռացում, հեղեղատար կոյուղի) հզորության ապահովում։ Ինչպես նաեւ՝ հանրակրթական եւ նախադպրոցական նոր տեղերի անհրաժեշտ քանակի ապահովվածություն, Երեւանի կենտրոնի բեռնաթափման անհրաժեշտություն, Հայաստանի եւ Երեւանի անհամաչափ զարգացում, Երեւանի կենտրոնի կառուցապատման խտության ավելացում, որոնք գոյություն ունեցող խնդիրներն էլ ավելի են խորացնելու։