Բաքվի վերաքննիչ դատարանում երեկ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների «գործով» շինծու դատավարությունը։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Դրանց փոխանցմամբ, նախ խոսքը տրվել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Նա շարունակել է իր պաշտպանական ճառը, որը սկսել էր մեկ շաբաթ առաջ կայացած նիստում, և կրկին հայտարարել, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։
Իրենց մեղավոր չեն ճանաչել նաև Գարիկ Մարտիրոսյանը և Գուրգեն Ստեփանյանը։ Սակայն ըստ ադրբեջանական աղբյուրների` Մարտիրոսյանը «պաշտպանը» պահանջել է զուտ մեղմացնել մեղադրանքը։
Լևոն Բալայանը և Գուրգեն Ստեփանյանը դատարանին խնդրել են, որ իրենց նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվի։
Հաջորդ նիստը կկայանա հունիսի 30-ին։
Հիշեցնենք` Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: