Ռուբեն Վարդանյանի որդին նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահին, որը մոտ օրերս այցելելու է տարածաշրջան, եւ կոչ արել՝ ադրբեջանական գերության մեջ գտնվող քրիստոնյա հայերին ազատ արձակելուն ուղղված քայլեր ձեռնարկել: Իր հորը չի առանձնացրել` դիմել է բոլորի համար: Թուրքիայում բնակվող մի կին էլ, որին, ըստ որոշ լուրերի, ՔՊ-ական իշխանությունն է հովանավորում, համացանցում մի նողկալի նամակ է տարածել` ուղղված Ռուբեն Վարդանյանի կնոջը` Վերոնիկային: Տգեղ որակումներով, փողոցային բառերով, գարշելի հեգնանքով: Դիվանագետների խորհուրդը, Ամերիկայի հայկական համագումարը, Վազգեն Մանուկյանը, մեծ թվով կազմակերպություններ ու գործիչներ վրդովված են Բաքվի հրեշավոր պահվածքից ու հրապարակված դատավճիռներից, իսկ ՔՊ կոչվող խառնամբոխից ոչ մի ծպտուն:
Նրանք նորից Եկեղեցու «միսն են ծամում», մեկը հայտնում է, որ ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներին, մյուսը Շվեդիայում գործուղման է, երրորդը դեռ Սարգիս Կարապետյանի հայտարարությունն է քննարկում, չորրորդն իբր պետական լեզվի համար է մտահոգված: Իսկ այն, որ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած հայ մարդկանց արդեն 2 տարուց ավելի խոշտանգում են Բաքվի բանտերում, «չեն նկատում»: Ահա՝ այսպիսի ծուռ հայելիների աշխարհում ենք հայտնվել մենք: Մեզ իրենց կյանքն ու վարքն են անհասկանալի, իրենց` մեր վրդովմունքն ու հույզերը: Եվ նորից Հայաստանում ունենք բեւեռացված ու տարբեր հոգսերով ապրող, միմյանցից անհաղորդ հասարակություն եւ իշխանություն: Ունենք կուշտ կերածների, մեր հարկերից սնվողների իշխանություն եւ երկրի դարդով տառապողների, հոգեկան անդորրը կորցրածների, անապահովների ու հուսահատների հասարակություն, որը չգիտի՝ ինչպես հաղթահարել այս հուսահատության ու դժվարությունների շրջանը: