Քաղաքականություն

«Հրապարակ». Երբ որ Նաիրի Սարգսյանը գործից դուրս եկավ, այդ ժամանակ ես իրեն առաջարկեցի գալ մեզ մոտ

«Հրապարակ». Երբ որ Նաիրի Սարգսյանը գործից դուրս եկավ, այդ ժամանակ ես իրեն առաջարկեցի գալ մեզ մոտ

Մենք հարցազրույց էինք հրապարակել սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսայի՝ GTB Holdings-ի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, որտեղ նա խոսում էր Սարգսյանների ընտանիքի, Վազգեն Սարգսյանի կիսանդրին Շուշիից հանելու, նաեւ կառավարության կազմի եւ իշխող թիմի մասին։ Նա Փաշինյանի գլխավոր մեղքը համարում է կադրային սխալները։ «Նիկոլ Փաշինյանը նույնպես ունի իր մեղավորությունը․ դա քաղաքական թիմն է՝ առաջինը։ Այսինքն՝ չկա մարդ, որ մեղավոր չլինի։ Ես՝ անձամբ, էս իշխանությունների մասով ունեցել եմ որոշակի քննադատություններ, առաջին հերթին՝ թիմի մասով։ Վստահ եմ՝ իրենք էլ են ունեցել, դրա համար փոխվել է մի քանի պաշտպանության նախարար, մի քանի ԱԱԾ տնօրեն»,- ասել էր Տեր-Ղազարյանը։

Ուշագրավ է, սակայն, որ Գրիգոր Տեր-Ղազարյանն իրեն որպես բիզնես-պարտնյոր է ընտրել Նիկոլ Փաշինյանի ամենամտերիմ թիմակիցներից մեկին՝ վարչապետի երբեմնի օգնական Նաիրի Սարգսյանին, որի եղբայրն էլ պատգամավոր Հայկ Սարգսյանն է։ Նաիրին 2022 թվականի հունվարի 26-ին ազատվեց պաշտոնից եւ որոշ ժամանակ Դուբայում հանգստանալուց հետո հայտարարեց, թե որոշել է զբաղվել բիզնեսով։ Հետագայում նա աշխատանքի է անցել Գրիգոր Տեր-Ղազարյանի ղեկավարած ընկերությունում, ով, ինչպես գրել ենք, Կոմիտասի շուկան է վերցրել եւ շինարարական մեծ պրոյեկտ է իրականացնում։

Հարցրինք նրան՝ Նաիրի Սարգսյանն է՞լ է այդ մեղավորների ցանկում։ «Երբ որ ես ասում եմ՝ մեղավոր, ես չեմ մեղադրում անհատներին։ Եթե ես, լինելով երկրի առաջին դեմք, իմ ամենամոտ ընկերոջը նշանակեմ արտաքին գործերի նախարար, բայց ինքը լինի բանվոր, դա չի նշանակում, որ իմ ընկերը վատն է։ Դա նշանակում է, որ ես սխալ որոշում եմ կայացրել եւ հա՛մ իրեն եմ «փչացնում», հա՛մ իր կառույցը»,- Փաշինյանի կադրային քաղաքականությունը փորձեց արդարացնել Արմեն Սարգսյանի փեսան։

Ապա ասաց․ «Ինչ վերաբերում է Նաիրի Սարգսյանին, ես նրան ճանաչել եմ հեղափոխությունից հետո՝ իրենց ընտանիքի մի շատ հարազատ մարդու միջոցով, որն իմ ավագ ընկերն է նաեւ, եւ անձնական ունեմ լավ հարաբերություններ ե՛ւ Նաիրիի հետ, ե՛ւ իր եղբոր՝ Հայկի հետ, ե՛ւ բոլորի հետ։ Ես, ընդհանրապես, նախկին իշխանությունների ներկայացուցիչներից էլ շատ մոտ ընկերներ ունեմ, որոնց հետ մինչեւ հիմա ընկերություն եմ անում բաց ձեւով․․․։ Ես նույնիսկ իմ ընկերների մասով եմ ասում, որ սխալ նշանակումներ են անում, որ ինքն էս պաշտոնին չպիտի լիներ»։
Հարցին, թե ինչ է անում Նաիրի Սարգսյանն իր ղեկավարած հոլդինգում, Գրիգոր Տեր-Ղազարյանն ասաց․ «Նաիրիի հետ իմ համագործակցությունն սկսվել է, երբ որ Նաիրին գործից դուրս եկավ, այդ ժամանակ ես իրեն առաջարկեցի գալ մեզ մոտ, որովհետեւ ես տեսել եմ, թե ինքը ոնց է աշխատում վարչապետի մոտ։ Էսօր ամենամեծ պրոբլեմը Հայաստանում ոչ թե գործ չլինելն է, այլ լավ կադրեր ունենալն է։ Այսօր լավ կադրեր չկան։ Չկան կրթված մարդիկ, չկան աշխատաոճ ունեցող մարդիկ։ Եվ տեսնելով Նաիրիի մոտ էդ ամեն ինչը, երեք տարի է՝ տեսնում էի, թե Նաիրին ոնց է աշխատում, իմ մոտ ցանկություն առաջացավ, որ ես կուզեի նման աշխատակից ունենալ, որը կկարողանա ամեն ինչ կազմակերպել։ Այսինքն՝ դա ոչ մի քաղաքական ենթատեքստ չի ունեցել»։

Գրիգոր Տեր-Ղազարյանի խոսքով՝ Նաիրի Սարգսյանն իր ղեկավարած հոլդինգում տնօրենի գլխավոր խորհրդականն է, կուրացիա է անում իրենց նախագծերից երեքի իրականացումը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image