Քաղաքականություն

Մեր ընթերցողների մեջ հիմարներ չկան

Մեր ընթերցողների մեջ հիմարներ չկան

Նույնիսկ Հայոց բանակի օրը չանցավ առանց էժանանգին մանիպուլյացիաների և մարդկանց  խաբելու։ Այս առիթով հիշեցի մի առակ։

Մի վաճառական խանութ էր բացել, և նրա մոտ հաճախ էր գալիս հայտնի մի ավազակ՝ իր որդու հետ։ 
Նրանք նրա մոտից գնում էին հաց, աղ և մոմեր։ Երբ վաճառականի հարևանները հարցնում էին, թե ինչու է նա այդքան հանգիստ և արդյոք չի՞ վախենում ավազակից և չի՞ մտածում սուր գնելու մասին, վաճառականը մշտապես նույն պատասխանն էր տալիս․
- Ինչո՞ւ վախենալ ավազակից։ Ես նրան պետք եմ․ նա ինձանից հաց է գնում, իսկ նրա որդուն դուր է գալիս իմ աղջիկը։ Քանի դեռ նա ինձանից սնունդ է գնում, ինձ ոչինչ չի անի։ Եւ առհասարակ, բավական է կռիվ անել ավազակի հետ, նա բանական մարդ է և նույնպես ուզում է հանգիստ ապրել։
Առևտուրն է իմ սուրը՝ ինձ պաշտպանելու համար,-ասաց վաճառականը։
Բայց մի օր ավազակը եկավ, սպանեց վաճառականի կնոջն ու մորը, իսկ նրա որդուն պատվազրկեց և սպանեց վաճառականի դստերը։
Մինչ ավազակի դանակից մահանալը, վաճառականը ապշած հարցրեց․
- Ինչո՞ւ ես ինձ սպանում, ես չէ՞ որ քեզ հաց էի վաճառում։
Ավազակը պատասխանեց․
- Վաճառական, երևի դու լիակատար հիմար ես, որովհետև այդպես էլ չհասկացար․ եթե ես կարող եմ քեզանից խլել քո խանութը և պղծել քո դստերը, ինչո՞ւ պիտի քեզ փող վճարեմ, երբ կարող եմ պարզապես ամեն ինչ վերցնել քեզնից։

Երբեք, լսո՞ւմ եք՝ երբեք առևտուրը կամ տնտեսությունը չեն կարող լինել անվտանգության երաշխիք։
Իսկ նա, ով ձեզ ասում է, թե «մեզ սուր պետք չէ, մենք կարող ենք ավազակի հետ առևտուր անել և դրանով ապահովել մեր անվտանգությունը», կամ անմեղսունակ է, կամ էլ ավազակի նվիրյալ  ծառան։
Հուսով եմ՝ այս առակը հասկացվեց, ընթերցողների մեջ հիմարներ չկան։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image