(Սկիզբը նախորդ համարում)
ՄԱՍ 4
ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐ ՄԱՍԻՆ
Պետք է ռելսերին վերադառնալ
- «Փոսից դուրս գալու» մասին Ձեր թեւավոր արտահայտությունը պետության կարգավորիչ դերը մեծացնելու իմա՞ստ ուներ:
- Այդ փոխաբերությունը լավ էր ստացվել: Ես ասում էի. «Մենք փոսի մեջ ենք, ամպամած, մթամած երկինք է, պարան, աստիճան էլ չկա, մնում է ինքներս միմյանց օգնելով դուրս գանք ճգնաժամից»: Հասկանալի է, որ տարբեր գաղափարախոսություններ, դրանց հետեւող քաղաքական ուժեր իրավիճակից իրենց ելքերն են առաջարկում: Բայց կան կարգավորումներ, որ վիճաբանության առարկա չեն: Խորհրդային ժամանակներում դեպի ուր ենք գնում եւ ինչ միջոցներով` հայտնի էր: Այժմ մեր ընթացքը նմանվում է ռելսերից դուրս շարժման: Նախ պետք է ռելսերին վերադառնանք, որպեսզի պետության հիմնական կառույցները իրենց վերապահված գործառնությունները կատարեն: Դրանից հետո կարելի է ընտրություն կատարել «իզմ»-երի մեջ:
Երբ հիվանդին պետք է վիրահատել, պրոֆեսորները մի տերմին ունեն` ՏտպՐՈոպսՖվօռ դրություն, այն է` վիրահատությանը պատրաստ վիճակ: Նախապես հիվանդի ճնշումն են կարգավորում, արյուն են ներարկում, սրտի անխափան աշխատանքն են ապահովում եւ այլն, հետո միայն անցնում վիրահատության: Մեզ հարկավոր է, որ երկիրը գա կենսագործության մի մակարդակի, որտեղից ինչ «իզմ» էլ ընտրվի` հասարակության առաջընթացը չկասեցնի:
- «Իզմ»-ը կարծեք թե ընտրված է` լիբերալիզմ, շուկայական տնտեսություն...
- Շուկայական տնտեսությունը հենվում է ազատ մրցակցության վրա եւ անհատին պետք է ընձեռի իր ունակությունները բացահայտելու, իրացնելու հնարավորություն: Մինչդեռ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մարդիկ ոչ միայն իրենց նախասիրություններին կամ ընդունակություններին համապատասխան, այլեւ ընդհանրապես որեւէ աշխատանք դժվարությամբ են գտնում: Խորհրդային ժամանակներում գործազրկության խնդիր գոյություն չուներ, որովհետեւ միասնական տնտեսական համակարգ էր եւ միշտ էլ հնարավոր էր Հեռավոր Արեւելքում, Ղազախստանում կամ այլուր աշխատանք առաջարկել մարդկանց: Խնդիրը հանգում էր բնակչության ներքին տեղաշարժին:
Հայաստանը փոքր երկիր է եւ տեղաշարժերով զբաղվածության հարց չի լուծվում: Բայց կարելի է արտերկրում աշխատուժը օգտագործելու վերաբերյալ ծրագրեր կազմել: Այսօր թուրքական ընկերությունները Մոսկվայում կամ Պետերբուրգում շինարարություն են իրականացնում: Չէի՞ն կարող նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել հայ շինարարները, որ հազարամյա ավանդույթներ ունեն եւ դեռ խորհրդային ժամանակներից Ռուսաստանում արտագնա աշխատանքի փորձ:
Ինտելեկտուալ, գիտական ոլորտներում էլ հնարավորություններ ունենք մեր ներուժը արտերկրում օգտագործելու, բայց առայժմ հայաստանցիներն ավելի շատ առեւտրի ոլորտում են ներգրավված:
- Կարեն Սերոբիչ, նույնիսկ առաջին հայի մասին հիշատակությունը Ստրաբոնի պատմությունում առեւտրին է առնչվում. հայերը Եփրատով իջնում էին Բաբելոն` առեւտրի: Նյութական բարիքներ փնտրելը գուցե ազգային առանձնահատկություն է:
- Չէի ցանկանա իրավիճակի ազդեցությունը մարդկանց ապրելակերպի եւ գործունեության վրա ազգային առանձնահատկություն դիտել: Թեեւ փաստ է` աշխարհում բիզնեսի նախապայմաններն են միտք եւ ազնվություն: Հայաստանում նախապայման են դարձել միտք եւ խարդախություն: Իսկ ընդհանրապես շուկայական հարաբերությունները, ազատ մրցակցությունը տնտեսությունը զարգացնում են: Բայց հասարակության առաջընթացի համար նույնքան կարեւոր են իրավական դաշտը, արդարությունը եւ կարգուկանոնը, որոնք երաշխավորելը պետության գրեթե մենաշնորհն է:
Ժամանակին ես հաճախ էի ասում, թե Հայաստանը զարգացած պետություն է, մինչդեռ Ադրբեջանը եւ Վրաստանը զարգացող են: Ուղղակի այն ժամանակ կային ծրագրեր եւ արդյունաբերության ոլորտում, եւ գյուղատնտեսության, եւ մշակութային, որոնք հետեւողականորեն իրականացվում էին: Այսօր նույնպես հարկավոր են նպատակադրումներ եւ ծրագրեր: Բնականաբար բովանդակությունը լինելու է տարբեր: Օրինակ, կոմունիստներին, որոնք հույսեր ունեն կոլեկտիվ-գյուղացիական տնտեսությունները վերականգնել, ես ասում եմ, որ իրատես չեն. խորհրդային ժամանակներում Մոսկվայից ստացվող ֆինանսական միջոցներով էին ձեռք բերվում տեխնիկան, սերմացուն, տոհմային անասունները եւ դրվում կոլտնտեսության տրամադրության տակ: Հիմա ի՞նչ միջոցներով է այդ ամենը ձեռք բերվելու:
Գոյություն ունեցող խնդիրներին յուրաքանչյուր ժամանակ իր լուծումներն է առաջարկում: Բայց ինչ ժամանակ էլ լինի, լուծումներ գոյություն ունեն, եւ ի վերջո երեք միլիոն ժողովուրդն ի՞նչ է, որ չկարողանաս պահել:
Где хлеб, там и песня
- Ի՞նչ եք կարծում, Ձեր արտահայտությամբ «ռելսերին վերադառնալը» սկսվելու է քաղաքական դաշտի կարգավորումի՞ց, թե՞ պետական կառավարումը բարելավելուց:
- Երկուսն էլ կարեւոր են: Ինչը Հայաստանի քաղաքական դաշտում ինձ հատկապես դուր չի գալիս` անհանդուրժողական վերաբերմունքն է միմյանց հանդեպ: Մեկը գաղափար առաջարկի, բոլորն սկսում են քննադատել, այն էլ` մերժելու միտումով: Փոխանակ լսելու, խորհելու, արժեքավորը գտնելու, ինչ-որ տղայական կռիվներ են սարքում: Իսկ բացասական հույզերի կուտակումից դրական գործեր չեն ծնվի:
- Գուցե պատճառն այն է, որ Հայաստանում քաղաքական ուժեր ձեւավորվում են բնականին հակառակ ընթացքով: Ոչ թե գաղափարախոսություն-հայեցակարգ-ծրագրեր-իշխանություն, այլ ընդհակառակը` իշխանություն...
- Ընդհանրապես, կուսակցությունները պետք է ստեղծվեն գաղափարների շուրջ, նույնիսկ ոչ այդ գաղափարները մարմնավորող անձերի: Ես արժեքավոր չեմ համարում իշխանությամբ կուսակցություն ստեղծելը կամ ընդդիմության միավորվելը խարիզմատիկ անհատի շուրջ:
Ուղղակի մեզ մոտ մի իրականություն է ստեղծվել, երբ կուսակցությունը նրա առաջին դեմքի պրիզմայով են ընկալում:
- Ի դեպ, ՀԺԿ-ն էլ ընկալվում է Ձեր կերպարով:
- Ես դա գիտեմ եւ, իմիջիայլոց, կցանկանայի, որ իմ եւ ՀԺԿ-ի ռեյտինգները հավասարվեին, բայց ՀԺԿ-ի ժողովրդականությունը բարձրանալու եւ ոչ թե իմ հեղինակությունն իջնելու ճանապարհով: Իսկ կուսակցությունների մասին ավելի ճիշտ կլիներ դատել միջին շերտը կազմող անձանցով: Մեր կուսակցությունում այդ միջին շերտը կազմում են հիմնականում տեխնիկական մտավորականները, արդյունաբերողները, եւ, կարծում եմ՝ ինտելեկտուալ ներուժով մյուսներին չենք զիջում: Մենք մի առավելություն ունենք` խորհրդային ժամանակներից կուտակված կուսակցական կառույցներ ստեղծելու փորձառություն, որը ներդրվեց ՀԺԿ-ում: Կուսակցություններ կայացնելը ժամանակի եւ ավանդույթի հարց է, եւ մեր պատմության նախորդ շրջանի դրական ժառանգության պահպանումն արժեքավոր է:
- Ձեզ չի՞ թվում, որ ՀԺԿ-ի ժողովրդականությունն ինչ-որ չափով պայմանավորված է սպասումներով, թե այն ապագայում վերածվելու է իշխանության կուսակցության:
- Նման սպասումները չեն բացառվում: Ինչ-որ տեղ հայերի ազգային առանձնահատկությունն է` «Որտեղ հաց, այնտեղ` կաց» նշանաբանով առաջնորդվել: Մի տիպական միջադեպ պատմեմ: Կենտկոմում իմ պաշտոնավարության ժամանակ Բրեժնեւի հեղինակած գրքերից մեկը թարգմանվում էր հայերեն, եւ նախազգուշացրել էի, որ ազդօրինակը բերեն ինձ: Բերեցին: Բնաբանը ռուսերենով հնչում էր. «Где хлеб, там и песня»: Հայերեն թարգմանել էին. «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Ծիծաղից թուլացել էի` նույնիսկ թարգմանելիս ազգային մտածողությունը արտահատվում է:
Բայց ՀԺԿ-ն ստեղծվել է ոչ թե ինչ-որ անձանց ինչ-որ պաշտոնների բերելու համար, այլ որպեսզի հասարակությանն առաջարկվեն ծրագրեր: Դրանց ընդունելություն գտնելու դեպքում վստահության քվե ստանանք՝ կատարելու քայլեր եւ ներկա սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակից դուրս գալու: Հասարակության հավանությունը մեր գաղափարներին եւ ծրագրերին հենց այն սպասումն է, որ պետք է ունենա ՀԺԿ-ի յուրաքանչյուր անդամ:
- Իսկ ներկուսակցական կյանքում խորհրդային ժամանակների սովորույթները վերակենդանանո՞ւմ են:
- Ընդհանրապես անցյալի հանդեպ պետք է ունենալ ընտրողական վերաբերմունք: Բարեմասնությունները պետք է պահպանել եւ ընդօրինակել, իսկ թերություններից հրաժարվել: Նույն կոմունիստական կուսակցության կյանքում սկզբնական կառույցների ժողովների պրակտիկան գնահատելի էր: Հիմա խոսում է մամուլը, բայց դա լայն խավերում արձագանք չի գտնում: Այն ժամանակ մամուլը միօրինակ էր, փոխարենը գոյություն ունեին կուսակցական ժողովներ, որտեղ մարդիկ արտահայտվում էին: Ինչ-որ տեղ նույնիսկ զավեշտական էր, երբ տեսնում էին, որ Կենտկոմից ներկայացուցիչներ էին մասնակցում ժողովին, համարձակություն էին ձեռք բերում սեփական ղեկավարներին քննադատելու:
Կային եւ դոգմատիկ դրվածքներ, որ ժպիտ էին հարուցում: Օրինակ, դատական պատասխանատվության ենթարկվելու դեպքում անձը նախապես հեռացվում էր կուսակցության շարքերից: Այն ժամանակ էլ ասում էի` որեւէ մեկը սթափ վիճակում ավտոմեքենան վթարի կենթարկի՞, առանց այդ էլ մարդը նյութական վնաս է կրել, դրան էլ ավելացնել կուսակցությունից հեռացնելու պատի՞ժը: Ինձ հակաճառում էին. «Կարեն Սերոբիչ, իսկ հնարավո՞ր է, որ դատված կոմունիստ լինի»: Ստիպված էի տեղի տալ, որովհետեւ կուսակցությունում դատապարտված անձինք չպետք է լինեին` բոլորը «սուրբ էին»:
Միտումի սխալ թույլ չեմ տվել
- Կարեն Սերոբիչ, ֆուրորը Ձեր անձի շուրջ ինչպե՞ս եք բացատրում: Նյութական դժվարությունները կարոտախտ են ստեղծել, եւ Դուք ավելի բարեկեցիկ ժամանակների խորհրդանի՞շն եք:
- Ես չեմ կարծում, թե նյութական ապահովության կարոտախտն է խոսում: Նաեւ չեմ կարծում, թե մարդիկ ինձ սիրում են, որովհետեւ համակրելի դիմագծեր ունեմ: Պարզապես նրանք հիշում են, որ ես Կենտկոմում պաշտոնավարության տարիներին արել եմ այն, ինչ խոստացել եմ, եւ արել եմ արժանապատվորեն:
Իմիջիայլոց, այն ժամանակ էլ էին ինձ սիրում: Երբ նշանակվեցի Կենտկոմի առաջին քարտուղար, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ ամբողջ դահլիճը ժպիտներից ու համակրանքի ցույցերից ծփում էր: Նախ երիտասարդ էի, մինչդեռ ղեկավարները սովորաբար լինում էին տարեց: Եվ երեւի իմ ավյունը, ծրագրերը հույսեր էին ներշնչում: Հիմա հետադարձ հայացքով կարող եմ ասել, որ իմ կյանքի գործն արել եմ եւ սխալներ թույլ չեմ տվել:
Իհարկե, երբ մի քանի շենք վատ է կառուցվում, կամ արդյունաբերության մեջ թերություններ են բացահայտվում, դա էլի վատ է, բայց էականն առաջընթացի ուղղությունն է: Հետահայաց նայելով, հանգիստ խղճով կարող եմ գնալ այն աշխարհ, որովհետեւ միտումի սխալ թույլ չեմ տվել:
- Իսկ երկրորդ անգամ իշխանության եք գալիս անցյալը վերադարձնելո՞ւ, թե՞ նոր իրականությունում իբրեւ առաջնորդ վերակերտվելու:
- Ես այս երկրում արդեն ղեկավարել եմ եւ կցանկանայի իբրեւ քաղաքացի ապրել: Շատ ավելի հասարակական ճնշումն ինձ եւ պահանջն ինձ ստիպեցին վերադառնալ քաղաքականություն: Ինչ-որ տեղ էլ դժվար է տեսնել, որ քանդվում է այն, ինչ ստեղծել ես: Մի կողմից իմ փորձառությունը ղեկավարելու, մյուս կողմից հասարակության վստահությունն իմ հանդեպ հիմք են տալիս մտածելու, որ հնարավոր կլինի անկման ընթացքը կասեցնել:
Իսկ իբրեւ իշխանություն ունեցած մարդ՝ ես չեմ պատկերացնում, թե ժողովրդի սերը վայելելուց ավելի ինչի՞ կարելի է ձգտել: Եթե ձգտում են կարողության, դրա համար տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվել, եթե ձգտում են իշխանության` պետք է տալ. իշխանության պատասխանատվությունը ցանկացածին կհամեստացնի եւ հավակնությունները կչափավորի: Իսկ պետական գործիչը պետք է կարողանա ղեկավարել այնպես, որ հասարակությունը դա բարօրություն համարի եւ հարգանքով ու գնահատությամբ վերաբերվի: Իմ վերադարձը ցույց տվեց, որ հասել եմ նրան, ինչից ավելին դժվար է պատկերացնել` անցած կյանքի ուղիով ժողովրդի սիրուն արժանանալ եւ այն պահպանել:
1998թ.