Երեւան-Իջեւան, Իջեւան-Երեւան միկրոավտոբուսային երթուղու վարորդները դժգոհում են, որ վերջին շրջանում իրենք Երեւանից Իջեւան եւ հակառակ ուղղությամբ մեկնում են քիչ քանակի ուղեւորներով, քանի որ երթեւեկող մեքենաների քանակը պահանջարկից ավելի է, եւ երթուղին հագեցած է այն սպասարկող տաքսի ավտոմեքենաներով։ Դրանցից մեկը, որը 7 տեղանոց միկրոավտոբուս է սպասարկում, համացանցում տեղադրել է օրվա տարբեր ժամերին իր ուղերթների ժամերը։ Երեւան-Իջեւան եւ հակառակ ուղղությամբ գործող միկրոավտոբուսների վարորդները կասկածում են, որ գծում աշխատող տաքսիստները հարկային դաշտում չեն գործում, այսինքն՝ առկա է անհավասար մրցակցություն։ Նրանք ասում են, որ ուղեւորների թվի նվազման պատճառով հասարակական տրանսպորտի այդ երթուղին կարող է փակվել, ինչից կտուժեն ուղեւորները, հատկապես` անապահովները, որոնք տաքսիներով երթեւեկելու հնարավորություն չունեն։
Ի դեպ, միկրոավտոբուսի ուղեվարձը Իջեւանից Երեւան 1500 դրամ է, 7 տեղանոց միկրոավտոբուս-տաքսու ուղեվարձը՝ 2 հազար դրամ, իսկ տաքսիներով, երբ 4 ուղեւոր է հավաքվում, ուղեվարձը 2 հազար 500 դրամ է: